Լրահոս
Օրվա լրահոսը

«Դումանյանի՝ ստվերի դեմ պայքարի համավճարային մեթոդը սխալ մեթոդ է»

Մարտ 01,2014 14:30

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ստվերի դեմ պայքարի մղումով 1 օրում 2 հրաման արձակեց, բայց հաջորդ օրն իսկ փոշմանեց

Որպեսզի կրճատի պոլիկլինիկաներում եւ ծննդօգնության ոլորտներում ստվերն ու կոռուպցիան, նախարարը որոշել էր համավճար մտցնել. պոլիկլինիկաներում որոշ ծառայությունների համար 500-1000 դրամ էին սահմանել, իսկ հղիության ախտաբանության համավճարը օրական 5000 դրամ էր սահմանված: Նախարարը երեկ որոշեց հետ կանգնել ստվերի դեմ պայքարի իր մեխանիզմից, քանի որ համավճարի գաղափարը մի խումբ քաղաքացիների դժգոհությունն առաջացրեց, եւ բողոքի ակցիա տեղի ունեցավ:

Պոլիկլինիկաների համավճարը հետաձգվել է մինչեւ հուլիսի 1-ը՝ պատճառաբանությամբ, որ դեռ մանրակրկիտ կուսումնասիրեն մեխանիզմն ու զեղչերի համակարգ կնախատեսեն: Իսկ հղիներին վերաբերող համավճարն ընդհանրապես չեղյալ համարվեց: Մի քանի ժամում փոշմանել ու հետ կանգնել սեփական հրամանից՝ սա խոսում է այն մասին, որ այդ 2 որոշումները «ոտքի վրա» են կայացրել ու մանրակրկիտ չեն ուսումնասիրել:
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը կարծում է՝ հուլիսի 1-ից էլ չի գործի պոլիկլինիկաների համավճարը:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Մկրտչյանը՝ վերլուծելով այն ժամանակաշրջանը, երբ առողջապահության այդ երկու ոլորտները վճարովիից անցնում էր անվճարի, դա ընդամենը նախընտրական շրջանում դիվիդենդներ հավաքելու միջոց էր. «Երկու ընտրությունների ցիկլերը նայելով՝ այդ 2 ծրագրերի տեսանկյունից պոպուլիստական որոշուներ կայացրեցին, խոստումներ տվեցին՝ տեսեք-տեսեք, անվճար ենք դարձնում: Օրերս էլ կայացրած որոշումները կրկին քաղաքական հարթության վրա են: Իշխանությունները 2 անգամ հաղթեցին ընտրություններում՝ ի հաշիվ այդ որոշումների՝ անվճար բուժծառայությունների, բայց իրականում տեսանք, որ այնքան էլ անվճար չէր, ստվեր երկու տեղում էլ՝ պոլիկլինիկաներում եւ ծննդօգնությունում մնացին»: Նախկին նախարարի դիտարկմամբ՝ հիմա եւ առաջիկայում արդեն քաղաքական խոստումներ տալու խնդիր չկա, որոշել են վճարովի ծառայություններ մտցնել՝ համավճարի տեսքով:
«Առավոտի» այն դիտարկմանը, որ ներկայիս նախարարը կարծես նախորդներին «սխալ է հանում», քանի որ այդ 2 ոլորտներում անվճար բուժծառայությունները չարդարացվեցին, ուստի փոքր քայլերով վերադառնում են նորից վճարովի համակարգին, պարոն Մկրտչյանն ասաց. «Իմ կարծիքով՝ Դումանյանը ոչ թե նախարարների առումով է բան ուզում ասել, այլ այն խնդիրն է, որ ամեն մեկը գալով նախարար՝ ինչ-որ նորամուծություններ է ուզում անել, այս մարդն էլ սա է անում: Բայց հուլիսի 1-ին էլ չի ներդրվի պոլիկլինիկայի համավճարը, որովհետեւ խնդիրը քաղաքական է, որովհետեւ ՀՀԿ-ն եւ նախագահը կուրծք էին ծեծում ու ասում՝ մենք մեծ նվաճում ունենք, անվճար ենք սարքել: Իսկ երբ նման մեծ աղմուկ բարձրացավ, անմիջապես հետ կանգնեցին համավճարից»:

Առողջապահության նախկին նախարարի դիտարկմամբ՝ նման փոքր փոփոխություններով առողջապահության համակարգում դրական գործընթացների չեն գա, սրանք կոսմետիկ բաներ են. պետք է հայեցակարգային լուրջ փաստաթուղթ մշակել ու հասկանալ, թե այս երկրի առողջապահությունն ո՞ւր է գնում՝ Մաքսային միությո՞ւն, ու մեր առողջապահությունը դառնալու է ռուսակա՞ն, ղազախակա՞ն, թե՞ բելառուսական առողջապահության նման, որտեղ այս ոլորտն ավելի վատն է, մենք ի համեմատ նրանց՝ բավականին առաջընթաց ունենք, թե՞ այլ երկրի օրինակով պետք է շարժվենք:
«Առավոտի» այն հարցին էլ, թե պարոն Դումանյանը փորձում է կոռուպցիայի դեմ պայքարել, եւ ի վերջո՝ ո՞րն է դրա լավագույն տարբերակը, նախկին նախարարն ասաց. «Այն մեթոդով, որով Դերենիկ Դումանյանը փորձում է պայքարել ստվերի դեմ, դա ստվերի դեմ պայքարի մեթոդ չէ: Համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել համավճարից՝ որպես ստվերի դեմ պայքարի միջոց, դա միայն բերում է գների բարձրացման: Այսինքն՝ բացի համավճարից, հիվանդը մի հատ էլ «լեւի» գումար պետք է տա իրեն լավ նայելու համար: Աշխարհում 50/50 համավճար չկա, այլ երկրներում համավճարը ծառայության գնի 5-10%-ից ավելի չի կարող լինել, այդպես են անում, որպեսզի առողջապահական ծառայությունների ավելորդ սպառման դեմ կանգնեն»:

Պարոն Մկրտչյանի դիտարկմամբ՝ առողջապահական պարտադիր ապահովագրությունը կարող է ստվերի ու կոռուպցիայի խնդիրը լուծել, սակայն այս ապահովագրությանն էլ դեռ ժամանակ է պետք պատրաստվելու համար:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31