Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանական գրականություն՝ Երևանի մետրոպոլիտենում

Մայիս 14,2014 18:44

Բրիտանական խորհուրդն արդեն չորրորդ տարին է, որ միանում է «Համաեվրոպական գրական գիշեր» նախաձեռնությանը:
Մայիսյան մեկ օր եվրոպական տարբեր քաղաքներ միավորվում են «Համաեվրոպական գրական գիշեր» նախաձեռնության շրջանակում և գրական ընթերցումների միջոցով հանրությանը ներկայացնում եվրոպական գրականության նոր և արդեն դասական դարձած անուններին:

Այս տարի միջոցառմանը միացել են Երևանում Բրիտանական դեսպանատունը, Երևանի մետրոպոլիտենը, Հայ գրականության հիմնադրամը և «Արտբրիջ» սրճարանը:

Դերասան Արսեն Գրիգորյանը, որն արդեն երկրորդ տարին է մասնակցում այս միջոցառմանը, այսօր մետրոպոլիտենի չորս կայարաններում հատվածներ ընթերցեց Միացյալ Թագավորության գրականությունից:

«Շատ ուրախ եմ այս գեղեցիկ միջոցառմանը մասնակցելու համար, որը ոչ միայն հետաքրքիր է, այլև գեղեցիկ խորհուրդ ունի՝ հիշեցնելու ընթերցանության մասին»,- ասում է դերասանը:

Քանի որ Ա. Գրիգորյանը մեզ հետ զրույցից առաջ արդեն եղել էր մետրոպոլիտենի երկու կայարաններում, հետաքրքրվեցինք, թե ինչպես են մարդիկ արձագանքում այս միջոցառմանը:

«Սկզբում մարդիկ զարմանում են (նրանք, որոնք տեղյակ չեն): Լինում է, որ գնացքը բաց են թողնում ու հետևում են ընթացքին կամ եթե անգամ բաց չեն թողնում, գնացքին սպասելու ընթացքում են անկախ իրենցից հետևում: Դրական է արձագանքը, մարդիկ հետաքրքրությամբ են նայում»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ ստեղծագործությունները (Ալիսոն Լյուիս Քենեդի – «Անջնջելի արարքներ», Ջոն Օսբորն – «Ետ նայիր զայրացած», Ռասել Սելին Ջոնս – «Կործանման եզրին», Դեբորա Քեյ Դևիս – «Ինչպիսին որ կամ»), որոնցից հատվածներ է ընթերցում միջոցառման շրջանակներում, Բրիտանական խորհուրդն է ընտրել, և հավելեց, որ այդ հատվածներն իրեն դուր են գալիս ու ստիպում՝ հետո կարդալ մինչև վերջ: Դերասանը համոզված է, որ ոչ միայն իր, այլև այսօր իրեն ունկնդրողներից շատերի մեջ է ցանկություն առաջացել այդ ստեղծագործությունները մինչև վերջ կարդալու կամ այդ հեղինակներին ծանոթանալու:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031