Լրահոս
Օրվա լրահոսը

Գազը սահմանի վրա թանկանալու է հինգ տոկոսով

Մայիս 23,2013 10:50

Այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց գազի ներմուծման գնի 30 տոկոսը սուբսիդավորելու մասին, այլեւս պարզ է, որ թանկացման իրական ազդեցությունը ներքին սակագների վրա, ինչպես նաեւ տնտեսության մեջ շատ ավելի փոքր է լինելու, քան սպասվում էր։

Ստացվում է, որ սահմանի վրա գազի գինը բարձրանալու է 9 դոլարով կամ ընդամենը 5 տոկոսով։ Այլ կերպ ասած, եթե ներքին սակագները նախկինում ձեւավորվում էին 180 դոլարից, ապա այժմ կձեւավորվեն 189 դոլարից։
Նման թանկացման ազդեցությունը չի կարող շատ մեծ լինել, եթե իհարկե պետական կառավարման մարմինները հետեւողական լինեն եւ թույլ չտան արհեստական գնագոյացման երեւույթներ, այդ թվում՝ նաեւ էներգակիրների ներքին սակագների ձեւավորման դեպքում։ Թեեւ այդպիսի երեւույթներ արդեն նկատվում են։ Ընդ որում՝ սկսած «ՀայՌուսգազարդի» հայտից։
Գազի ներմուծման գնի սուբսիդավորման վերաբերյալ կառավարության հայտարարությունը ենթադրում էր, որ գազամատակարար ընկերությունը պետք է հետ վերցներ ներկայացված սակագնային հայտը եւ դա համապատասխանեցներ 189 դոլարին կամ առնվազն տարանջատում մտցներ, որովհետեւ մնացած գումարը, ըստ էության, կառավարությունն ուղղակիորեն փոխանցելու է ընկերությանը։
Դա ներքին սակագնային հաշվարկների մեջ ներառելու անհրաժեշտություն բացարձակապես չկա։ Ընդհակառակը, այն բացասաբար է ազդում վերջնական սակագների ձեւավորման վրա։
Ինչպես հայտնի է, «ՀայՌուսգազարդի» հայտը հաշվարկված է 270 դոլար գնի հիման վրա։ Մի շարք գործոններով պայմանավորված՝ սա ներքին սակագների վրա մեծացնում է թանկացման ճնշումը։ Երբեք չի կարող համարժեք լինել սպառումը 270 եւ 189 դոլարի պայմաններում։ Մինչդեռ այդ գործոնի ազդեցությունը սակագների վրա բավական մեծ է։ Որքան սպառումն ավելանում է, այնքան նվազում է գազի տեղափոխման ինքնարժեքը։
Այժմ ընկերությունը, ըստ էության, ներկայացված սակագինը հաշվարկել է սպառման, այսպես ասած, թանկ ինքնարժեքով։ Մինչդեռ սուբսիդավորման դեպքում սպառման կանխատեսվող ծավալը փոխվում է։ Ինքնաբերաբար այն պետք է ավելանա, ինչի հետեւանքով նվազում է սպառումից կախված ինքնարժեքը, հետեւաբար նաեւ դրա ազդեցությունը սակագների մեջ։
Մեկ այլ դեպքում տարբեր են լինելու ընկերության ծախսերը արժույթի փոխարկումների ժամանակ։ Որ պարզ լինի, թե խոսքն ինչ գումարի մասին է, նշենք, որ «ՀայՌուսգազարդի» ներկայացրած հայտում տարադրամի փոխարկման համար հաշվարկված ծախսերը անցնում են կես միլիարդ դրամից։
Սրանք գործոններ են, որոնք տարբեր կերպ են արտահայտվում սակագներում։ Այնպես որ ճշգրտելու անհրաժեշտությունը միանշանակ է։ Թեեւ ընկերությունը կարծես չի պատրաստվում դա անել։ Իսկ թե ինչ է մտածում այդ մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հայտնի չէ։

…Շատ ավելի էական է գազամատակարարման ներքին ցանցում կատարվող կամ ներկայացվող ծախսերի հետ կապված խնդիրը, ինչը լրջորեն ազդում է սակագների ձեւավորման վրա։ Կասկած չկա, որ պետք է մտածել ներքին ցանցում գոյություն ունեցող գնագոյացման մեխանիզմների վերանայման մասին։ Բազմիցս ասվել է, որ Հայաստանի ներսում գազի տեղափոխման վրա կատարվող ծախսերը չափազանց շատ են եւ պետք է նվազեցվեն։ Միայն ներքին ցանցում գազը թանկանում է 70 տոկոսով։
Փոխանակ մտածելու այս ծախսերը կրճատելու մասին, «ՀայՌուսգազարդը» էլ ավելի մեծ պահանջներ է ներկայացրել իր սակագնային հայտով։ Հավանաբար բերվել են նաեւ որոշակի հիմնավորումներ։ Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։
Վերջին անգամ Հայաստանում գազի սակագները վերանայվել են 2010թ.։ Այդ ընթացքում գազամատակարար ընկերությունը ոչ մի անգամ չի դիմել ներքին կամ այլ գործոնների ազդեցության հետեւանքով ներքին սակագները փոխելու հայտով։ Թեեւ դրա հնարավորությունը միշտ էլ ունեցել է։
Եթե չի դիմել, նշանակում է, դրա կարիքը չի ունեցել։
Հարց է առաջանում. ինչո՞ւ հանկարծ այդ կարիքը առաջացավ այն պահին, երբ Ռուսաստանը բարձրացրեց Հայաստանին մատակարարվող գազի գինը։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհի» այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031