Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջողակ մարդկանց» պաշտամունքը

Դեկտեմբեր 27,2023 14:00

Արդյո՞ք կյանքը միայն մրցակցություն է եւ պայքար

Եթե համացանցում հավաքեք «հաջողակ մարդիկ» (successful people) բառակապակցությունը, ապա որոնման համակարգը ձեզ կբերի հազարավոր կայքեր, որոնք կառաջարկեն որոշակի միջոցներ, սովորույթներ, հնարքներ (traits, routine, habits, tips): Այդ միջոցների ու սովորույթների քանակը նման տեքստերում սովորաբար տատանվում է 5-ից 20-ը,  դրանք պարտադիր համարակալված են, իսկ թվերն անպայման հայտնվում են վերնագրերում: Դա տարածված խայծ է, որը տրվում է ընթերցողին՝ ընդամենր 5 կամ 10 «սովորույթ», եւ դուք հաջողակ կդառնաք:

Ի դեպ, մեր ժամանակաշրջանը կարելի է անվանել «հեշտ լուծումների» կամ «հակիրճ շարադրանքների» դար: Դուք, իհարկե, հանդիպել եք տեսագրությունների, որոնք վերնագրված են, օրինակ՝ «Կանտի փիլիսոփայությունը՝ 5 րոպեում»: 5 րոպե լսում եք բանախոսին, եւ քյոնիգսբերգյան մտածողի ամբողջ ստեղծագործությունը ձեր համար պարզ է դառնում: Թե ինչպե՞ս է նման «գիտելիքը» կիրառվելու, կարող եմ միայն ենթադրել: Գուցե ուսանողներն այդպես են դաս պատասխանում կամ էլ երիտասարդները ինչ-որ միջավայրում փայլում են «խելացի բառերով»:

Հաջողության եւ, համապատասխանաբար, երջանկության «tips»-երը նույնքան պարզունակ են: Որպես կանոն՝ դրանք ապրելակերպի հետ կապված խորհուրդներ են, որոնց օգտակարությունն ինքնին կասկած չի հարուցում՝ արթնանալ վաղ առավոտյան, մարզանք անել, առողջ սնվել, սոցցանցերից կախում չունենալ, զարգացնել ինքնակարգապահութունը (self-discipline) եւ այլն: Հետաքրքիր է, թե ինչով է սովորաբար հիմնավորվում այդ խորհուրդների օգտակարությունը՝ նրանով, որ այդպես են ապրում հաջողակ մարդիկ, ենթադրենք, Բիլ Գեյթսը, Ուորեն Բաֆեթը կամ Օփրա Ուինֆրին:  Առավոտյսն եգիպտացորենի փաթիլներ կերեք, եւ միլիոնատեր կդառնաք:

Ո՛չ վերը հիշատակված մեծահարուստների, ո՛չ էլ առողջ ապրելակերպի դեմ ես, բնականաբար, ոչինչ չունեմ: Ինձ դուր չի գալիս բոլոր հարթակներից մարդկանց վզին փաթաթվող «հաջողակ լինելու» իդեալը: Եվ ավելին (գուցե իմ ասածը տարօրինակ հնչի)՝ արդյո՞ք հաջողակ լինելը պետք է լինի մարդու հիմնական ձգտումը:

Պատկերացրեք հեռավոր գյուղում աշխատող մի ուսուցչի, որը դասավանդում է 10 աշակերտ ունեցող դպրոցում: Բոլոր քաղքենիական (առաջ կասեին՝ բուրժուական) չափանիշներով նա հաջողակ չի՝ չունի մեքենա, ընդարձակ բնակարան, սոցցանցերում հազարավոր հետեւորդներ եւ բաժանորդներ: Գուցե նա ինքն էլ իրեն հաջողակ չի համարում, եւ դա իրեն պետք էլ չի: Նա անում է իր գործը, եւ եթե լավ է անում, այդ գործը մարդկության համար ավելի կարեւոր է, քան որեւէ celebrity-ի նախաճաշելը կամ լողավազան գնալը, որոնց վերաբերյալ ինսթագրամում մի քանի տասնյակ նկար է տեղադրված:

«Հաջողության գաղտնիքների» վերաբերյալ գրվել են հարյուրավոր գրքեր: Խորհրդային շրջանում հայտնի էին մի քանիսը: Դեյլ Քարնեգիի «դեղատոմսերն» այս առումով դարձել են դասական: «Հաջողության» թեմայով դասախոսները  եւ «քոուչները» (մարզիչները) սիրում են վկայակոչել Նապոլեոն Հիլի «Մտածիր եւ հարստացիր» գիրքը: Իսկ 1989 թվականին լույս է տեսել Սթիվեն Բովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» («7 habits of highly effective people») բեսթսելերը. 38 լեզուներով թարգմանված գիրքն այս տարիների ընթացքում վաճառվել է 15 միլիոն օրինակով: Իր «Կյանք եւ ազատություն» գրքում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վկայակոչում է Բովիին՝ ցույց տալու համար, թե որքան է ինքը՝ Քոչարյանը, արդյունավետ եղել իր կյանքում:

Բիզնեսմենների, իրենց առջեւ հարստանալու նպատակ դնողների համար այդ habits-ները, կարծում եմ, իսկապես օգտակար են: Բայց արդյո՞ք մոլորակի բոլոր մարդիկ պետք է ձգտեն բիզնեսմեն դառնալ, արդյո՞ք դա աշխարհում ամենահարգված մասնագիտությունն է: Եթե ընդլայնենք հարցը՝ արդյո՞ք կյանքը միայն արեւի տակ տեղի համար պայքար է եւ մրցակցություն:

…Վերջերս ԱՄՆ-ում սոցիոլոգիական հարցում է անցկացվել: Երիտասարդներին տրվել է երկու հարց՝ 1/ ի՞նչ է նշանակում «լավ մարդ», 2/ ի՞նչ է նշանակում «ռեալ մարդ»: Առաջինի տակ մեծամասնությունը հասկանում է՝ «բարի», «ներողամիտ», «օգնության ձեռք մեկնող»: Երկրորդ պատասխանն առաջինից խիստ տարբեր էր: «Ռեալը»  («իրականը»), ըստ այդմ, «մրցունակն» է, «նպատակասլացը», «իր առաջխաղացման համար պայքարողը»: «Լավի» եւ «իրականի» միջեւ անդունդ կա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031