Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատ 73»-ի հուշարձանի շուրջ: Մեծ աղմուկ` ոչնչից

Դեկտեմբեր 09,2013 18:01

Լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում անդրադարձ է եղել «Արարատ 73»-ի հուշարձանի խնդրին: Ավելի ճիշտ, թե ո՞վ իրավունք ունի զբաղվել դրա կառուցման ու տեղադրման գործով. ֆուտբոլի ֆեդերացիա՞ն, սպորտի պետական կառո՞ւյցը, թե՞ օլիմպիական կոմիտեն:

Ըստ հրապարակումների՝ 40-ամյակի կապակցությամբ «Արարատի» արդեն ծերացած ֆուտբոլիստները սկզբում դիմել են Յուրի Վարդանյանին, որպեսզի «Արարատ 73»-ի պատվին արձան կանգնեցվի, և նախարարը չի մերժել, սակայն փաստացի այս պահի դրությամբ ոչինչ չի արվել: Փոխարենը, ինչ-որ բան արել է Գագիկ Ծառուկյանը, որն իրեն դիմելուց անմիջապես հետո հավանություն է տվել գաղափարին, և արձանի նախագծերի մրցույթ է հայտարարել, որում հաղթող նախագիծը կպատվիրվի, իսկ հեղինակը կստանա խոշոր դրամական մրցանակ:

Aravot.am-ը փորձեց լսել հուշարձանի նկատմամբ իրավունքի մասին այդ կազմակերպությունների ղեկավար անձանց մեկնաբանությունները:

Հրաչյա Ռոստոմյան: ՀԱՕԿի գլխավոր քարտուղար. «Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ապա ըստ իս հուշարձանի խնդիրներով Գագիկ Ծառուկյանը չէ, որ պետք է զբաղվեր: Հարցը պետք է վաղուց լուծված լիներ: «Արարատ 73»-ի վետերաններն են Սերգեյ Պողոսյանի գլխավորությամբ խնդրել պարոն Ծառուկյանին: Հեռուստատեսությամբ դա ցուցադրվել է ի տես բոլորի: Պարոն Ծառուկյանն էլ նրանց հարցրել է, թե դիմե՞լ են բոլորին, եթե ինքը զբաղվի, իրենից չե՞ն նեղանա: Պատասխանել են, թե դիմել են, բայց չեն անում: Դրա համար էլ հիմա խնդրում են իրեն: Ի պատասխան, Գագիկ Ծառուկյանն ասել է, թե դա իր համար մեծ պատիվ է եւ հանձնարարել հուշարձանի մրցույթ հայտարարել: Իսկ թե նախագծերից ո՞ր տարբերակը կընտրվի եւ որտե՞ղ կտեղադրվի, ՀԱՕԿ-ի խնդիրը չէ: Գագիկ Ծառուկյանը եւ ՀԱՕԿ-ը դե յուրե եւ դե ֆակտո միայն ֆինանսավորում են ծրագիրը:

Հիմա ԶԼՄ-ներն անընդհատ հարցնում են` ո՞վ պետք է այդ գործն աներ: Այս պարագայում «Պետք է»-ն լավ բառ չի: Կարեւորը ցանկությունն է: Եթե «Պետք է»-ով լիներ, հարցը պիտի վաղուց լուծված լիներ, որպեսզի բանը Գագիկ Ծառուկյանին դիմելուն չհասներ: Բայց քանի որ չեն արել, ՀԱՕԿ-ի նախագահն ընդառաջ է գնացել վետերան ֆուտբոլիստների խնդրանքին: Ինձ, որպես հասարակ քաղաքացու եւ սպորտի աշխարհի մարդու, կարեւոր է, որպեսզի այդ հուշարձանը արարատցիների սրտով լինի, տեղադրվի ամենալավ վայրում եւ բացումն էլ մակարդակով կազմակերպվի: Իսկ թե դա ո՞վ կաներ, պարզապես չի հետաքրքրում:

Ի վերջո, մի «Արարատ 73» ունենք: Արդեն 40 տարի է` որքան էլ ֆուտբոլում հաջողություններ ունենք, Իսպանիայի հետ ենք խաղում, թե Իտալիայի, միեւնույն է, ֆուտբոլասերը Լեւոն Իշտոյանի երկու գոլերը չի մոռանում: Թե չէ, քննարկման հարց է դարձել, թե ով պետք է աներ: Զավեշտալի է: Հո վազքարշավ չի՞, որ իրար հետեւից ընկած վազում ենք: Գագիկ Ծառուկյանի համար նշանակություն չունի` սպո՞րտ է, գիտությո՞ւն, մշակո՞ւյթ, արվե՞ստ: Նրան միշտ էլ դիմել ու դիմում են: Եվ եթե արժանի է, նա աջակցում է: Որովհետեւ գնահատում է այս երկրում անուն, ձեռագիր թողած հայաստանցի կամ արտերկրի մարդկանց, որոնք բարձր են պահել Հայաստանի պատիվը»:

Յուրի Վարդանյան: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար. «Արարատ 73»-ի հուշարձանի հարցով ինձ դիմել է Հանրային խորհուրդը: Ես ողջունել եմ գաղափարը եւ առաջարկել, որ ֆուտբոլիստների կիսանդրիները տեղադրվեն «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ հիմնվելիք ծառուղում: Ավելին ասեմ: Մտադրություն ունեմ այնտեղ տեղադրել նաեւ մեր օլիմպիական չեմպիոնների արձանները: Սակայն դրա համար ժամանակ է հարկավոր: Իսկ թե ծառուղին ե՞րբ կլինի, հստակ ժամանակ նշել չեմ կարող: Իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, թե կիսանդրիները ո՞վ պետք է պատվիրի եւ կանգնեցնի, ունեմ իմ հստակ կարծիքը: Ծառուղին հիմնվելու է պետական հողատարածքում եւ այդ խնդիրը պետության լուծելիքն է: Ես սկզբունքորեն դեմ եմ, որ մեր նշանավոր մարդկանց արձանները կառուցեն եւ տեղադրեն անհատները: Ինձ ճիշտ հասկացեք. ասածս կոնկրետ անձի չի վերաբերվում, այլ ընդհանրապես: Կա պետություն ու պետությունը որքան էլ փոքր լինի, նշանավոր մարդկանց ու իրադարձությունները հավերժացնելու միջոցներ ու աղբյուրներ կգտնի: Իսկ այս դեպքում կոնկրետ օրինակը շահարկվում է»:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ձեռնպահ մնաց մեկնաբանություններից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. kare says:

    Կարծում եմ ավելորդ կրքեր են բորբոքվում:Ինչ վերաբերվում է Արարատ 73ի այդքան մեծարմանը,կուռք դարձնելուն, ըննդհանրապես դեմ եմ:Բավական է խոսեք նրանց մասին,հերիք է անցյալի հովերով ապրենք,նայեք առաջ,հետ ենք մնում, այդ արձանով ծիծաղելի վիճակի մեջ ենք դնում ինքներս մեզ,Այդ մտահղացումն էլ որևէ մեկի գինովցած բաժակաճառից է վերցրած:Այդ գաղափարը առաջ քաշողները ու ֆինանսավորողները հլը թող հետաքրքրվեն,թե ուկրանիացիները քանի ֆուտբոլիստի արձան են կանգնեցրել,այն դեպքում,երբ ուկրանիայի հավաքականը ՍՍՀՄ բազմակի չեմպիոն է եղել:Ամոթ է ,վերջացրեք,խայտառակվում ենք,դա մեր չտեսության արդյունք է:

  2. dyadyur says:

    ,,Արարատ,,-ի հաղթանակն ի հարկե մեծ ուրախություն ու հպարտություն պարգևեց բոլոր հայերին:Բայց համաձայնեք,որ դա փոքրամասշտաբ մրցումներ են,համեմատած օլիմպիական խաղերի հետ:Արարատցիները չնեղանան,բայց արդյոք ավելի նպատակահարմար չի լինի,մարզահամերգային համալիրի երկու կողմերում տեղադրել մեր օլիմպիական չեմպիոնների արձանները ( ոչ կիսանդրիները),սկսած Վարազդատ թագավորից,մինչև մեր օրերը,մի քանի տեղ էլ թողնելով ապագա օլիմպիական չեմպիոնների համար:Այնտեղ տեղ շատ կա,իսկ ապագա չեմպիոնները դեռ գալու են:Գուցե այս առաջարկությունը հետագայում քննարկվի?????

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031