Լրահոս
Օրվա լրահոսը

Մուտքը ներսի կողմից. Դարձյալ որոշյալ առում

Օգոստոս 09,2013 15:38

Այս տարվա անձրևները դարձյալ եկան ու գնացին, և ես, արդեն որերորդ անգամ, զարմանքով նկատեցի, որ ծառերը սկսել են դեղնել: Նույն ցեղի ծառերն իրար հետ էին կորցնում իրենց ամառային կանաչը: Դա նույն էր գրեթե, ինչպես ամեն թռչուն աշնանն իր երամի հետ է չվում: Եվ հեռացող ամռան նախավերջին իմաստուն անձրևը, որ արդեն տեղյակ էր գալիք ձմեռվա մասին, ինձ հիշեցրեց այլևս կորուսյալ մանկությունս, երբ իմ իշխանուհի մայրը իր վեց զավակներին, բնականաբար նաև ինձ ասում էր.
Աստված յոթ դուռ ունի մարդու համար, որոնցից վեցը գաղնիք են ու փակ, և միայն մի դուռ կա բաց, մի հուսահատվեք դժվարությունների առաջ, շարունակեք ձեր ճամփան, շարունակեք և կգտնեք Աստծո յոթերորդ դուռը… Ասում էր մեզ համար գրեթե անհասկանալի, կարծես աղոթքով, որ թերևս մինչև այսօր էլ ինձ համար մնացել է անթարգմանելի:
Եվ հիմա՝ նայելով ընթացող աշխարհի տարաշխարհիկ կյանքին և այդ աշխարհի մեջ մեր աննվաթ-անգազ հայրենակերպին, հստակ տեսնում եմ մեզ սպասող Աստծու յոթերորդ դուռը, որ հազարամյակներ ապրած մեր արյան միջով անցնելով՝ մեր մշակած միտքն է և խելքը: Տեսնում եմ նաև զարմանալի մի բան, որ մենք, որ Էինք, մոռացել ենք գրողի հանճարը, այսինքն թե՝ հիմա չենք էլ հիշում Խորենացու ուղերձը, ուր այդ պայծառ մարդը ոչ միայն ձևակերպում էր մեր անցյալն ու մեր ցեղի անձնագիրը, այլև զգուշացնում էր մեզ մեր գալիք օրերի մասին. թե ինչ չի կարելի անել, որ չկորցնենք պետություն ու թագավոր: Եվ զարմանալի ու տարօրինակ է, թե որքան անտարբեր ենք մենք այսօր գրողի ու գրականության հանդեպ, իսկապես տարօրինակ է, գուցե մեր ցեղական հիվանդությունն է: Չգիտեմ: Այնինչ աշխարհի աչքի առաջ Ջեկ Լոնդոն հրաշալի գրողը, ինչպես նաև նրանից առաջ ու հետո ապրող այսօր երևելի պետությունների գրողներն ու փիլիսոփաները ձևակերպեցին և ստեղծեցին իրենց երկրների կերպարները, ովքեր մինչև այսօր մեզ և աշխարհին կամք են թելադրում:
Իսկ իմ կյանքը, ափսոս, թերևս այնպես ստացվեց, որ երբ ես մանկությանս տարիներին, մի աշնանային իրիկուն տեսա և հասկացա, որ հոսող գետը երկու ափ ունի, հասկացա նաև, որ երբ գետը կորցնի ափերը՝ կենդանի ջուրը կդառնա ճահիճ: Եվ ես ակամա դարձա վկայող՝ շատերին և շատ բան տեսնելով: Ու այդ ճամփին տեսա մարդկանց, ովքեր ծեր էին ծնվել, և տեսա ջահելների, ովքեր իրենցից ու Աստծուց ուզում էին առաջ անցնել՝ ոտնատակ տալով Սրբազանն ու Հայրենին, խոսելով անորոշ ու չհնչեցնելով ոչ մի որոշակի միտք:
Այնինչ այսօր հնչել է որոշյալ և որոշող Խոսքը, որը տանում է մեզ դեպի Աստծու յոթերորդ դուռը, որ սպասում է մեզ: Եվ երբ ազգովի թակենք՝ այն ամպայման կբացվի, որովհետև դուռն աստվածային արդեն ութ հազար տարի, տասնութ հազար տարի մեզ է սպասում…

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Բրուտոս says:

    Չեմ զարմանում՝ ողջ կյանքում իշխանություններին եք ծառայել, բայց այն ուզում եք ավարտել ծառայելով աստծուն հանուն դրախտի:

  2. Maxim says:

    Կեցցես՝ Բրուտոս: Ասածդ լոկ ճշմարտություն է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031