Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՄ-ին անդամակցությամբ գնաճից եւ բացասական այլ երեւույթներից խուսափելն անհնար կլինի

Ապրիլ 22,2014 16:31

Ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի` բնակչությունը դրանց ազդեցությունն արագ կզգա

– Ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը անցյալ շաբաթ հայտնել էր, թե դեռեւս ավարտված չեն բացառությունների վերաբերյալ բանակցությունները: Ինչպես հայտնի է, ՌԴ-ի մաքսային օրենսգրքի հիման վրա ձեւավորված Մաքսային միությունում ապրանքների մոտ 60 տոկոսի դեպքում մաքսատուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում, եւ պաշտոնական Երեւանը բանակցություններ է վարում մոտ 900 ապրանքատեսակի շուրջ: Ի՞նչ եք կարծում՝ այս հարցում ՀՀ իշխանություններին կհաջողվի՞ արդյունքներ ունենալ:

– Կարծում եմ՝ մասնակիորեն կհաջողվի, եւ քարոզչամեքենան դա կներկայացնի որպես մեծագույն ձեռքբերում: Սակայն Մաքսային միությունում գործող ավելի բարձր մաքսատուրքերի պատճառով հազարավոր ապրանքատեսակներ են թանկանալու, եւ դրանցից մի քանի հարյուրի համար բացառությամբ ահռելի բացասական փոփոխությունները չեն կանխվի: Առավել եւս, եթե հիմնական սննդամթերքի ակնկալվող թանկացումը տեղի ունենա, դա ընդհանուր գնաճի խթան կդառնա` անգամ այն ապրանքատեսակների դեպքում, որոնց նկատմամբ կիրառվող մաքսատուրքի չափն անփոփոխ է մնում: Կամ, ասենք, կենսական անհրաժեշտություն ունեցող ապրանքատեսակներից եւս մեկը` դեղորայքը. կարծեմ, ներկայումս դրա ընդամենը շուրջ 4,2 տոկոսն է Ռուսաստանից կամ Բելառուսից ներկրվում: Ուրեմն առավել ժամանակակից եւ որակյալ դեղորայքի թանկացում է տեղի ունենալու: Համընդհանուր գնաճից եւ բացասական այլ երեւույթներից խուսափելն անհնար կլինի, բնակչությունը դրանց ազդեցությունն արագ կզգա:

Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ 2013թ. օտարերկրյա ներդրումների ծավալը նախկինի համեմատ նվազել է մոտ 35 տոկոսով, ինչը Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետեւանքներից է: Նաեւ հայտնի է, որ գործարարներից շատերը կողմ էին ոչ թե ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնմանը, այլ Մաքսային միությանն անդամակցելուն` արտադրանքի համանման չափանիշների, լեզվի խնդրի բացակայության, նմանատիպ բիզնես-մշակույթի պատճառով: Սա լրջագույն խնդիր է. այդպիսի գործարարներն, ըստ էության, զուրկ են նորարարության ոգուց եւ նախընտրում են իրենց բիզնեսը զարգացնել էքստենսիվ ձեւով` նոր տեխնոլոգիաներ ներդնելու փոխարեն: Իսկ «նմանատիպ բիզնես-մշակույթ» ասելով պետք է նկատի ունենալ յուրայիններին տրվող արտոնությունները, համատարած կոռուպցիան, պաշտոնյաների «փայ մտնելու» սովորությունը, հարկային տեռորը եւ այլն, ու այդ ամենը փաստորեն դիտվում է որպես նորմալ երեւույթ: Այդպիսի մտածելակերպով գործարարների գերակայության դեպքում թե տնտեսության, թե հասարակության զարգացումն անհնար է:

– Ապրիլի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ուղիղ գծով» երկրի քաղաքացիների հարցերին էր պատասխանում, որի ընթացքում փաստեց, թե ՌԴ-ն չի վախենում ՆԱՏՕ-ի ընդլայնումից. «Մեզ խոստացել էին, որ Գերմանիայի վերամիավորումից հետո դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնում տեղի չի ունենա: Իսկ հետո սկսվեց ընդլայնումը. սկզբում նախկին Վարշավյան պայմանագրի կազմակերպության երկրների հաշվին, իսկ հետո արդեն` Մերձբալթյան երկրների: Ես հարցրեցի նրանց՝ ինչո՞ւ եք դա անում: Եկեք միմյանց երաշխիքներ տրամադրենք: Մեզ պատասխանեցին. «Դա ձեզ չի վերաբերում: Երկրներն իրենք են որոշում` ինչպես ապահովել իրենց անվտանգությունը»: Լավ, դա ճիշտ է: Սակայն ճշմարտություն է նաեւ այն, որ մեր սահմանների մոտ դաշինքի ընդլայնումը անհանգստացնում է մեզ` մեր անվտանգության տեսակետից»: Արդյոք արդարացված չէ՞ Պուտինի ընդվզումը ընդդեմ Արեւմուտքի, եթե հաշվի առնենք այս` բավական բաց պարզաբանումը:

– Իսկապես, երկրներն իրենք են որոշում` ինչպես ապահովել իրենց անվտանգությունը՝ բացառություն են կազմում միայն օտարերկրյա գործակալների եւ կազմակերպված հանցավոր խմբավորումների կողմից կառավարվող փոքրաթիվ երկրները, որոնցից մեկը Հայաստանն է: Եվ Արեւելյան Եվրոպայի երկրները ճիշտ էին վարվել` անդամակցելով ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին եւ այդպիսով անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ապահովելով. Ղրիմի բռնազավթումը եւ Ուկրաինայի արեւելքում ծավալվող ռուսական ագրեսիան պարզորոշ կերպով ցույց են տալիս, որ Ռուսաստանի տրամադրած երաշխիքները կոպեկի արժեք չունեն: Բավական է հիշել՝ քանի միջազգային պայմանագիր է խախտել Ռուսաստանը Ուկրաինայի տարածք ներխուժելով:

Իրականում Ռուսաստանը մտահոգված է ոչ թե իր անվտանգությանը սպառնացող վտանգներով, այլ իր ազդեցության գոտու սահմանափակմամբ: ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամակցության չափանիշներին համապատասխանող երկրներում ռուսական ազդեցության գործակալների արդյունավետությունը սահմանափակվում է, իսկ այդ երկրների նկատմամբ ուժի անմիջական կիրառման գինն էլ չափազանց բարձր է դառնում: Ժամանակին նշել էի, այժմ էլ կարող եմ կրկնել. Պուտինի «ինքնիշխան ժողովրդավարությունը» տարբեր հատկանիշներով նման է ԽՍՀՄ-ին` արտարժույթի հիմնական, երկրի համար կենսական նշանակություն ունեցող աղբյուրը նավթի եւ գազի վաճառքն է, կա ուռճացված բյուրոկրատիա, որն օժտված է գրեթե անսահմանափակ լիազորություններով` հավատարմության դիմաց, հատուկ ծառայությունների կողմից վերահսկվում են հասարակական գործունեության բոլոր ոլորտները, իրավապահ մարմինները գործում են գործադիր իշխանության պատվերով, սանձարձակ հակաարեւմտյան քարոզչություն է ծավալվում, իսկ Ռուսաստանի բարեկամների շարքում դասվում են միայն երրորդ աշխարհի մի քանի երկրներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հակված են պայքարելու «համաշխարհային իմպերիալիզմի» դեմ: Այդ երեւույթները Ռուսաստանում միմիայն խորացման միտում են ցուցաբերում` արդեն քանի տարի շարունակ: Ռուսաստանը նաեւ հետխորհրդային երկրներին լիարժեք պետություններ չի համարում եւ իրեն իրավունք է վերապահում միջամտելու նրանց ներքին գործերին. Վրաստանի եւ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիան եւս դա է վկայում, Մոլդովայի նկատմամբ էլ բացահայտ սպառնալիքներ են հնչել եւ սադրանքներ են իրականացվում: Իսկ Հայաստանի հետ «բարեկամ» երկիրն ամենալպիրշ ձեւով է վարվում. դեսպան Ի. Վոլինկինի վերջերս ասվածը դրա հերթական վառ ապացույցն է:

– Նկատի ունենալով Վոլինկինի նշված հայտարարությունը, նաեւ Ղրիմի հարցով ցուցաբերած դիրքորոշումը, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում եւ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քվեարկությունը՝ ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր:

– Ուկրաինայի վերաբերյալ ցուցաբերած դիրքորոշմամբ Հայաստանը թուլացրել է իր դիրքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: ԼՂ խնդիրը Ղրիմի հետ նույն հարթության վրա դնելով՝ դժվարանում է ինքնորոշման իրավունքի հիման վրա խնդրի լուծումը, քանի որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Ռուսաստանին դատապարտող բանաձեւի դեմ քվեարկած 11 երկրներից բացի՝ բոլորն ընդունում են, որ Ղրիմում ագրեսիայի եւ բռնակցման աննախադեպ (կամ թերեւս միայն 1938-ին նախադեպ ունեցող) իրադարձություն է տեղի ունեցել: Մինչ այժմ, չնայած ադրբեջանական քարոզչությանը եւ լոբբինգին, միջազգային համայնքը փաստացի ընդունել է ԼՂ խնդրի եւ հետխորհրդային մյուս հակամարտությունների միջեւ սկզբունքային տարբերության առկայությունը: Այժմ արդեն կարող են մի շարք լուրջ խնդիրներ առաջանալ. օրինակ՝ ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ ԼՂՀ բնակիչները ՀՀ քաղաքացու անձնագրերով են ճանապարհորդում, եւ Երեւանում գտնվող հյուպատոսական հիմնարկներից վիզաներ են ստանում Հայաստանի բնակիչների հետ հավասար պայմաններով: Ղրիմի ռուսական անձնագրեր ստացող բնակիչները, բացի Ռուսաստանից եւ ԱՊՀ-ի մի քանի երկրներից, այլ վայրեր ճանապարհորդելու հնարավորություն չեն ունենալու: Սա կարող է վտանգավոր նախադեպ դառնալ:

Դեռեւս պարզ չէ նաեւ, թե Մաքսային միության անդամակցությունն ինչպես կանդրադառնա ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ տնտեսական կապերին եւ տեղաշարժի ազատությանը` հաշվի առնելով Բելառուսի եւ Ղազախստանի դիրքորոշումը եւ մաքսային սահմանի գոյացման հնարավորությունը: Մինչդեռ ԵՄ-ն այդ խնդրում հակված էր «մի հարցրու-մի ասա» բանաձեւով աշխատելուն. մինչ այժմ էլ Հայաստանի արտահանման մեծ մասը ԵՄ էր ուղղված, եւ որոշ արտադրատեսակների՝ տեսականորեն հնարավոր ղարաբաղյան ծագումը խնդրահարույց չի եղել:

Հատկապես վտանգավոր է ռուսական ագրեսիային սատարելու հետեւանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վարկաբեկումը: Եթե Հայաստանն ինքնուրույն գործող սուբյեկտ չի հանդիսանում, ստացվում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ խնդրի լուծում հնարավոր չէ, եւ Ռուսաստանը նաեւ չի կարող կառուցողական մոտեցում ցուցաբերել: Միաժամանակ առանց Ռուսաստանի ԱՄՆ-ը ու Ֆրանսիան պատրաստ չեն լուծման որեւէ տարբերակ առաջարկել: Մնում է հույս դնել Ռուսաստանի կողմից ստատուս-քվոյի պահպանմանը, բայց դա էլ է դժվարանում, քանի որ Ռուսաստանն իր խնդիրներն ունի: Հայաստանը կարող է դառնալ մանրադրամ ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական առեւտրում, կամ ընդհակառակը` Ռուսաստանի կողմից տարածաշրջանն ապակայունացնելու եւ նավթի թանկացում ապահովելու գործիք:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930