Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ քաղաքապետարանի մոտ մնաց նստացույց անող 3 ակտիվիստ

Հուլիս 31,2013 17:17

Ակտիվիստները վստահեցնում են, որ քաղաքապետարանում պաշտոնանկություններ լինելու են:
Այսօր արդեն Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույց անում է 3 ակտիվիստ, որոնք պաշտոնապես հայտարարել են այդ մասին: Ուղեվարձի թանկացման քաղաքապետարանի որոշումը կասեցնելուց հետո 60-70 երիտասարդ թելադրում էր այն պահանջները, որոնք պետք է կատարի քաղաքապետարանը: Թե ինչու այդպես ստացվեց, որ հիմա մնացին միայն 3-ը՝ Aravot.am-ը զրուցեց ակտիվիստներից մեկի՝ Սեւակ Մամյանի հետ:
Նա նստացույցի չի դիմել, թեեւ շարունակում է ակտիվ մասնակցել պայքարին: Մեր հարցին՝ ինչո՞ւ են քաղաքապետարանի մոտ պակասում ակտիվիստների թիվը, շարժումը մարո՞ւմ է՝ Սեւակը պատասխանեց. «Այսօր էլ 60-70 հոգի անընդհատ այցելում են նստացույց անողներին, նրանք աջակցում են պայքարին: Սրանով խոսել շարժման մարելու մասին՝ կարծում եմ անիմաստ է»:
«Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը կարծիք էր հայտնել, որ ակտիվիստների հետեւողական պայքարը կարող է բերել քաղաքապետարանի որոշ պաշտոնյաների պաշտոնանկություններին. «Այո՛, համառ պայքարի արդյունքում առաջիկայում հնարավոր է նաեւ պաշտոնանկություններ լինեն»:
Մենք հետաքրքրվեցինք՝ դուք է՞լ եք կարծում, որ պաշտոնանկություններ կլինեն, ինչքանո՞վ է դա հնարավոր՝ Սեւակ Մամյանը պատասխանեց. «Ճիշտն ասած ես չգիտեմ, թե Ստյոպա Սաֆարյանը ինչից է ձեւավորել նման կարծիք, համենայնդեպս, շարժումը չի առաջնորդվում նրանով, թե ինչ տեղեկատվություն է տալիս քաղաքապետարանը: Պահանջները դրված են եւ ամեն դեպքում այդ պաշտոնանկությունները լինելու են՝ անկախ նրանից, թե քաղաքապետարանի ներսում ինչ տրամադրություններ են»:
Ակտիվսիտը վստահեցրեց, որ իրենք չեն նահանջելու եւ պնդելու են իրենց պահանջները:
Ակտիվիստների մի մասն ասում է, որ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունը քաղաքական շարունակություն է ստացել: Սեւակ Մամյանի խոսքերով՝ «Ինքը հենց սկզբից եղել է քաղաքական: Բայց այնպես չէ, որ որեւէ կուսակցություն, քաղաքական ուժ խառնվում է շարժմանը եւ լիդերություն է անում: Ամեն մի քաղաքացի շարժվում է որպես անհատ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031