Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ամարյան. «Ինչպե՞ս կարող է պաշտոնյայի ձեռքը չհայտնվել մեկ միլիարդ դոլարի չափ գումարի շրջանառության մեջ» (Տեսանյութ)

Հուլիս 30,2013 17:39

Մեզանում շատ է խոսվում ՀՀ-ում գործող տարբեր կրոնական կառույցների անօրինական գործունեության մասին: Վերջին շրջանում Ավետարանական եկեղեցու հետ կապված բազում միջադեպեր են տեղի ունենում: Օրինակ` այն ՀՀ քաղաքացիների է «քցում», կամ ճամբարներում սեռական դաստիարակության քողի ներքո երեխաներին պոռնոգրաֆիկ նյութեր է ցուցադրում: 
Սակայն տարիների փորձը ցույց է տալիս, որ երբևէ այս կառույցները չեն ենթարկվել պատասխանատվության` համաձայն ՀՀ օրենսդրության:
Aravot.am-ը «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանից հետաքրքրվեց` ո՞րն է պատճառը, որ այս կառույցները պատասխանատվության չեն ենթարկվում: Նա պատասխանեց. «Ավետարանական ընկերակցությունը բարեգործական կառույց է: Ավետարանական եկեղեցին դարձել է Ավետարանչական ընկերակցության կցորդ, որի միջոցով կատարում է իր անօրինականությունները, որի միջոցով հնարավոր է դառնում փողերի լվացում անել և հարկերից խուսափել: ՀՀ-ում չկա մի օրենք, որ կրոնական կառույցներին հսկելու հնարավորություն է տալիս, այնինչ բարեգործական կառույցները իրավունք ունեն վերահսկվելու: Ուստի բարեգործական կառույցը դիմում է կրոնական կառույցներին, վերջինս կազմակերպում է գործողությունը, բայց ստուգել ոչ ոք իրավունք չունի: Ուստի երբ հարցնում են`գումարները ուր են գնացել, հանգիստ կարող են հայտարարել, որ ընկերակցությունը գումարները տվել է եկեղեցուն և հակառակը»:
Մեր հարցին` արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը այն խոսակցությունները, որ փողերի լվացման գործում ներգրավված են նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, պարոն Ամարյանը պատասխանեց. «Այժմ դահլիճում կա շուրջ երեսուն մարդ, և երբ ասում են այս մեկ կիլոգրամ կարագը փոխանցեք, ապա կարագը մինչև ինձ հասնելը անցնում է բոլորի ձեռքով, և բոլորի ձեռքերը կարագոտվում են: Ուստի, երբ տարեկան մեկ միլիարդ դոլարի չափ գումար է շրջանառության մեջ դրվում, ինչպե՞ս կարող է ինչ-որ մի պաշտոնյայի ձեռքը դրա մեջ չհայտնվել»:
Հետաքրքրվեցինք` ո՞րն է իրավիճակից ելքի ճանապարհը: Ա. Ամարյանը պատասխանեց. «Օրենսդրական փոփոխություն և մասնագետների պատրաստում: Այն, ինչ կատարվում է կրոնական կառույցների մեջ, դա պետություն է պետության մեջ: Դա անվերահսկելի մի կառույց է դարձել ողջ ՀՀ-ում: Ունենք 300-350 հազար ոչ առաքելական եկեղեցու հետևորդ: Դրանք զոմբիացված խումբ են: Պատճառն այն է, որ այդ կառույցի ներսում կա հստակ կանոնադրություն: Այդտեղ ղեկավարը ասաց, ուրեմն պիտի կատարվի: Ընտրությունների ժամանակ էլ, երբ ասում են, որ այս թեկնածուին պիտի ընտրել, բոլորը միաձայն կատարում են: Ու դրա համար էլ զարմացանք, թե ինչպես եղավ, որ մեր թեկնածուներից մեկն այդքան անհասկանալի շատ ձայն հավաքեց: Ու երբ թվաբանորեն հաշվարկ ես անում`հաշվի առնելով աղանդավորների, ՀԿ-ների, գրանտակերների թիվը, ստացվում է այն թիվը, ինչը այդ թեկնածուն հաղթահարել ու ստացել է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031