Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 13-ին Ծաղկազարդն է

Ապրիլ 12,2014 13:46

 Ապրիլի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր:

Տոնի օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, կկատարվի մանուկների օրհնության կարգ:

Օրվա խորհրդին ընդառաջ` Ս. Էջմիածնում Մայր Տաճարի բակում, ժամը 10:00-ին կկատարվի Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ, որի ընթացքում ներկա մանուկներին իր հայրական օրհնությունն ու պատգամները կբաշխի Ամենայն Հայոց Կաթողիկոսը:           Այնուհետև 11:00-ին կմատուցվի Ս. Պատարագ:

Նույն օրը երեկոյան` 17:30-ին, կկատարվի նաև Դռնբացեքի արարողությունը:

 

Օգտակար տեղեկություններ

 Սուրբ Հարության տոնից` Զատկից մեկ շաբաթ առաջ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ նկարագրում են բոլոր չորս ավետարանիչները` մանրամասնելով, թե ինչպես ժողովուրդը փառաբանությամբ ու օրհնությամբ է դիմավորում Տիրոջ գալուստը: «Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա» (Մատթ.21:9): Ժողովրդի բազմությունը աղաղակում էր ու ասում. «Օվսաննա, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով» (Հովհ. 12:13):

Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է հանդիսավոր ժամերգություն, ապա անդաստան, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին:

Ավետարանական այս դրվագը յուրաքանչյուրին հիշեցնում է Քրիստոսի գալստյան մասին` խրատելով ապրել այնպես, որ արժանի լինեն Տիրոջ առջև կանգնելու և բացականչելու. «Օվսաննա, օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով»:

Մայր աթոռ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930