Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Վախենում եմ, երբ մտածում եմ, որ զենք ենք վստահում ինքնասպանության հակում ունեցող էմոյի» (Տեսանյութ)

Ապրիլ 26,2014 18:05

«Ես եւ Պաշտպանության Նախարարությունն ենք այսօր կրում զինվորի հոգեկան եւ ֆիզիկական առողջության պատասխանատվությունը: Ուստի , ուղղակի պարտավոր ենք պատկերացնել քայքայիչ պաշտամունքների եւ ենթամշակույթների տարածման ընդգրկումն ու հատկապես հետեւանքները դրանց հետեւորդների եւ մյուս զինվորների համար»,-այսօր տեղի ունեցած «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով գիտագործնական կոնֆերանսին իր ելույթում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով՝ կոնֆերանսը նպատակ ունի հանրությանն իրազեկելու քայքայիչ պաշտամունքների եւ ենթամշակույթների մասին եւ թույլ չտալու, որ այն ներթափանցի հայոց բանակի շարքերը:

«Ես դժվարություններից ու վտանգներից վախեցող մարդ չեմ, բայց իսկապես վախենում եմ, երբ մտածում եմ, որ գուցե բոլոր դեպքերում զենք ենք վստահում ինքնասպանության հակում ունեցող օրինակ էմոյի, վախենում եմ, երբ մտածում եմ, որ եթե մարտական զինակետում ինքնաձիգը հայտնվի սատանայապաշտ զինվորի ճիրանների ձեռքում, ի՞նչ կկատարվի»,- այսպես նախարարը կոնֆերանսի ժամանակ շարունակեց իր ելույթը :

Սեյրան Օհանյանի խոսքերով պետք է ապրել ոչ թե պաշտամունքների ու գողական բարքերի թելադրանքով, այլ պետք է հավատք դարձնել հայրենիքը, հայ առաքելական եկեղեցին, պետք է պահպանել եւ զարգացնել մշակույթը, մայրենի լեզուն ու ազգային նկարագիրը: «Այս դեպքում մենք միասնական կլինենք, կառաջադրենք ընդհանուր նպատակներ և ձեռնամուխ կլինենք դրանց իրականացմանը»:

Նախարարը հայտնեց, որ գիտագործնական կոնֆերանսը նպատակ ունի կիրառել կանխարգելիչ միջոցառումներ, որոնք անհատի մեջ ազգային ավանդույթների հատկանիշներ կձեւավորեն. «Նշված ասպարեզներում իրականացվելիք աշխատանքները պետք է լինեն գիտականորեն հիմնավորված եւ համակարգված:

Մենք նպատակ ունենք գիտնականների, հոգեւորականների եւ խնդրին առնչվող բոլոր ներկայացուցիչների հետ պարզել իրավիճակի էական պատկերը, Ճիշտ հասկանալ մարտահրավերների ընդգրկումն ու ծավալներ եւ համապատասխանեցնել մեր նպատակների եւ գործողությունների իրականացումն ու անհրաժեշտ քարոզչական դաշտի ստեղծումը օրենսդրությանը եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»:

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս կոնֆերանսը դեռեւս առաջին քայլն է եւ պետք է հաջողության հասնի.

«Կրոնական կառույցները, որոնք ներթափանցում են բանակ , չպետք է իրենց գործունեությամբ վնաս հասցնեն մեր ազգային անվտանգությանը, հայրենիքի պաշտպանությանը, բանակին: Կոնֆերանսի շնորհիվ տեղեկատվություն կտրամադրվի հասարակությանը, որը կստիպի մտածել նոր կրոնական կառույցների, չեմ վախենում ասել այդ բառը՝ ոչ թե հասարակ աղանդների, այլ քայքայիչ աղանդերի մասին»:

ՀՀ զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանը իր զեկույցում նշեց, որ հայ ժողովուրդն ու հայ եկեղեցին դարեր շարունակ պայքարել են, որպեսզի պահպանեն իրենց եկեղեցին եւ կրոնը. «Սակայն, այսօր ականատեսն ենք կրոնական այն խայտաբղետությանը, որն առկա է մեր երկրում, եւ դա գալիս է մեր երկրի բացահայտ ու դիմակավորված թշնամիներից: Բանակը այս ամենից ետ պահելու համար պետք է հետամուտ լինենք , որպեսզի առավել համախմբված ու միասնական աշխատանք կատարվի : Բանակը հասարակության ամենակարեւոր օղակներից մեկն է »:

ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կոնֆերանսը օգտակար կլինի հասարակության համար, որը շատ է կտրվել բանակից. «Անկեղծ ասած հասարակությունը շատ կտրված է բանակից : Հասարակությունը բանակի մասին դատում է իր ստացած գրանտներով, արտասահմանյան ըմբռնումներով, սակայն ոչ ոք չի ուզում գնալ գործող բանակ, գործող դիրքերը, տեսնել իրական վիճակը: Սա օգտակար կլինի հենց մեր հասարակության համար»:

Իսկ պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանն էլ ուրիշ կարծիք հայտնեց, ասելով, թե քայքայիչ աղանդները չի համարում մեր բանակի համար առաջնահերթ խնդիր.

«Եթե մենք շատ լուրջ վերլուծություն ունենայինք եւ հասկանայինք խնդրահարույց երեւույթների առաջնահերթությունները, կարծում եմ այս միջոցառումները կլինեին օգտակար: Այսօր չկա այդպիսի վերլուծություն, գուցե սա է բանակը իր համար ընտրել թիվ մեկ կարեւորության խնդիր: Արդյո՞ք սա է թիվ մեկ խնդիրը, որ հասարակությունը եւ իշխանությունը պետք է ջանքեր գործադրեն»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930