Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագա կառավարությունում այլեւս չեն լինի Տիգրան Սարգսյանի «թիմի» անդամները. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 04,2014 11:02

Տիգրան Սարգսյանի կառավարությունն ուներ պայմանականորեն ասած երեք խումբ նախարարներ։ Առաջին խումբը դա անմիջականորեն Սերժ Սարգսյանի հետ աշխատող նախարարներն են, երկրորդը՝ Տիգրան Սարգսյանի «թիմը» եւ երրորդը՝ ՕԵԿ-ի քվոտայով նախարարները։

Առաջին խումբը, թերեւս, կպահպանվի ամբողջությամբ։ Այդ խմբի ամենաառանցքային անձը արդեն 13 տարի անընդմեջ պաշտոնավարող ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն է, ում պաշտոնավարության շարունակությունը ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում։ Նա համակարգում է Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը օրըստօրե խորացնելու ամբողջ աշխատանքը եւ իր այդ գործում նա հասել է կատարելության։ Նա, ըստ էության, «Գազպրոմ», «ՌԱՕ ԵԷՍ», «Իտեռա», «Ռոսնեֆտ» եւ ռուսական այլ «գիգանտ» ընկերությունների ներկայացուցիչն է Հայաստանի կառավարությունում ու լավագույնս պաշտպանում է նրանց շահերը։ Հաշվի առնելով նշված ընկերությունների ազդեցությունը Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունների վրա՝ կարելի է առանց դժվարության կռահել, որ Արմեն Մովսիսյանը շարունակելու է իր պաշտոնավարությունը։

Այդ խմբում է նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Վերջինիս պաշտոնավարումը կամ պաշտոնանկությունը դժվար թե որեւէ մեկին հետաքրքրի։ Այնպես որ, չափազանց փոքր է հավանականությունը, որ նա նոր կազմում չլինի։

Առանձնահատուկ դեպք է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Եթե նա 1 տարի շարունակում է պաշտոնավարել այն պարագայում, երբ Հայաստանը արագ քայլերով վերածվում է անապատի, ապա չկա որեւէ հիմք կասկածելու, որ նա կրկին կհայտնվի իր պաշտոնում։ Եվ սա ընդամենը բացատրվում է նրանով, որ նա ճիշտ ժամանակին եւ ամբողջ ծավալով կատարում է Սերժ Սարգսյանի առաջ ստանձնած իր բոլոր պարտավորությունները, որոնք որեւէ կապ չունեն բնապահպանության հետ։ Դրանք ավելի շատ անձնական-«գործնական» հարաբերություններ են։

Նույն, կամ գրեթե նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաեւ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ու ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետագա պաշտոնավարման հավանականությունը։

Այս նույն խմբում, սակայն, բոլորովին այլ տեսանկյունից, կարելի է դասել նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին։ Վերջինիս այդ պաշտոնին նշանակելը ուներ միայն մի նպատակ՝ գոնե տնտեսության առանձին հատվածներում տնտեսվարման ժամանակակից մոդելներ ներդնել։ Հրաժարական տված կառավարությունում Ավանեսյանը դեռ մեկ տարի էլ չէր աշխատում, բայց նա կարողացել է որոշ հաջողություններ արձանագրել։ Այս առումով չափազանց մեծ է հավանականությունը, որ Ավանեսյանը եւս կշարունակի պաշտոնավարել։

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետագա պաշտոնավարումը կասկածի տեղ չի թողնում, չնայած ամենեւին չի կարելի բացառել, որ նա կստանա այլ պորտֆել կամ այլ պաշտոն։

Որեւէ պաշտոնում, հնարավոր է նույնիսկ վարչապետի, կառավարության կազմում կմնան նաեւ Պնախարար Սեյրան Օհանյանը եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։

Մեծ է հավանականությունը, որ իրենց պորտֆելները կպահպանեն նաեւ ՕԵԿ-ականները՝ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւ գյուղնախարար Սերգո Կարապետյանը։ Կարծիքներ կան, որ ցրտահարությունից հետո գյուղացիների հնարավոր դժգոհությունները պարպելու համար Սերժ Սարգսյանը որոշի պաշտոնանկ անել Սերգո Կարապետյանին, բայց հաշվի առնելով վերջինիս ջերմ հարաբերությունները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, նման հավանականությունը չափազանց փոքր է։

Կասկածից վեր է, թերեւս, որ ապագա կառավարությունում այլեւս չեն լինի Տիգրան Սարգսյանի «թիմի» անդամները։ Խոսքը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանի եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մասին է։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930