Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Ռոբերտ Քոչարյանն իր ծոծրակը կտեսնի, բայց ՀՀ իշխանությունն այլեւս չի տեսնի»

Ապրիլ 22,2014 14:24

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի համոզմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով, փորձում է ապահովել «հանցագործ» Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:

«Ես լիազորված եմ իմ բոլոր ընկերների անունից հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանն իր ծոծրակը կտեսնի, այլեւս Հայաստանի իշխանություն չի տեսնի: Ղարաբաղյան կլան, երեւանյան կլան չի լինելու, շուտով կհասնենք դրան ու կապացուցենք, իսկ եթե Հայաստանում կլան լինի, դա կլինի օրենքի կլան: Բոլորը պետք է պատասխան տան ու ժողովրդին վերադարձնեն թալանածը: Ով էլ որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում մաս կազմի, նա նույն հանցագործների շարքը կհամալրի»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց պարոն Սարգսյանը:

Անդրադառնալով ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու որոշմանը, նա ասաց. «Շատ տղամարդիկ կան, որոնք այլ խառնվածք ունեն, սիրում են տրվել: Արթուր Բաղդասարյանն առաջին անգամ քաղաքական իմաստով տրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, հետո տրվեց Ռոբերտ Քոչարյանին, հետո Քոչարյանը բռնացրեց դավաճանության մեջ, նա էլ տրվեց Սերժ Սարգսյանին… այս երեւույթի մասին աղմուկ բարձրացնել, թե Արթուրը կարող է ընդդիմություն դառնալ, հինգերորդ շարասյուն լինել, քառյակին ավելանալ, դառնալ հինգերորդ , պատիվ չբերող խոսակցություններ են: Էդպես որ խոսենք, վաղն էլ վեցերորդ շարասյուն կարող են դառնալ Հայկ Բաբուխանյանը, Արտաշես Գեղամյանը»:

Նա նաեւ ասաց, որ դաշտային հրամանատարների խորհրդի ազատամարտիկները վաղը հավաք են անցկացնելու, կոնկրետ գնահատականներ են տալու երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ելքերի ու քայլերի ծրագիր են քննարկելու՝ ի՞նչ պետք է անել, ինչպես են տեսնում ելքերը:

Հետո նա դժգոհեց, որ իրենց դահլիճային հանդիպման նախաձեռնությունը միշտ տապալվում է. «Ում համար ասես դահլիճները բաց են՝ եհովաների վկաների, մորմոնների, էս իշխանությունների հարազատ համասեռամոլների համար, բայց էս երկրի տղերքին դահլիճ չեն տրամադրում: Մենք գումարը վճարում ենք, վճարելուց հետո զանգում, հաջորդ օրն ասում են՝ կներեք, ինչ անեմ տղերք, ինձ ասել են՝ հանկարծ չհամարձակվես»:

Պարոն Սարգսյանն ասաց, որ վաղը իրենք հավաքվելու են Հանրապետության հրապարակում ու տեղում որոշելու են՝ որ դահլիճում են անցկացնելու իրենց ժողովը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930