Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե պետք էր, որ ես կողքին լինեի ու հասկանայի». Կարճ սեր

Հունիս 06,2013 21:54

«Նստած էր կողքի շարքում ՝ ոչ այնքան հեռու ինձնից: 2010 թվականի Հայոց լեզվի եւ գրականության միասնական քննությունն էր: Ծանոթացանք: Գարիկի խոսքով՝ «կաղում էր» հայերենից, խնդրեց, որ օգնեմ, ասացի՝ եթե կարողանամ, սիրով»,-պատմում է 21-ամյա Միլենան: Նրա օգնությամբ Գարիկը 13 բմիավոր ստացավ, հետագայում նաև ընդունեց  համալսարաններից մեկի Սոցիոլագիայի ֆակուլտետ:

Քննության ավարտին տղան շնորհակալություն է հայտնում աղջկան, խնդրում տալ հեռախոսահամարը, որ խոստացած մաղարիչը մատուցեր. «Տեսնելով, որ չի կարողանաում համոզել՝ ասաց՝ լավ, գոնե ասա՝ ո՞նց ես գրանցված սոցիալական կայքում: Սկզբում ընդհանրապես չէի ուզում տվյալներս ասել, բայց մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, հաճելի ու շնորհքով տղա է, կմտերմանանք, այդպիսով նաև կիմանամ, թե ինչ է ստացել, ախր շատ դժվար քննություն էր»:
Հենց նույն օրը տղան համացանցի միջոցով գտնում է Միլենային. ամբողջ օրը զրուցում են, պայմանավորվում են միասին գնալ փակցված գնահատականները տեսնելու. «Բավական փոխվել էր, ավելի էր գեղեցկացել, այս անգամ մի քիչ աշխույժ էր: Մաղարիչով էր եկել . փափուկ խաղալիք նապաստակ և վարդեր: Նա հարցրել էր, թե ես ինչ եմ սիրում, բայց չգիտեի, որ այսպիսի բան կանի, բայց ինձ անչափ լավ զգացի»,-պատմում է աղջիկը: Իսկ ահա միավորների բողոքարկման օրը տղայի հետ եկել էր նաև մայրը. «Ինձ թվում է՝ ավելի շատ եկել էր ինձ տեսնելու, թեպետ հետագայում Գարիկը հավաստիացրեց, որ այդպիսի բան չկար: Չափազանց սիրալիր էր ինձ հետ, քիչ էր մնում իրենց տուն տաներ»,-պատմում է Միլենան:
Քննությունները ավարտվում են, «ընկերները» որոշում են միասին նշել իրենց հաջողությունը. հենց այդ երեկոյի ժամանակ էլ տղան խոստովանում է սերը. «Ես գիտեի, որ այդպես էլ լինելու է, ինքս շատ էի ուզում. հենց սկզբից մտածում էի, որ ճակատագիր է, բայց ես չէի ուզում պատասխանել նրա հարցին, ուզում էի մի քիչ էլ սպասեի»: Որոշ ժամանակ անց պատասխանն ինքնըստինքյան ասվում է: Բայց Միլենան մտահոգվում է՝ կարծես թե շտապել է. «Ես միշտ վախենում եմ որոշումներ կայացնելուց, ավելի շատ հույսս դնում եմ բախտիս վրա… Գարիկն ինձ վախեցնում էր. նա մեկ ամսվա ընթացքում բավական փոխվեց, համալսարան գնալուն պես ինձ ավելի քիչ ուշադրություն սկսեց դարձնել, բայց ամենատարօրինակը սա էր. երբ մի անգամ նրան էի սպասում, կուրսեցիներից մեկի հետ եկավ, բարևեցի, ներկայացա, իսկ նա զարմացավ, թե Գարիկը չէր ասել, որ ընկերուհի ունի, որ մի անգամ հարցրել է, իսկ նա ժխտել էր»: Միլենան պատմում է ՝ նեղացել էր տղայից, վերջինս նրան սիրաշահել էր խոսքերով, և հաշտվել էին: Սակայն պատմությունը կարծես թե կրկնվում է: Կուրսեցիներով որոշում են միասին որևէ տեղ գնալ, պայմանավորվում են՝ նրանք, ովքեր զուգընկեր ունեն, միասին գան: Տղան ոչինչ չի ասում աղջկան, բայց Միլենան դրա մասին տեղեկանում է հետո. «Մտածեցի կամ ինձնից է ամաչում, կամ այստեղ ուրիշ բան կա, մտադրվել էի հաստատ պարզել, իսկ նրան ոչինչ չասացի, բայց ինձ վիրավորված էի զգում, ինչքան էլ փորձում էի, չէի կարողանում հետը ձևական ջերմ լինել»,-ասում է նա: Հավելում է. «Ես նրա սոցիալական ցանցի գաղտնաբառը գիտեի, բայց երբեք չէի այցելում, սակայն որոշեցի հենց այդտեղից էլ սկսել»: Նամակներից աղջիկը կռահում է, որ տղան առանձնակի ջերմ է իր կուրսեցիներից Լիանայի հետ: Որոշում է փնտրտուքների հարցում ավելի հեռու գնալ, բայց… «Սիրտս հուշում էր, որ ճիշտ եմ… աղջկա սիրտ է, չէր համբերի, բացատրություն պահանջեցի»:
Միլենայի խոսքով՝ տղան ասում է, որ գնահատելով վերջինիս անկեղծությունը, ինքը ևս անկեղծ կլինի: Խոստովանում է՝ Լիանայի նկատմամբ անտարբեր չէր, բայց իր հանդեպ էլ զգացմունքներ ուներ: Չդիմանալով հարվածին՝ Միլենան վերջ է դնում իրենց հարաբերություններին. «Մտածեցի, որ ես շտապել էի, բայց հիմա հասկանում եմ, որ միայն այդ ժամանակ շտապեցի: Ժամանակը ցույց տվեց, որ նա Լիանային չէր սիրում, հրապուրանք էր, որ անցել էր, գուցե պետք էր, որ ես կողքին լինեի ու հասկանայի… բայց ինչ իմանայի ՝ գուցե նույն պատմությունը կրկնվեր, իզուր ես էի տանջվելու»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930