Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային արխիվի տնօրեն. «Պետք է ստեղծենք Ցեղասպանության զոհերի շտեմարան»

Մարտ 20,2014 12:12

 ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում խոսեց Հայոց ցեղասպանության եւ Համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցին ընդառաջ կատարվող աշխատանքների մասին:

«Մինչ հարյուրամյակին անցնելը՝ պետք է խոսել մեկ այլ հարյուրամյակի մասին, դա Առաջին համաշխարհային պատերազմն է, որի հետեւանքն էր Հայոց ցեղասպանությունը: Այդ պատերազմի մասնակից երկրներն այժմ պատրաստվում են նշել հարյուրամյակը, մեծ ցուցահանդեսներ են կազմակերպում: Օրինակ մենք ներկա պահին ֆրանսիական կողմի հետ վիրտուալ ցուցահանդես ենք պատրաստում, որտեղ 150 փաստաթուղթ կլինի մեր կողմից, նույնքան էլ ֆրանսիական կողմից: Նշեմ, որ ֆրանսիական կողմից Արեւելյան կոչվող հայկական լեգիոն է կռվել: Հայկական լեգիոնը մասնակցել է Պաղեստինում Թուրքիայի դեմ մղվող մարտերին, Կիլիկիայի ազատագրմանը: Ինչ վերաբերվում է Ռուսաստանում կազմակերպվելիք ցուցահանդեսին, որը նվիրված կլինի Համաշխարհային պատերազմին, առանձին հատված նվիրված կլինի Կովկասյան ռազմաճակատին, որտեղ մասնակցում էին Անդրանիկի, Քեռու, Դրոյի ղեկավարությամբ կամավորական ջոկատներ»-պատմեց ազգային արխիվի տնօրենը:

Նաեւ հավելեց, որ արխիվը պատրաստում է «Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին» վերնագրով ռուսերեն ժողովածու, որը հավանաբար լույս կտեսնի Մոսկվայում: «Առայժմ զերծ կմնանք այս եւ մյուս աշխատանքներում ցեղասպանությունը ներկայացնել: Ի դեպ, Ֆրանսիական ցուցահանդեսը կապված է մայիսին Օլանդի այցի հետ: Պիտի ցույց տանք, թե օրինակ, 1914 թ հուլիսին ինչքան հայեր են զորակոչվել թուրքական բանակ եւ ուղարկվել Սիբիր: Կամ այն, որ 1917 թ, երբ ԱՄՆ-ը մասնակցեց պատերազմին, նրանց բանակի կազմում կային հայազգի զինվորներ եւ սպաներ»:

Բանախոսը տեղեկացրեց, որ հրապարակել են «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» ժողովածու, որի մի մասը թարգմանվել է անգլերեն, մյուս լեզուներով եւս թարգմանվելու է: «Շատ ուշացած պետք է ստեղծենք Ցեղասպանության զոհերի շտեմարան: Երբ մի անգամ ասեցի, որ 200000-300000 զոհի մասին ինֆորմացիա կա, անմիջապես ադրբեջանցիները ինձ քաղաքական ապաստան առաջարկեցին: Նշեմ, որ հրեաներն իրենց Հոլոքոստի մասին հավաքել են վեց միլիոն անուն, երեք միլիոն լուսանկար: Մեր պարագայում թիվը շատ փոքր է ստացվել, որովհետեւ շատ ենք ուշացել: Այժմ կարող ենք միայն այն անունները վերցնել, որոնցից հիշատակումներ մնացել են, մինչդեռ 1920-30-ականներին ավելի շատ մարդկանց մասին կարող էինք տեղեկություններ ունենալ: Հայերը հայրենակորուստ են եղել, տարածքներ, եկեղեցիներ, ունեցվածք կորցրել: 1918-19 թթ Հովհաննես Թումանյանի ղեկավարությամբ ստեղծվել էր հանձնախումբ, որը հաշվել էր, թե հայերը Եվրոպական կամ Համաշխարհային պատերազմում ինչ կորուստներ են ունեցել: Հաշվարկն էլ այն ժամանակ ֆրանկով էր արված, նյութերը պետք է ներկայացվեին Փարիզի համաժողովին, որպեսզի հայերը փոխհատուցում ստանան, բայց դա չեղավ»,- պատմեց պարոն Վիրաբյանը:

Նա ափսոսանքով հայտնեց, որ սովոր ենք ամյակից-ամյակ հիշել ու նշել ինչ-որ բաներ, մինչդեռ պետք է պարբերաբար աշխատանքներ կատարել:

Դառնալով Կիլիկիայում հայկական ինքնիշխանություն կամ հանրապետություն ստեղծելուն, Ամատունի Վիրաբյանը ասաց, որ ցուցահանդեսում ցույց կտան, թե ինչ շահեր մեջտեղ եկան, որ ֆրանսիացիներն այդ տարածքները վերադարձրին թուրքերին:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ ՀՀ ազգային արխիվի փաստաթղթերի թվայնացմանը: Արխիվի տնօրենը հայտնեց, որ մեկ կոճակ սեղմելով կարելի է գտնել փնտրվող անունը. «Թվայնացված փաստաթղթերի առումով 900000-ի սահմանն անցել ենք, եթե հասնենք մեկ միլիոնի, այդ բազան կտեղադրենք նաեւ համացանցում: Բայց, փաստաթղթի պատկերը համացանցում չի լինելու, կլինեն միայն քարտերը»:

Տեղեկացանք, որ Հայաստանի ազգային արխիվը իր նախաձեռնությամբ 1915 թ եւս մեկ մեծ ցուցահանդես է կազմակերպելու Ցեղասպանության թեմայով, նույնիսկ վերանորոգման աշխատանքներ են սկսել՝ դահլիճը 2,5 անգամ մեծացնելու նպատակով, որպեսզի հնարավորություն ստեղծվի ավելի շատ բան ցուցադրել:

Ինչ վերաբերում է հայերի՝ թուրքերին «դավաճանած» լինելու մասին հարցին, պարոն Վիրաբյանը փաստեց. «Նման բան չկա: Սարիղամիշի ճակատամարտում հայերն են փրկել Էնվեր փաշային, հակառակ դեպքում նա գերի էր ընկնելու ռուսների մոտ: Նույնը եղել է այլ ճակատամարտերի ժամանակ: Իսկ հայերը դիմել են ինքնապաշտպանության, եթե եղել է լուրջ ճնշում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրաչ Պետրոսյան says:

    Իզուր տեղը չեմ պնդում, որ չպետք է արթնացնել յուրաքանչյուր Հայի մեջ ննջող պատմաբանին, թերուս իհարկե…

    1° «Մինչ հարյուրամյակին անցնելը՝ պետք է խոսել մեկ այլ հարյուրամյակի մասին, դա Առաջին համաշխարհային պատերազմն է, որի հետեւանքն էր Հայոց ցեղասպանությունը:”

    Ոչ, պարոն ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյան. հայոց ցեղասպանությունը նախ եւ առաջ մասոնական Իթթիհադ վէ Թերակկը կազմակերպության եւ կառավարության, այսինք Երիտ-թուրքերի ՈՐՈՇՈՒՄՆ է, իսկ Առաջին համաշխարհային պատերազմը ոչ միայն ՊԱՏՐՎԱԿԸ, այլ հայոց ցեղասպանությունն ԻՆՔԸ այդ պատերազմի կարեւորագույն պատրվակներից մեկը…

    2° “Դառնալով Կիլիկիայում հայկական ինքնիշխանություն կամ հանրապետություն ստեղծելուն, Ամատունի Վիրաբյանը ասաց, որ ցուցահանդեսում ցույց կտան, թե ինչ շահեր մեջտեղ եկան, որ ֆրանսիացիներն այդ տարածքները վերադարձրին թուրքերին:”

    Իսկ ինչու ֆրանսիացիները ընդհանրապես? Եւ ոչ թե սոցիալիստները եւ հատկապես մասոնները, որ ղեկավարում էին Ֆրանսիան? Թե փաստեր եւ վկայություններ դեռ չեք հավաքել?

    Հետաքրքիր կլինի նաեւ իմանալ թե ովքեր են կազմում ձեր ցուցահանդեսին մասնակցող “ֆրանսիական կողմ”-ը?..

  2. Հրաչ Պետրոսյան says:

    Ազգային արխիվի տնօրենն ասում է. «Շատ ուշացած պետք է ստեղծենք Ցեղասպանության զոհերի շտեմարան: Երբ մի անգամ ասեցի, որ 200000-300000 զոհի մասին ինֆորմացիա կա, անմիջապես ադրբեջանցիները ինձ քաղաքական ապաստան առաջարկեցին: Նշեմ, որ հրեաներն իրենց Հոլոքոստի մասին հավաքել են վեց միլիոն անուն, երեք միլիոն լուսանկար: Մեր պարագայում թիվը շատ փոքր է ստացվել, որովհետեւ շատ ենք ուշացել: Այժմ կարող ենք միայն այն անունները վերցնել, որոնցից հիշատակումներ մնացել են, մինչդեռ 1920-30-ականներին ավելի շատ մարդկանց մասին կարող էինք տեղեկություններ ունենալ:”

    Այսինքն ինչ? Պետք է փնտրեն, գտնեն, գրանցեն եւ հրապարակեն, ի միջի այլոց, զոհերի անունները, այն էլ “Շատ ուշացած”? Մի բան որ բոլորովին անհնար է եւ այլեւս իմաստ էլ չունի?

    Առանց հեգնանքի ասեմ, որ հերիք է մահացած մարդկանցով զբաղվեք ու մեզ զբաղեցնեք, իբր թե շաաատ մեծ եւ ազգօգուտ գործ եք անում… Դա հեռու կլինի գիտական արժեք ունենալուց, քանի որ 2 միլիոնից ավելի զոհերի գրեթե կեսի անունները հնարավոր չի իմանալ եւ դա չի ծառայի ոչ մի լուրջ պատմական հետագա ուսումնասիրության:

    Իսկ ամենայն լրջությամբ ասեմ, որ փոխանակ դրա վրա ժամանակ եւ դրամ վատնելու, Երեւանի կենտրոնում, քանի դեռ “Շատ ուշ” չէք, մի հատ մարմարից գեղեցիկ Ողբի Պատ սկսեք կառուցել եւ սկզբից ու հերթով վրան փորագրել այն բոլոր մարդկանց ստուգելի անուները, որ 1990-ից հետո ողջ են լքել Հայաստանը հայտնի պատճառներով: Այ դա իսկապես կլինի եւ գիտական, եւ վիճակագրական, եւ պատմական անժխտելի արժեք ունեցող տեղեկութուն գալիք սերնդների հետազոտությունների համար: Հայոց պատմության մեջ, երեւի սա լինի ամենաստույգ տեղեկությունը… Եւ մի կարեւոր առավելություն էլ կա. ամեն օր կարող եք այդ Ողբի Պատը մեծացնել, ընդարձակել…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31