Հատված «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցազրույցից:
– Պարոն Միքայելյան, Դուք հայտարարել էիք, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը նոր ուժ է ձեւավորվելու, ի՞նչ ուժի մասին է խոսքը, ո՞վ է ղեկավարը, ովքե՞ր են լինելու այդ ուժի ներկայացուցիչները, եւ ինչ նպատակի համար է այն ծնվում։
– Նոր ուժը, ըստ էության, արդեն ձեւավորվել է, որի հանդես գալը՝ իր կազմով ժողովրդի առջեւ, ժամանակի հարց է։
– Հայաստանում քաղաքական ու հասարակական ուժերի պակաս չկա. ինչ բաց կա, որ պետք է լրացնի այդ նոր ձեւավորվելիք ուժը։
Կարդացեք նաև
– Մենք չենք ներկայանում կամ համալրում՝ եւս մեկով ավելանալու համար, այլ գալիս ենք լրացնելու այն բացթողումները, որոնք մեր ժողովրդին ու երկիրը հասցրել են այս վիճակին։
– Իշխանափոխության կոչեր, հեղափոխության անհրաժեշտություն, ավգյան ախոռների մաքրում եւ երկրի սրբագրման այլ բնույթի կոչեր շատ են հնչել, ինչո՞ւ պետք է հասարակությունը հավատա նոր ուժին։ Գործող իշխանությունները, քաղաքական դաշտում եղած գրեթե բոլոր ուժերը վստահեցնում են, որ Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքականության ճշմարիտ ուղի է ընտրել, եւ, օրինակ, Մաքսային միությանն անդամագրվելն այլընտրանք չուներ մեր երկրի համար։ Իսկ Դուք հայտարարել եք, թե այդ քայլով մենք կորցնում ենք մեր անկախությունը։ Ո՞րն է ճիշտ ճանապարհը։
– Մենք գալիս ենք գործ անելու եւ ոչ կոչեր, ու այդ ամենի գնահատականը կտա ժողովուրդը։ Իսկ ինչ վերաբերում է Մաքսային միությանը, մեր իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, իրենց վարած սխալ քաղաքականությամբ, այո՛, գրեթե այլընտրանք չեն թողել, ոչ թե երկիրը փրկելու, այլ իրենց աթոռը պահելու համար։ Ես ասել եմ եւ նորից կրկնում եմ, որ մենք՝ որպես պետություն, «շնորհիվ» մեր իշխանությունների՝ չկարողացանք ձեւավորվել այս տարիների ընթացքում։ Եվ դա էր պատճառը, որ թե՛ Մաքսային միության եւ թե՛ Եվրամիության ասոցացման հարցում մեր երկիրը չկարողացավ հանդես գալ մեր պետության եւ պետականության շահերից։ Ու, ցավոք սրտի, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ, առավել եւս, Եվրոպան իրենց քարոզած ժողովրդավարությամբ, հանուն իրենց շահի, իրենց կասկածելի փոխհարաբերությունների, աչք փակեցին մեր իշխանությունների աթոռամոլության մոլուցքի վրա։ Փուռը տվեցին մի բիբլիական ժողովրդի մաքառման, պայքարի, տառապանքի, հերոսական ձեռքբերումը, որի հանրագումարում անկախությունն էր։
Նման կարգավիճակով գնալ դեպի Մաքսային միություն՝ մենք լուծում ենք ընդամենը գոյատեւման, մի փոր հացի, ոչ մի բնագավառում չզարգանալու, ազգովի որոշ մարդկանց աթոռը պահելու եւ ուրիշի կամակատարը դառնալու խնդիր, այլ ոչ թե անկախ Հայաստանի Հանրապետության։ Ներկայիս վիճակով եւ կարգավիճակով մտնել Մաքսային միություն՝ նշանակում է ստորագրել ՀՀ անկախության կապիտուլյացիայի փաստաթուղթը։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում


















































