Լրահոս
Օրվա լրահոսը

«Իզուր չէի երկու տարի սպասում նարնջագույն վարդերիս». Լիկան երջանիկ է

Մայիս 17,2013 17:42

 

Գրեթե յուրաքանչյուր սիրահար զույգ ունի իր սիրո «խորհրդանիշը» կամ թեկուզ մի արտահայտություն, մի իր, վայր… որը զույգին հիշեցնում է միմյանց սիրո մասին: Արմենի ու Լիկայի սիրո խորհրդանիշն էլ նարնջագույն վարդերն են. «Առաջին անգամ ծննդյանս օրն ենք հանդիպել, և նա ինձ առաջին անգամ նարնջագույն վարդեր է նվիրել», – պատմում է Լիկան: Ծննդյան 20-ամյակն էր, և երբ Լիկան զանգահարել էր ընկերուհուն՝ տարեդարձին հրավիրելու, նա ասել էր, որ իր եղբայրն է եկել իրենց հետ ապրելու, և չի կարող նրան մենակ թողնել, Լիկան էլ առանց վարանելու, ասել է՝ նրան էլ քեզ հետ բեր: Այդպես էլ եղավ, ընկերուհու հետ միասին ծննդյան արարողությանը մասնակցելու եկավ նաև Արմենը, ով այդ օրը դեռ միայն ընկերուհու եղբայրն էր: «Նույն օրը, երբ հյուրերն արդեն գնացել էին, կեսգիշերին մի քանի րոպե էր պակաս, երբ հեռախոսս է զանգում, վերցնում եմ, Արմենն է.  «Առաջինը շնորհավորել չկարողացա, բայց ուզում եմ վերջինը լինել», – ասում է նա, ես էլ ժպտում եմ անակնկալի եկած ու շնորհակալություն հայտնում», – պատմում է Լիկան: Առաջին զանգին հաջորդում է երկրորդը, առաջին նարնջագույն վարդին՝ նույնպես: Արդեն ավանդույթ դարձած, յուրաքանչյուր ամսվա նույն օրը Լիկան նարնջագույն վարդեր էր ստանում, ասում է. «Միշտ չեմ սիրել վարդը, բայց հիմա այն ամենագեղեցիկ նվերից էլ լավն է ինձ համար»:

Վարդերի թիվը կարող էր հազարապատկվել, եթե միայն Արմենը չգնար զինվորական ծառայության: Շուրջ երկու տարի Լիկան նարնջագույն վարդեր չի ստանում, Արմենի հետ էլ ոչ այնքան հաճախ է զրուցում հեռախոսով, ինչպես ասում է՝ միայն հասցնում էր իմանալ Արմենի որպիսությունը: Այդ երկու տարին դժվար էր և՛ Արմենի համար, և՛ Լիկայի, սակայն սիրահարված մարդը միշտ էլ համբերատար է լինում, և պատրաստ հաղթահարելու ցանկացած խոչընդոտ:

«Մի օր աշխատանքից տուն վերադառնալով՝ տեսնում եմ սեղանի վրա նարնջագույն վարդեր, սիրտս անկախ ինձանից սկսում է արագ զարկել, զարկերը կրկնապատկվում են, երբ սենյակից դուրս է գալիս Արմենը, – պատմում է Լիկան, – ուրախություն, հուզմունք… ամեն ինչ խառնվում է իրար, անբացատրելի զգացում է»: Սա դարձավ Լիկայի ամենաանմոռանալի անակնկալը, թեև անակնկալները դրանով չավարտվեցին. ամիսներ անց Արմենը հերթականն է ծրագրում: «Աչքերս փակեց ու տարավ ինձ մի հրաշալի վայր՝ բնության գրկում, աչքերս բացելուն պես հաճելիորեն զարմացա. հիանալի տեսարան էր, – ասում է Լիկան, -բայց պարզվում է դա ամենը չէր, հետո Արմենը բռնեց ձեռքս, ամուսնության առաջարկ արեց ու մատանի դրեց մատիս, ես ուղղակի չգիտեի՝ ի՞նչ խոսել, արցունքներս ամեն ինչ ասում էին»:

Արդեն մի քանի ամիս է՝ Լիկան ու Արմենը նշանված են, շուտով պատրաստվում են ամուսնանալ. Լիկայի խոսքով՝ նրանք հաճախ են վիճել, բայց երբ հիշում էր իր նարնջագույն վարդերը՝ բարկությունը հօդս էր ցնդում. «Իզուր չէի երկու տարի սպասում նարնջագույն վարդերիս, – ասում է Լիկան ու ավելացնում, – ես սիրում եմ նրան ամեն մեկից ու ամեն ինչից առավել»:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031