Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին անգամ հանդիպեցինք վերելակում՝ առանց իմանալու, որ մեր ծնողները մեզ հետ կապված համաձայնության են եկել»

Օգոստոս 18,2013 19:08

 

«Անգինն ասեց՝ լավ աղջիկ կա, գնացեք իրան ուզելու»,-պատմում է 50-ամյա Վարդանը: Իր կնոջ՝ Լաուրայի հետ ծանոթացել է 22 տարի առաջ՝ միջնորդի և ընդհանուր ծանոթի միջոցով (Անգինը Վարդանի մոր ընկերուհին էր և Լաուրայի հորաքույրը): Անգինը աղջկա մասին բարեխոսում է տղայի ծնողներին, որից հետո տղայի մայրը, քույրն ու եղբայրը գնում են նախնական կարծիք կազմելու «հարսիկի» մասին, հավանության դեպքում ՝ աղջկա ձեռքը խնդրելու մտադրությամբ: «Եկան իբրև ցավակցելու. հայրս նոր էր մահացել: Հետո մայրիկիս հետ պայմանավորվեցին, որ մյուս անգամ տղան էլ կայցելի, որպեսզի ծանոթանանք, ճանաչենք իրար»,-պատմում է Լաուրան: Հավելում է ՝ առաջին հանդիպման ժամանակ Վարդանն իր մոտ հասուն տղամարդու տպավորություն է թողնում. «Գիտեի, որ աշխատում է, աշխատասեր է, ձեռքից գալիս է, իր ուժերով առանձին տուն է գնել: Հավասարակշռված է, հասուն…»: Իսկ Վարդանը Լաուրայի մասին ասում է. «Տեսա, հավանեցի նրան, մտածեցի տանենք մեզ հարս, դաստիարակենք մեր ընտանիքի համար»: Տղան առաջին հայացքից չի սիրահարվում, բայց համակրում է: «Ես Լաուրին չեմ սիրել, հիմա էլ չեմ սիրում»,-ասում է նա (ժպտում է,-հեղ.): «Սուտ ա ասում՝ շատ ա սիրում»,-բանավիճում է կինը: Ըստ Վարդանի՝ սիրել նշանակում է հարգել, հոգ տանել սիրած էակի մասին. «Եթե պաղպաղակ ենք գնում, ու մաման տանը չի լինում, պապաս անպայման նրա «փայը» պահում է, չի թողնում, որ մենք ուտենք»,-նրանց սիրո մասին հավաստեց երեխաներից մեկը՝ Մարտինը: Նշենք, որ «չսիրող» ամուսինը երկու անգամ է գնացել կնոջ ձեռքը խնդրելու, երկրորդ անգամ, բարեբախտաբար, աղջկա հարազատները տվել են իրենց համաձայնությունը. «Պապաս նոր էր մահացել, մեկ տարին չէր լրացել… մամաս ասեց, որ աղջիկ չունի տալու: Գարնանը չտվեցին, իսկ արդեն աշնանը տվեցին իրենց աղջկան»,-պատմում է Լաուրան: Նա նաև բացահայտում է մի հետաքրքիր գաղտնիք. «Ամուսինս մեր ծանոթությունից ամիսներ անց խոստովանեց, որ սկզբում սկեսուրս ինձ վրա աչք է դրել իր ավագ տղաներից մեկի համար՝ մտածելով, որ Վարդանին չեմ սազի, նրանից բարձրահասակ եմ, սակայն ամուսինս ասում է, որ դա այդպես չէ, ես նրանից 2 սմ ցածրահասակ եմ»: Կինը նաև նշում է ՝ Վարդանը իրենց հասակը համեմատել է վերելակում. «Առաջին անգամ, որ եկել էին ինձ տեսնելու, մենք հանդիպեցինք վերելակում՝ առանց իմանալու, որ մեր ծնողները մեզ հետ կապված համաձայնության են եկել»: Նա նաև մի հետաքրքիր դեպք է հիշում. «Մի անգամ տանը չեմ եղել, միայն մայրս է եղել տանը: Վարդանը եկել է, բայց քանի ժամ է ՝ ոչ մի բառ չեն փոխանակել, նա թերթ է կարդացել, մայրս՝ նույնիպես: Ու այդպես սպասել են ինձ»: Վարդանն էլ նշում է ՝ մինչ ամուսնությունը ընդամենը երկու անգամ մեխակ է գնել սիրելիի համար, մի անգամ էլ միասին գնացել են կինո դիտելու. «Մենք շատ երկար չենք շփվել իրար հետ, մի քանի ամիս Վարդանը արտագնա աշխատանքի էր, բայց երբ այստեղ էր, ամեն օր գալիս էր, գործից հետո ինձ տուն ճանապարհում»,-պատմում է Լաուրան: Վերջինս աշխատում էր Երևանյան հաշվապահական կենտրոններից մեկում՝ որպես օպերատոր, սակայն ամուսնանալուն պես, ամուսնու պարտադրությամբ լքում է աշխատանքը, ինչի համար այժմ շատ է զղջում, ամուսինը ՝ ևս. «Էն ժամանակ շատ պահպանողական էի, բայց հիմա հասկանում եմ, որ կինս այդպես կարող էր առաջ գնալ, այսօր էլ լավ գործ կունենար»: Ամուսինները, սակայն, երբեք չեն փոշմանել իրենց ամուսնության համար. «Որ փոշմանեինք, չսիրեինք իրար, վաղուց էինք բաժանվել», «Ինչու՞ փոշմանենք, երեք չքնաղ երեխաններ ունենք»,- ասում են նրանք:

 Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031