Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Իշխանյան. «Պետությունը կարող է թեկուզ մեկ տարով հետաձգել եկեղեցաշինությունը և այդ գումարները ներդնել գիտության մեջ»

Նոյեմբեր 13,2013 18:35

Նոյեմբերի 10-ը գիտության միջազգային օրն է

Թե մեր օրերում ինչպիսին է վերաբերմունքը Հայաստանում գիտության նկատմամբ, այսօր «Անալիտիկ» կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձեց պատասխանել ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը. «Երեք օր առաջ գիտության համաշխարհային օրն էր, և մի երկիր (իմիջիայլոց, շատ քիչ երկրներից մեկը), որը գիտությունը հայտարարել է գերակա ոլորտ, ընդհանրապես որևէ միջոցառում չանցկացրեց, նույնիսկ հիշատակում չեղավ: Հայաստանը խորհրդային տարիներին գիտության հանդեպ իր վերաբերմունքով առաջիններից էր, իսկ հիմա վերջիններից է»,- նկատեց նա:

Պարոն Իշխանյանի խոսքով՝ նոյեմբերի 10-ին գիտական հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ տարբեր եղանակներով դիմել են հանրապետության առաջին դեմքերին՝ առաջարկելով որևէ կերպ անդրադառնալ այդ օրվան:

Ա. Իշխանյանի վկայությամբ՝ ՀՀ-ում գիտնականի միջին տարիքը 63 է. «Մեր գիտությունն այսօր գտնվում է կենսաթոշակի շեմին: Շատ կարևոր է երիտասարդ գիտնականների առկայությունը, իսկ նրանք շատ քիչ են՝ մոտ 500, որը չափազանց փոքր թիվ է, այսինքն՝ Հայաստանի համար 8-10 անգամ ավելի քիչ է, քան պիտի լիներ: Դա հիմնականում պայմանավորված է երիտասարդ գիտնականների ակտիվ արտահոսքով: Սկզբունքը հետևյալն է. «Եթե գիտության մեջ, ապա Հայաստանից դուրս, եթե Հայաստանում, ապա գիտությունից դուրս», և նրանք այսօր զարգացնում են օտարների գիտությունը»,- ասում է պարոն Իշխանյանը:

Նա վստահեցրեց, որ իշխանությունը շատ լավ տեղյակ է իրավիճակին. «Հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ նախագահի հետ առնվազն չորս անգամ, ինն անգամ հանդիպումներ են եղել ՀՀ ԿԳ նախարարի հետ և բազմաթիվ հանդիպումներ այլ պաշտոնյաների հետ: Ամեն ինչ հայտնի է երկրի ղեկավարությանը, փոխարենը ամպագոռգոռ հայտարարություններով են հանդես գալիս, թե գիտությունը ՀՀ-ում հանդիսանում է ռազմավարական նշանակության ոլորտ: Մեզանում հիմա շատ ակտիվ եկեղեցաշինություն է իրականացվում: Դա ահռելի գումարների հետ կապ ունի: Կարծում եմ՝ պետությունը կարող է թեկուզ մեկ տարով հետաձգել եկեղեցաշինությունը և այդ գումարները ներդնել գիտության մեջ: Տպավորություն է, թե մենք գործ ունենք մի քաղաքականության հետ, որը ցանկանում է ոչնչացնել գիտությունը:

Այնպես չէ, որ ամեն ինչ կապվում է միայն ֆինանսների հետ, այստեղ կա նաև վերաբերմունքի խնդիր: Կարելի է, չէ՞, թեկուզ հասարակության վերաբերմունքը փոխել գիտության հանդեպ: Գիտության համաշխարհային օրն էր, կարող էին գոնե շնորհավորական ուղերձով հանդես գալ»,- ընդգծեց բանախոսը:

 

 Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna Gevorgyan says:

    «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»
    https://www.facebook.com/science.and.finance
    Այս էջը ստեղծված է գիտության տագնապային վիճակն ահազանգելու համար: Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն եւ մրցունակ զարգացումը հնարավոր է միայն եւ միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի եւ գնահատականի պայմաններում: Խմբի մասնակիցները, որպես առաջին քայլ պահանջում են ՀՀ կառավարությունից 1. Անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%: 2. Գիտնականների եւ ասպիրանտների միջին աշխատավարձի անհապաղ քառապատկում: Մոտ ապագայում միջազգային ցուցանիշների հասցմամբ: 3. Այդ քայլերն իրականացնելուց հետո անընդհատ աջակցում գիտությանը, մասնավորապես, մաքսային եւ այլ մարմինների հետ շփման դյուրացում, կոնսուլտացիաների եւ արտոնությունների տրամադրում, հասարակության հետ շփումների եւ բիզնես միջավայրի հարթակների տրամադրում եւ այլ օպերատիվ համագործակցություն։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930