Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեւ Երեւանը» ահազանգում է. ԲՀԿ-ն մարդկանց խոստանում է դիմում գրել, գումար տալ

Ապրիլ 30,2013 11:50

«Այս քարոզարշավն ընտրախախտումների առումով ոչնչով չի տարբերվում նախկին քարոզարշավներից»,- այսօր «Սլաք» ակումբում հայտարարեց «Բարեւ Երեւան» դաշինքի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Դավիթ Սանասարյանը: Նրա գնահատմամբ՝ պարբերաբար խոչընդոտում են իրենց քարոզարշավները, հոսանքազրկում են, ընդդիմանում են: Իսկ այդ խոչընդոտները, ըստ Դավիթ Սանասարյանի վկայում են այն մասին, որ «գելափների եւ Ադիբեկյան» սոցհարցում անողների արդյունքներին չեն հավատում հենց իրենք՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչները, որ այդքան խառնվել են իրար:

Անդրադառնալով ընտախախտումներին՝ նա նշեց. «Շատ են ահազանգերը, որ երկու քաղաքական ուժի կողմից ընտրակաշառք է բաժանվում: Երեկ մի քանի ահազանգ է եղել ԲՀԿ-ի հետ կապված, դիմումի հիման վրա խոսք են տալիս գումարներ փոխանցել: Նաեւ ՀՀԿ-ի կողմից են լինում նման դեպքեր: Ինձ համար զարմանալի է, որ ընտրախախտումների մասին խոսում են ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը: Փաստերը շատ են, որ տարբեր գյուղերում, տարբեր քաղաքնեում իր ռեսուրսներով նույն ինքը՝ ԲՀԿ-ն է խախտումներ անում: Եվ ոստիկանները մի կողմից Ծառուկյանի ճանապարհը փակում են, որ տեսնենք՝ իրենք ինչքան լավ են աշխատում, մյուս կողմից ես մտածում եմ՝ ԲՀԿ-ի ահազանգերից իրենք էլ են շատ լավ տեղյակ, գոնե մի դեպք կարող էին բացահայտել»: Մենք ճշտեցինք՝ այսինքն ԲՀԿ-ն առաջարկում է ցանկացածի դիմում գրել, ինչ-որ իքս գումար նշել եւ իրենք խոստանում են ընտրություններից հետո տա՞լ այդ գումարը՝ Դավիթ Սանասայանը պատասխանեց. «Ամեն ընտանիքին 20-30 հազար դրամ գումար են տալիս, կա որ ասում են՝ դիմումը գրեք ընտրություններից հետո կտանք: Մարդիկ ասում են, որ մեզ առաջարկել են: Այդ մարդիկ վախենում են հրապարակավ խոստովանել դա:»:

Aravot.am-ի հարցին՝ դուք ֆեյսբուքով հայտարարություն եք տարածել, որ ով քաջ է, խիզախ է, հեռախոսահամար եք թողել, որ կապվի եւ դառնա ձեր վստահված անձը: Նախագահական ընտրություններին նույնպես այդպես մարդիկ էիք հավաքել, հետո պարզվեց, որ լցոնում անողներն ունեին Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձի վկայական: Նախկին փորձը հաշվի չե՞ք առնում, նորից նույն ճանապարհո՞վ եք գնում: Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Մենք աշխատում ենք վստահել: Հնարավոր է որոշ դեպքեր լինեն, հենց կնկատենք ինչ-որ խնդիր կա, այդ մարդուն տեղամասից կհանենք»:

Դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն էլ ասաց, որ քարոզարշավից մինչ օրս հայտնաբերել են շուրջ 50 խախտում՝ ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից կատարված, նաեւ ոստիկանների կողմից, որոնք նկարահանում էին քարոզարշավային հանդիպումները՝ առանց համազգեստի: Նա պատմեց, որ Էրեբունի համայնքի Ազատամարտիկների փողոցի խանութների վրա փակցված Տարոն Մարգարյանի պաստառների մասին երբ հարցրել են, վաճառողները վստահեցրել են, որ թաղապետարանից են իրենց ասել, որ փակցնեն: Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ սա վկայում է այն մասին, որ թաղապետարանները դարձել են ՀՀԿ-ի նախընտրական շտաբեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930