Լրահոս
Օրվա լրահոսը

«Թիթեռնիկի էֆեկտը» եւ կրթական համակարգը

Փետրվար 26,2014 13:55

Արձագանք Հովիկ Խալիկյանի «Մահ թագավորին»
«Առավոտի» 2013թ. դեկտեմբերի 12-ի հրապարակմանը

Կրթության եւ ազգային անվտանգության կապը, լինելով չափազանց խորքային, առերեւույթ աննկատելի է: Ուստիեւ այն դժվար ընկալելի է մնում շատ-շատերի, այդ թվում նաեւ պետական քաղաքականությունը որոշող այրերի մի զգալի մասի համար: Իհարկե, միայն կրթությամբ երկրի անվտանգությունն ապահովելը հնարավոր չէ, սակայն այդ բաղադրիչի նկատմամբ քամահրական վերաբերմունքը կամ արկածախնդիր մոտեցումը հավակնում է դավաճանության սեփական Պետության նկատմամբ:

Երկրորդ կարեւոր գործոնը, որին անհրաժեշտ է ուշադրությունը սեւեռել, դա կրթության ոլորտի նուրբ եւ զգայուն լինելն է, որում անգամ աննշան սխալները կարող են հանգեցնել, թեկուզեւ ուշացումով, ճակատագրական հետեւանքների: Ակնհայտ է, որ այս պնդումն անմիջական աղերսներ ունի անցյալ դարի 60-ական թվականներից ուսումնասիրվող «թիթեռնիկի էֆեկտի» հետ, որի համառոտ էությունը հետեւյալն է. Պերուում թիթեռնիկի թեւերի շարժումը անկանխատեսելի եւ փոխկապակցված իրադարձությունների հաջորդականության արդյունքում կարող է ուժեղանալ եւ Տեխասի նահանգում փոթորիկ առաջացնել: Ասվածը նշանակում է միայն մեկ բան. յուրաքանչյուր փոքրիկ քայլի հետեւանքներն անհրաժեշտ է բազմակողմանի վերլուծության ենթարկել (իհարկե, մասնագետների եւ ոչ թե քաղաքական գործիչների կողմից) ու հետո նոր կայացնել քաղաքական որոշումներ:

Վերջին տարիներին կրթության ոլորտի պատասխանատուների որդեգրած քաղաքականությունը նման տրամաբանված մոտեցման հակոտնյան է: Չկա նախադեպ, որ առաջարկվող յուրաքանչյուր կտրուկ փոփոխություն լայն քննարկման ենթարկվի շահագրգիռ կազմակերպություններում: Հանրակրթական դպրոցի բարեփոխման ծրագրի միայն մեկ քննարկում կազմակերպվեց Երեւանի պետական համալսարանում` չափազանց «խոսուն» վերջաբանով: Բարձրացված ոչ մի սկզբունքային հարց չդրվեց հանրային քննարկման եւ առավել եւս չստացավ իր հիմնավորված մեկնաբանությունը: Իսկ ներկայացված հայեցակարգն ընդունվեց որպես հիմք: Արդյունքում՝ առանց նախապատրաստական աշխատանքի անցանք տասներկուամյա կրթական համակարգի, որից բողոքում են թե մասնագետները, թե ծնողները, թե աշակերտները եւ անգամ իշխանության որոշ ներկայացուցիչներ: Այդ քայլի արդյունքներից գոհ են միայն կրթության եւ գիտության նախարարությունում: Ասվածները շատ պերճախոս են… եւ լրացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն չունեն: Հրապարակելով «Թեստային համակարգը եւ մեր մտավոր պոտենցիալի ապագան» («Առավոտ», 6 մայիսի 2011), «Կրթության արդի խնդիրները» («Առավոտ», 17 մայիսի 2011), «Հանրակրթական համակարգի փոփոխությունները պետք է լինեն ամբողջական» («Առավոտ», 17 մայիսի 2011), «Կրեդիտային համակարգի պերճանքն ու թշվառությունը» (Բնագետ. Հատուկ թողարկում. Համահայկական III կրթական գիտաժողով «Բնագիտությունը XXI դարում. Ուսուցման հիմնախնդիրներ եւ լուծումներ», էջ 122-125), «Կրթական համակարգի բնույթն ու բնական գիտությունները դպրոցում» (Բնագետ. Հատուկ թողարկում. Համահայկական III կրթական գիտաժողով «Բնագիտությունը XXI դարում. Ուսուցման հիմնախնդիրներ եւ լուծումներ», էջ 125-127) եւ «Ձեւ եւ բովանդակություն» (News.am 19.12.2013) հոդվածները, մենք ակնկալում էինք ոչ միայն մասնագետների, այլ առաջնահերթ պատկան մարմինների արձագանքը: Սակայն, ինչպես ընդունված է նման դեպքերում ասել՝ «Ձայն բարբառո հանապատի»: Դա սպասելի էր ՀՀ վերջին 20 տարիների դառը փորձից ելնելով: Հիշենք թեկուզ ՀՀ առաջին նախագահի արած հայտարարությունը հեռուստացույցով. «…ինչ ուզում եք գրեք, ես այն չեմ կարդում…»: Հիմա լոկ դա ընդհանրացվել է, եսը դարձել է մենք, չեմը` չենք: Այն ժամանակ ասում էին «մեր դեմ խաղ չկա», հիմա ասում են «մեզ այլընտրանք չկա»: Ժամանակին հանճարեղ բանաստեղծ Վոլֆգանգ Գյոթեն գրել է՝ «Չկա այնպիսի հիմարություն, որը հնարավոր չլինի ուղղել խելքի միջոցով եւ չկա այնպիսի իմաստություն, որը հնարավոր չլինի փչացնել հիմարության միջոցով»: Այս արտահայտությունն այսօրվա hայաստանյան եւ հետխորհրդային երկրների կրթական համակարգի դիպուկ բնութագիրն է: Ասվածն ուղղակիորեն հաստատում են օտարերկրյա հանրահայտ մասնագետները:
Որպես մեր մտահոգության արտացոլանք ընկալեցինք Հ. Խալիկյանի «Մահ թագավորին» հոդվածը, գրված թեկուզեւ այլ բնագավառի վերաբերյալ, սակայն իսկական մտավորականի նույն սրտացավությամբ: Մենք հատկապես ուզում ենք կարեւորել հոդվածի այն հատվածը, որը վերաբերում է դպրոցում շախմատը որպես դասավանդվող դասընթաց ընդգրկելուն, քանի որ այն սահունորեն ներառվում է մեր կողմից բարձրացվող հարցերի շրջանակում: Վերջինս ի սկզբանե բնակչության կողմից միարժեքորեն ընկալվեց որպես կրթակարգում վնասակար եւ վտանգավոր փոփոխություն: Սակայն ականջալուր լինող չկար՝ շախմատն իր դպրոցական ծրագրում ունեցող աշխարհում միակ պետությունը լինելու փաստից ոգեւորված կամ, միգուցե, ինչ-որ մի այլ պետության էքսպերիմենտում փորձնական ճագար լինելու համար ստացված 30 արծաթի դիմաց: Այս առումով մեջբերենք աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի` հեռուստացույցով արված մի հայտարարություն. «Դուդուկով եւ շախմատով երկիր չես պահի»:

Մեր կարծիքով, չնայած հոդվածը վերաբերում է լոկ շախմատին, արված եզրահանգումները ավելի ընդհանրական են: Այն առաջարկ է ՀՀ-ի ու հայ ժողովրդի համար ճակատագրական եւ ռազմավարական նշանակության հարցերը լուրջ քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ:

Արեւելյան հայտնի իմաստություն կա. ինչքան էլ ասես հալվա, հալվա` բերանումդ քաղցր չի լինի: Իրոք, որքան էլ ջանանք չնկատել կրթության ոլորտի բազում չարչրկումների ենթարկված «բարեփոխումների» բացասական ընկալումը հանրության կողմից, միեւնույն է, արդյունքները հակառակն են ապացուցում: Այսպես, Խորհրդային Հայաստանում որպես նվազագույն պարտադիր ուսուցում, գործում էր 10-ամյա միջնակարգ հանրակրթական դպրոց, որը ձեւավորում էր աշակերտի անհատական ու հասարակական կերպարը, նրան հաղորդում ժամանակին համահունչ առօրեական նվազագույն անհրաժեշտ գիտելիքներ եւ միաժամանակ (ու ներդաշնակ) հիմք էր նախապատրաստում ցանկացած բնագավառում եւ բարձր մակարդակով հետագա ուսումնառության համար: Միաժամանակ, համակողմանի զարգացման նպատակով, դպրոցում գործում էին արտադասարանական պարապմունքներն ու բազմազան խմբակները՝ երգ ու պարի, շախմատի, ֆուտբոլի, բոքսի, մաթեմատիկայի, ավիամոդելային եւ շատ այլ: Դա աշխարհում այն ժամանակներում համարվում էր առաջադեմ եւ շատ երկրների կողմից (օրինակ, ԱՄՆ-ն Ջ. Քենեդու նախաձեռնությամբ) այն գոնե մասամբ ընդօրինակվում էր: Արդյունքում հայ մասնագետներն ու գիտնականները նույնպես աշխարհում բարձրակարգի եւ լավագույնի համբավ ունեին, իսկ ժողովրդի կրթական միջին մակարդակը չէր զիջում համաշխարհայինին: Ավելին, մեր երկրում միջինի նշաձողն էլ ավելի բարձր էր: Չգրված օրենքով «հայկական պարտուս» դարձավ թերի բարձրագույն կրթությունը (արդի բակալավրականին համարժեքը): Դա բերեց նրան, որ Հայաստանը հռչակվեց «ռադիոէլեկտրոնիկայի երկիր», այսինքն, այն ժամանակվա բարձր տեխնոլոգիաների երկիր: Իհարկե, կրթական ոլորտում մերթընդմերթ ի հայտ էին գալիս թերություններ, որոնք մեծ մասամբ մակածված էին գիտատեխնիկական առաջընթացով` պայմանավորած տարբեր ոլորտների զարգացումների անհամաչափությամբ: Դրանք ուղղման ենթակա էին, եւ հնարավոր էր շտկել: Անկախացած ՀՀ-ում մենք դատապարտեցինք ոչնչացման մերը եւ առանց լուրջ հիմնավորման վերցրինք ուրիշինը, այնպես, ինչպես ոչնչացրինք նախաքրիստոնեական մեր մշակութային ողջ աղբյուրները: Հիմա էլ նույնկերպ վարվում ենք խորհրդային մեր ոսկեդարյան մշակույթի հետ: Ի տարբերություն Ջ. Քենեդու` մենք փոքրիկ դրամաշնորհներով մեծ փութով հիմնովին քանդեցինք մեր կրթակարգը`դպրոցը, բուհը եւ ամենը, ինչը կապված էր մեր 70-ամյա պատմության եւ ազգային ավանդույթների հետ: Ի հավելումն դրա` բոլորին հակընթաց արվեցին մի շարք նորամուծություններ.
1.Ներմուծեցինք «այլընտրանքային» ուսուցման ծրագրեր ու վճարովի կրթություն` դրանով իսկ զրկելով բնակչության ստվար մասին բովանդակային ուսումնառությունից:
2.Կտրեցինք բուհ-դպրոց կապը, ուստիեւ խաթարեցինք ուսումնառության ներդաշնակ շարունակականությունը:

3.Այնուհետեւ, մի քանի հավելյալ դոլարով 10-ամյա կրթական համակարգը դարձրինք 12-ամյա` չունենալով ո՛չ ուսպլաններ, ո՛չ առարկայական ծրագրեր, ոչ էլ աշակերտներին զբաղեցնելու միջոցներ: Այսպես, օրինակ, դպրոցներից մեկում աշխարհագրության կիսամյակային ստուգողական գրավորի համար գրատախտակին գրված էր երկու հարց, որոնք վերաբերում էին աստղերի, գալակտիկաների եւ տիեզերական այլօրինակ օբյեկտների ծագմանն ու ֆիզիկական հատկություններին: Այս թվարկումը կարելի է երկար շարունակել՝ ներառելով նաեւ ավարտական, ընդունելության եւ ուսանողների համար կիսամյակային քննաշրջաններում արվող քննակարգային անվերջանալի փոփոխությունները: Առանձնացնենք երկու կարեւորը դրանցից:

1. Կանգ առնենք արդեն իսկ անդրադարձած աշխարհագրության օրինակին: Բովանդակային առումով, եթե հանրակրթական դպրոցում դասավանդած աշխարհագրությունը համարվում է մակերեսային եւ դարձյալ ընդգրկվում ավագ դպրոցում, ապա ենթադրվում է ուսուցում հնարավորինս ավելի խորացված մակարդակով: Սակայն, ստացվում է, որ թեմաների սղության պատճառով այն վերափոխվում է ու լրացվում աստղաֆիզիկայով եւ այն էլ այնպիսի հարցադրմամբ, որին ոչ բոլոր ֆիզիկոսներն են ի զորու սպառիչ պատասխան տալու: Սեւեռենք հետեւյալ պնդումը: Ոչ կարեւոր կամ վատ գիտություններ չկան, եւ ամեն մեկը որոշակի գիտելիք, անշուշտ, կտա դպրոցականին (այդ թվում նաեւ շախմատը կամ ազգային երգ ու պարը կամ այլ ինչ): Բայց ընդգրկել բոլորը դպրոցական ծրագրերում անհնար է: Հետեւաբար, անհրաժեշտ է խստագույն ընտրություն կատարել՝ մի կողմից ուսումնական պլաններում ընդգրկվող առարկաների, մյուս կողմից տվյալ առարկայի ծրագրերում ընդգրկված անհրաժեշտ թեմաների: Նման տրամաբանությամբ շարունակելիս` քսան տարի հետո, երբ ինֆորմացիայի ծավալը կրկնապատկվի, նորի՞ց հարկ կլինի ավելացնել դպրոցական տարիների քանակը: Կարծում ենք, որ բոլոր հնարավոր ճանապարհներից դա ամենասխալն է: Շատ ավելի ռացիոնալ է մարդկային գործունեության արդյունքում արդեն իսկ բյուրեղացված գիտելիքների մատուցումը եւ համակշռված ծրագրերի մշակումը՝ գիտելիքների փոխկապակցվածության գործոնի լրջագույն հաշվառմամբ: Այս պարագայում դպրոցական տարիների քանակը փոփոխման ենթակա չէ: Որպես առաջին քայլ` մեր մի շարք հոդվածներում արդեն առաջարկել ենք ավագ դպրոցում մայրենի լեզուն եւ հայ ժողովրդի պատմությունը խորացնել այնքան, որպեսզի ՀՀ ցանկացած քաղաքացի, այդ թվում պատգամավորները, կառավարության անդամներն ու դերասանները, տիրապետեն բարձր մակարդակով, իսկ բուհերի ոչ հումանիտար ֆակուլտետները բեռնաթափվեն այդ առարկաներից: Այնուհետեւ, նպատակային ավելացնել որոշ առարկաների դասաժամերը. մաթեմատիկական առարկաներինը՝ երեւակայությունն ու վերացական մտածելակերպը զարգացնելու նպատակով, ֆիզիկայինը, կենսաբանությանը եւ քիմիայինը՝ ճանաչողականությունը, իրատեսությունն ու մոդելային մտածելակերպը զարգացնելու համար, մնացածը պահել ավանդական դպրոցի մակարդակով: Հիշենք, որ այսօրվա բարձր տեխնոլոգիաները՝ նանոտեխնոլոգիաները, համակարգչագիտությունը, գենետիկան, չափագիտությունը, կենսաբժշկական տեխնիկան, էներգետիկան եւ մյուսները, հենվում են հատկապես ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինչպես նաեւ ինֆորմատիկայի վրա, որոնք էլ կազմում են XXI դարի էությունը: Բ. Օբամայի երդմնակալության խոսքում հնչած հինգ թիրախներից մեկը դա էր, մյուսն էլ կրթական մակարդակի բարձրացումը:
2. Անդրադառնանք նաեւ ընդունելության քննակարգի վերջին նորամուծությանը, որն այս տարի տարածվել է նաեւ «Ֆիզիկա» առարկայի վրա: Խոսքը «պնդումների փունջ» տեսակի առաջադրանքների մասին է: Այսպես, օրինակ, դիմորդը կարող է 6 պնդումից երեքին պատասխանել ճիշտ, իսկ երեքին սխալ եւ ստանալ գումարային զրո տվյալ առաջադրանքից, իսկ երեք հարցին ճիշտ, մյուս երեքին` «չգիտեմ» պատասխանի դեպքում վաստակել երեք միավոր: Պարզագույն վերլուծությունն անգամ ցույց է տալիս, որ նման հոգեբանության ներմուծումը ընդունելության համակարգում ավելի շուտ բուհին տրամադրում է ավանտյուրիստների, կազինոյում խաղացողների հոգեբանությամբ, քան թե տրամաբանություն եւ մտքի ստեղծագործական թռիչք ունեցող անհատների, որոնց հետ հնարավոր է կապել երկրի ապագան: Եզրափակելով մեկ անգամ եւս նշենք, որ երիցս ճիշտ է պարոն Հ. Խալիկյանը. «Դպրոցը փորձադաշտ չէ»:

Այս պնդումը կարելի է նույնիսկ ընդհանրացնել: Ընդհանրապես ասած` արդեն ձախողված եւ ձախողման ենթակա ծրագրերի համար փորձադաշտ չէ նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Այդպիսիք շատ են, սակայն թվարկենք մի քանիսը. Գյումրին` տարածաշրջանային տեխնոպարկ, Դիլիջանի միջազգային քոլեջ` տարեկան 30000 դոլար վարձավճարով (ովքեր են ուսանելու, ովքեր են դասավանդելու եւ, հետաքրքիր է, ինչ օգուտ ունի ՀՀ-ն, որ գրչի մի հարվածով այդ կառույցն ազատվում է հարկերից), կուտակային կենսաթոշակային ծրագիր կամ մի շարք այլ՝ բոլորն էլ առանց լուրջ, անկախ մասնագիտական փորձաքննության: Ընդհանրապես առանց տնտեսագիտական, քաղաքական եւ սոցիալական լուրջ վերլուծությունների՝ նման ծրագրերի իրականացման հետեւանքներն անկանխատեսելի են (մեկ անգամ եւս հիշենք թիթեռնիկի էֆեկտը): Մասնավորապես, քանի որ հիմնականում խոսում էինք կրթական համակարգի մասին, ապա դպրոցական ծրագրերն անհրաժեշտ է բեռնաթափել ավելորդ, ոչ նպատակային առարկաներից: Ժամանակն է սթափվելու: Հայաստանի Հանրապետության բնակչության թվաքանակի վերաբերյալ հրապարակված պաշտոնական տվյալները վկայում են, որ այն մոտ է կրիտիկական շեմին, որից հետո կսկսեն անդառնալի պրոցեսներ եւ Հայաստանը որպես ազգային պետություն կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից:

ՌՈԼԱՆԴ ԱՎԱԳՅԱՆ, ԳԱԱ թղթ. անդամ, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր
ՀԱՄԼԵՏ ԿԱՐԱՅԱՆ, ԳԱԱ թղթ. անդամ, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր
ԼԵՎՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վերջին քսան տարիների ընթացքում արմատապես թունավորված տաղտկալի ԶԼՄ-ների աշխարհը, կարո՜տ էր մնացել մի այսպիսի հոդվածի: Վաղուց չէի կարդացել մի հոդված, որն այսքան լիամփոփ, անկեղծ ու գրագետ կլիներ շարադրված: Անչափ շնորհակալ եմ: Հուսով եմ Ձեր խոսքը չի դառնա «Ձայն բարբառո հանապատի», և մի օր մեր չեղած իշխանությունները կփոխվեն՝ տանելով իրենց հետ այս դառը հետևանքները:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728