Լրահոս
Օրվա լրահոսը

Որ կառավարությունը «հարցնի»

Հունվար 22,2014 13:17

Կուտակային կենսաթոշակի հետ կապված պատմությունը համոզիչ կերպով ցույց է տվել, որ հասարակության մեջ պետք է լինի դերերի բաժանում: Ընդդիմությունը (կամ «ոչ իշխանությունը», «ոչ կոալիցիոն ուժերը»՝ անունները կարեւոր չեն) պարտավոր է զբաղվել պոպուլիզմով եւ խաղալ բնակչության զգացմունքների, բնազդների վրա՝ «ալան-թալան», «հանցավոր ռեժիմ», «էս երկրում մարդ չի մնացել» եւ այլն: Դա նրանց աշխատանքն է, գործառույթը:

Մնացածը՝ լրագրողները, մեկնաբանները, մտավորականները՝ քաղաքացիներ, որոնք անմիջապես ներգրավված չեն քաղաքականության մեջ, պարտադրված չեն ամեն գնով հաճոյանալ բնակչությանը եւ կարող են գործել ավելի ռացիոնալ դաշտում: Նույնիսկ կասեի՝ ցանկալի է, որ չհաճոյանան, որովհետեւ հաճոյանալու գինը անվերջ բողոքներին, փնթփնթոցներին, դեստրուկտիվ տրամադրություններին տուրք տալն է: Այնինչ մարդկանց պետք է բացատրել, որ ցանկացած, նույնիսկ ոչ հանցավոր, նույնիսկ դրախտային ռեժիմի ժամանակ որեւէ բանի հնարավոր է հասնել համառ աշխատանքով, ինչ-որ հաճույքներից զրկվելով, քո քայլերը երկարատեւ հեռանկարի համար հաշվարկելով:

Մի խոսքով՝ հասարակության մեջ պետք է լինեն մարդիկ, որոնք կհասկանան խնդիրների էությունը: Կուտակային կենսաթոշակի մասին իմ կարծիքն արդեն ասացի՝ գաղափարն առողջ է, այդ ճանապարհից խուսափել հնարավոր չի լինի: Ներկայումս այդ գաղափարի իրագործումը սարսափելի է՝ ընկեր Ջաբրայիլի մակարդակի («Կովկասի գերուհի» ֆիլմում Մհեր Մկրտչյանի հերոսի)՝ «իսկ ո՞վ է նրանց հարցնում, պարկը գլխին, եւ վերջ»:
Իսկ ի՞նչ է պետք անել, որ կառավարությունը «հարցնի»: «Հանցավոր մարդկանց փոխել ոչ հանցավորներով, այսինքն՝ մեզնով»,- կասի ընդդիմությունը: Դա իր դեղատոմսն է: Իրականում, կարծում եմ, խնդիրը քաղաքական մենաշնորհի մեջ է: «Գործադիր եւ օրենսդիր իշխանությունը չպիտի գտնվի միեւնույն ձեռքերում, հակառակ դեպքում իշխանության կրողները կընդունեն միայն իրենց ձեռնտու օրենքներ եւ կկատարեն դրանք, ընդհանուր օրենքներից իրենց համար բացառություններ կանեն, ինչպես նաեւ այլ ձեւերով կօգտագործեն արտոնությունները իրենց մասնավոր շահերի համար՝ ի վնաս ընդհանուր օգուտի»: Այս բառերը գրվել են 1688 թվականին, եւ դրանց հեղինակը բրիտանացի փիլիսոփա Ջոն Լոքն է (ի դեպ, հենց այդ ձեւակերպումների մեջ եմ ես տեսնում եվրոպական արժեքները):

Այսպիսով՝ խնդրի ինստիտուցիոնալ լուծումը նրանում է, որ X կուսակցությունը վերահսկի Y կուսակցությանը եւ ազդի նրա՝ որոշում ընդունելու հնարավորությունների վրա: Ոչ թե այն պատճառով, որ մեկը հանցավոր է, իսկ մյուսը՝ հրեշտակավոր, այլ՝ որովհետեւ դրանք վերահսկում են միմյանց: Ավելին՝ ինձ թվում է, որ մարդկանց եւ մարդկանց խմբերին հանցավոր է դարձնում հենց այդ հավասարակշռության բացակայությունը:
Մյուս պարտադիր պայմանը կառավարության գործունեության նկատմամբ վստահությունն է: Բայց դրա մասին մեկ ուրիշ անգամ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Edward says:

    Եւ Х-կուսակցության գաղափարախոսության հիմքը լինի արդյունավետությունը, իսկ Y -ի – արդարության պատկերացումները:

  2. Կարեն says:

    Գաղափարը լավն է, X –ը հսկի Y –ին։ Այդ բանաձևը մասամբ կիրառվում է զարգացած երկրներում։ Սակայն ամենավառ երևակայության դեպքում անգամ ես չեմ պատկերացնում, թէ ինչպես մեր էլիտա կոչվածը թույլ կտա, որ իր վրա լինի հսկողություն։
    Իսկ շաբաթ օրվա հավաքի հեղինակը իմ կարծիքով հենց իշխանություններն են։ Որոշ ժամանակ հետո կլինի հաջորդ հիասթափությունը’, երբ հասկանանք, որ ելույթ ունեցողների մեծամասնությունը պարզապես կապիկություն «ներեցեք համեմատության համար» էին անում։ Կուտակային կենսաթոշակի մասին օրենքը սկզբից կմերժվի ՍԴ–ի կողմից իսկ հետագայում որոշ փոփոխություններով միևնույն է կնդունվի։

  3. Արման says:

    Հարգելի՛ պարոն Աբրահամյան: Ձեր հետևյալ միտքը՝ «մարդկանց պետք է բացատրել, որ ցանկացած, նույնիսկ ոչ հանցավոր, նույնիսկ դրախտային ռեժիմի ժամանակ որեւէ բանի հնարավոր է հասնել համառ աշխատանքով, ինչ-որ հաճույքներից զրկվելով», իմ կարծիքով վիրավորում է ՀՀ քաղաքացիներիս: ՀՀ քաղաքացիներիս մեծ մասը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում իր օրվա հացը վաստակում է համառ աշխատանքով, բազմաթիվ հաճույքներից զրկվելով: ՀՀ քաղաքացիները որևէ մեկի, առավել ևս «մտավորականների» բացատրության կարիքը չունեն, նրանք բողոքում են, ոչ թե նրա համար, որ հեշտ կյանք են ուզում, որ չաշխատեն, ապրեն ու հաճույքներից օգտվեն, այլ որ օրինակ Ռուսաստանում օրական 18-20 ժամ աշխատանքով վաստակածը իշխանությունները չթալանեն:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Վույ, թաղեմ դրանց: Էս խեղճ ժողովրդին կոտորեցին: Երեւի, այսպես ավելի հարգալից է ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

      • Գալուստ Ենոքյան says:

        Հարգելի Արամ, ես էլ ինչպես Վալոդը, Արսենը, պիտի չհամաձայնվեմ Ձեր վերեվում բերված «վարկածի» հետ «…որ ցանկացած ….»:
        Երբեմն Ձեզ բերած մտքերը կարծես շատ հակասական են թվում… մի կողմից բերում եք Ջոն Լոք ի մտքերը… եվ մեկ էլ Ձեր բավական բարձր կարծիքը Մեր առաջին Նախագահի մասին, ուրեմն նա մեծ պատմաբան լինելով Լոքի, կամ Ամերիկայի Հիմնադիր Հայրերի մասին լսած չուներ, այդքան դժվար էր նոր երկիրը այդ ուղենիշով տանել… եվ ինչ պատահեց նրա հետ 96 թվին որ հանկարծ, Ռ. Քոչարյանին հատուկ «շախմխտային քայլ» արեց…Վերջին շրջանի Ձեր գրվածքներից մեկում ասում էիք որ , եթե Դուք կամ Ավետիք Իշխանյանն էլ իշխանության եկած լինեիք…երկիրը միեվնույն ուղով պիտի գահավիժեր… իհարկե նման իրավիճակում.երբ «Ղարաբաղ» շարժումը եկավ իշխանության, պարարտ հող էր ստեղծել ամեն տեսակ պատեհապաշտների… եվ իհարկե ԱՄԲԻՑԻԱՆԵՐՈՎ մարդիկ, ինչպիսին մեր երեք նախագահներն էին սպասել չտվեցին…նրանք թքած ունեին եվ ունեն պատվի կամ արդարության մասին, կարծում եմ հակառակ Ձեզ եվ Ավետիք Իշխանյանին: Ես եղել եմ Ավետիքի մեծանուն հայրիկի ուսանողը եվ հպարտ եմ որ նա իմ պրակտիկայի ղեկավարն էր… մի ազնվագույն ընտանիքի զավակ է Ավետիքը,իր քույրը, Վարդուհին եղբորս դասարանից էր…եվ չեմ կասկածում որ Դուք եվս նման ազնիվ ընտանիքից եք, եվ կարծում եմ որ երբեք Ջոն Լոքի ասածները հանուն ձեր ԵՍ ի գետնովը չեիք տա… Լիովին համաձայն եմ Արսենի «ինչի կարող է հասնել «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարում…» …

      • Արման says:

        Անտեղի հեգնանք էր, հարգելիս: Պետք չէ ոչ աղեկտուր հեկեկալ, ոչ էլ առավել ևս խղճալ ՀՀ քաղաքացիներիս: Դրա կարիքը չկա:

  4. Վալոդ says:

    Չէ, ոչ էլ այդպես, պարոն Աբրահամյան …

  5. Արսեն says:

    Ա. Աբրահամյանին
    Փաստորեն, Հայսատանի ներկայիս վիճակի հիմնական մեղավորը դուք եք։
    Չեք «բացատրել», որ « … որ ցանկացած, նույնիսկ ոչ հանցավոր, նույնիսկ դրախտային ռեժիմի ժամանակ որեւէ բանի հնարավոր է հասնել համառ աշխատանքով, ինչ-որ հաճույքներից զրկվելով, քո քայլերը երկարատեւ հեռանկարի համար հաշվարկելով»։ …))))…
    Բա, բացատրեք…)))… Ում եք սպասում?…)))…
    Անհամբեր սպասում եմ «բացատրությունների», մասնավորապես, հետաքրքիր կլիներ լսել ձեր պարզաբանումները, ասենք, ինչի կարող է հասնել «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարում գազախցիկ մտնելու համար հերթում կանգնած մարդը, եթե համառ «աշխատի» և իրեն ինչ-որ «հաճույքներից» զրկի? …))))…

  6. Rafael says:

    Ցանկացած երկրում հասարակ մարդը զրկված է լուրջ պրոցեսների վրա ազդելու հնարավորությունից և դա բոլոր ժամանակներում եղել է այդպես և այդպես էլ կլինի միշտ։

    • Արմեն says:

      Ցանկացած մարդ ունի պարտավորություններ և իրավունքներ և եթե ինքը դրանք անում է
      բարեխղճորեն, ապա մնում է գնահատականի ( ինքնագնահատականի ) հարցը, այսինքն
      որն է լուրջ պրոցես և որքանով ինքը նպաստեց դրան կարճաժամկետ կամ երկարաժամկետ
      իմաստով:
      Եթե մարդ խնդիրները դասակարգում է ոչ ռացիոնալ, ինքը միշտ կմնա անբավարարված:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031