Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմակուսակցական Հայաստան – 9

Փետրվար 07,2014 12:02

Կուսակցություններին ու կուսակցականներին էսքան երկար-բարակ անդրադառնալով` ՀՀԿ-ին ոչ թե մոռացանք, այլ ՀՀԿ-ին հընթացս ու շարունակաբար հիշելով ու չմոռանալով` հընթացս նաև հիշում էինք, որ, ըստ էության, նորանկախ Հայաստանում ոչ թե մեկ, այլ մի քանի ՀՀԿ-ներ են եղել` մեկը մյուսին բավական նման, բայցև` մեկը մյուսից բավական տարբեր. Աշոտ Նավասարդյանի ՀՀԿ-ից սկսած, Անդրանիկ Մարգարյանի ՀՀԿ-ով շարունակած և Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ով վերջացրած:

Աշոտ Նավասարդյանի ՀՀԿ-ն ընդդիմություն էր` նախ կոմունիստներին, այնուհետև` ՀՀՇ-ական իշխանությանը: Իսկ այնուհետև, ընդգրկվելով ՀՀՇ-ամետ ուժերի մեջ, «Հանրապետություն» իշխանական բլոկի կազմում խորհրդարան մուտք գործեց` մտքի մեջ պահելով և երբեմն-երբեմն բարձրաձայնելով Նժդեհյան գաղափարախոսության մոտիվները:

Աշոտ Նավասարդյանի վաղաժամ մահից հետո Հանրապետական կուսակցությունը գլխավորեց Անդրանիկ Մարգարյանը` նժդեհականությունն ու տարոնականությունը չմոռանալով և հընթացս Վազգեն Սարգսյանի ու ՀՀԿ-ի կապն առավել սերտացնելով ու առավել երևութականացնելով՝ ընդհուպ այն աստիճան, որ Վազգեն Սարգսյանն ընտրվեց ՀՀԿ պատվավոր առաջնորդ:

Կարճ ասած, Անդրանիկ Մարգարյանի օրոք ՀՀԿ-ն հայտնվեց իրադարձությունների կենտրոնում, իսկ հոկտեմբերի 27-ից հետո` ամենակենտրոնում, ընդ որում` ՀՀԿ-ի դերն ու նշանակությունն այնքան կարևորվեց, որ Արամ Սարգսյանի կարճաժամկետ վարչապետությունից հետո Անդրանիկ Մարգարյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ, և ՀՀԿ-ն շարունակեց հանդիսանալ իշխանական կուսակցություն` ոչ միայն այն պատճառով, որ կարճաժամկետ վարչապետ Արամ Սարգսյանն էլ էր դե ֆակտո ՀՀԿ-ինը, այլև այն պատճառով, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կուսակցության անդամ չէր: Եվ հոկտեմբերի 27-ի առաջացրած բարդություններից հետո ինչպես որ Արամ Սարգսյանի վարչապետ դառնալն էր Քոչարյանի համար մի պահ ցանկալի, Արամ Սարգսյանից հետո էլ Անդրանիկ Մարգարյանի վարչապետ դառնալը մի պահ ցանկալի դարձավ: Բայց, ի տարբերություն Արամ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի վարչապետության պահը չափազանց երկար տևեց` ընդհուպ իր երկրային ժամանակի ավարտը:

Անդրանիկ Մարգարյանից հետո Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ, ինչպես նաև` ՀՀԿ նախագահ: ՀՀԿ նոր առաջնորդը, ի տարբերություն իր նախորդների, ոչ միայն խորհրդային ժամանակներում քաղբանտարկյալ չէր եղել, այլև խորհրդային տարիներին կոմունիստ ու կուսակցական ֆունկցիոներ էր եղել` երկրորդ նախագահ Քոչարյանի հանգույն: Եվ չնայած խորհրդային պետությունը Գարեգին Նժդեհին հակառակորդ ու թշնամի էր համարում, էդ հանգամանքն ամենևին չխանգարեց, որպեսզի Սերժ Սարգսյանի առաջնորդության օրոք էլ ՀՀԿ-ում շեփորվեին նժդեհյան գաղափարներն ու գաղափարախոսությունը: Եվ ինչպես նախկինում, այսօր էլ ՀՀԿ-ի ամենանժդեհական Մուշեղ Լալայանն ընդգրկված է սույն կուսակցության ղեկավար կազմում` Գալուստ Սահակյանի, Հրանուշ Հակոբյանի և այլ նախկին կոմունիստների հետ միասին:

Եվ նժդեհակոմունիստական այս ալյանսը, որ մի պահ հակվեց դեպի եվրոկառույցներ, մի օր բնականաբար ու հեշտությամբ պիտի հակվեր դեպի Մաքսային միություն և նմանատիպ այլ կառույցներ, որովհետև, ինչպես ժամանակի ընթացքում տեսանք ու համոզվեցինք, նժդեհականությունը շատերը չափազանց յուրովի են ընկալում ու հաջողությամբ ծառայեցնում են իրենց քաղաքական ու մանավանդ հակաքաղաքական իմպրովիզներին:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    Հարգելիս, արի չպղծենք Նժդեհին ու Նավասարդյանին, նրաց գաղափարակից դարձնելով կոմսոմոլ Ս. Սարգսյանի կամ հավերժ ու անվերջ, նույնպես կոմսոմոլ Հ. Հակոբյանի հետ նաև շմայսեր չտեսած Շմայսի հետ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728