«Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցից մեզ տեղեկացրեցին, որ քիչ առաջ Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակ են ներկայացրել կապանցիների ուղերձը՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հնչեցրած դիրքորոշման վերաբերյալ:
Կապանի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը նշեց, որ իրենք անընդունելի են համարում 2013թ. դեկտեմբերի 12-ին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների նիստին մասնակցելու նպատակով, Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտնած դիրքորոշումը, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված տարածքները պետք է օտարվեն Ադրբեջանին:
«Ակնհայտ է, որ տարածաշրջանում տեղի ունեցող հայտնի զարգացումների պատճառով Թուրքիան փորձում է վերականգնել իր խաթարված դիրքերը:
Ակնհայտ է նաև, որ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ Թուրքիան փորձում է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու նմանակման շղարշի ներքո առաջ մղել ադրբեջանական շահերը:
Կարդացեք նաև
Մասնավորապես՝ Թուրքիան աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում, շարունակում է փորձել ճնշում բանեցնել ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ», – նշված է Կապանի կառույցի կողմից արված հայտարարության մեջ:
Դավիթ Հակոբյանը մեզ հետ ունեցած զրույցում ընդգծեց, որ հենց այն փաստը, որ Արցախյան գոյամարտի տարիներին Կապանն անմիջական մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին, տեսել է հրետակոծություն և ռմբակոծություն, եւ Սյունիքը թիկունք է կանգնել Արցախին, ապա այսօր բնակիչները պարտավոր են հիշել ու գործել:
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակիչներս, գիտակցում ենք այս ամենի հետևանքները: Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության իրական և միակ երաշխավորը հայ ժողովուրդն է և նրա զինված ուժերը: Որևէ այլ պետության կողմից որեւէ հավաստիացում՝ մեր անվտանգությունը երաշխավորելու մասին, մեզ համար որեւէ արժեք չի կարող ունենալ:
«Ժառանգություն» կուսակցության Կապանի ստորաբաժանումը հայտարարում է`
Հայաստանի և հայ ժողովրդի շահը կարող են արտահայտել միայն ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը, իսկ Արցախի սահմանադրապատկան տարածքների վերաբերյալ ցանկացած սակարկություն, բանակցություններ և գործարքներ՝ վտանգում են մեր երկրի ապագան, ուստի՝ հայ ժողովրդի համար մերժելի են», – նշված է «Ժառանգություն» կուսակցության Կապանի տարածքային կառույցի հայտարարության մեջ, որը քիչ առաջ նախաձեռնող խումբը հանձնեց Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակիցներին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


















































