Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Քառյակի առաջարկները, հնարավոր է, խմբագրվեն». ՀՀԿ խմբակցության ղեկավար

Մայիս 09,2014 16:03

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դեռ չի շտապում ասել, թե «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում ոչ իշխանական քառյակի կողմից ներկայացվող առաջարկներն իրենց համար ինչքանո՞վ են ընդունելի:

«Այդ առաջարկները պետք է քննարկել ու ընտրել այնպիսի տարբերակ, որը ընկալելի կլինի թե քաղաքական ուժերի, թե հասարակության համար»,- ասաց պարոն Բաղդասարյանը:
Մեր հարցին, այս պահին դրանք ընկալելի չե՞ք համարում, ասաց` ամեն ինչ պարզ կլինի քննարկումից հետո:

Մեր հարցին, քառյակի առաջարկները ինչքանո՞վ են համապատասխանում իշխող կուսակցության նախատեսած փոփոխություններին, նա կրկնեց «Ճիշտ չեմ համարում առանց քննարկման որեւէ բան ասել, քննարկումից հետո ամեն ինչ պարզ կլինի»:
Պարոն Բաղդասարյանի խոսքով, առաջիկա 4-5 օրվա ընթացքում առաջարկների ու վերջնական փոփոխությունների մասով հստակեցումներ կլինեն:

Մեր հարցին, քառյակի առաջարկները տե՞ղ կգտնեն սպասվող փոփոխություններում, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Պարզապես խմբագրական ինչ-որ բաներ կարող են լինել, նաեւ ընդհանուր քննարկման արդյունքում պարզ կդառնա, նախօրոք չեմ ցանկանում մեկնաբանել»:

Հիշեցնենք, որ քառյակը օրենքի վերաբերյալ 6 կետանոց առաջարկներ է ներկայացրել, որոնք հետեւյալն են.

1. 2014թ. ապրիլի 2-ից՝ ՍԴ որոշման կայացման պահից, քաղաքացիները չեն համարվում պարտադիր կուտակային մասնակից, եթե իրենք դիմում չեն տալիս դրանում ընդգրկվելու համար,

2. 2014թ. ապրիլի 2-ից գործատուներն իրավունք ունեն վարձատրությունից գումարներ պահել եւ փոխանցել, եթե կա քաղաքացու գրավոր կամահայտնությունը, այսինքն՝ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված գործատուի պարտավորության առաջացումը պայմանավորված է բացառապես աշխատողի կամահայտնությունից,

3. Գործատուները ենթարկվում են պատասխանատվության, եթե կամավոր մասնակցող անձանց համար չեն կատարել կուտակային վճարի պահում եւ փոխանցում, սակայն միայն օրենքի ընդունումից հետո առաջացած նման իրավահարաբերությունների համար,

4. 2014 թվականի հունվարի 1-ից սկսած գործատուների կողմից հաշվարկված, սակայն կամուրջ հաշվին չփոխանցված գումարները, ինչպես նաեւ կամուրջ հաշվին փոխանցված, սակայն ռեեստրին չփոխանցված գումարները վերադարձվում են քաղաքացիներին,

5. Գործատուներն իրավունք ունեն փոփոխություններ կատարել հունվարի 1-ից ներկայացված (եկամտային հարկի) անձնավորված հաշվետվություններում, որի ապահովման համար կառավարությունը 10 օրյա ժամկետում պետք է ընդունի համապատասխան իրավական ակտ (այդ թվում՝ թռչնակը ինքնաշխատ համակարգից հաշվապահի կողմից նշում կատարելու միջոցով մեխանիզմի գործադրումը ապահովելու համար), իսկ մինչեւ դրա ընդունումը գործատուն ազատ շարադրանքով կարող է հարկային մարմնին ներկայացնել նման ճշգրտումները,

6. Կենսաթոշակային ֆոնդերում մինչեւ օրենքի ընդունումը առկա միջոցների վերադարձի հարցը կլուծվի 2-րդ փուլում, երբ ամբողջական փոփոխության կենթարկվի համակարգը:

Հավելենք նաեւ, որ news.am-ին տված հարցազրույցում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հարցին, թե քառյակի առաջարկների ո՞ր մասն է ընդունվել, պատասխանել էր. «Ամբողջությամբ չեն ընդունվել, առաջարկվել է մեր մոտեցումը. Մասնավորապես կար երկու տարբեր դիրքորոշում. օրինակ լռելյայն պետք է ընդունել, որ յուրաքանչյուրը մասնակցում է կուտակային կենսաթոշակների համակարգին, թե՞ լռելյայն ընդունել, որ յուրաքանչյուրը չի մասնակցում: Մենք այս պահին առաջարկում ենք մոտեցում, որ լռելյայն համարվում է, որ յուրաքանչյուրը մասնակցում է, իսկ նրանք, որոնք համարում են, որ չպետք է մասնակցեն, դրա մասին պետք է դիմում ներկայացնեն: Եթե լինում է նման դիմում, ապա տվյալ անձի մասով գործընթացը կասեցվում է մինչեւ օրենքի համապատասխանեցումը Սահմանադրությանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031