Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ ծրագրերը պետք է իրականացվեն սեփական երկրում»

Մայիս 17,2014 14:19

Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Երկրորդ լուսինը»
բալետի աշխատանքները ֆինանսական պատճառներով դադարեցվել են

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, այլ ստեղծագործությունների թվում, առաջին անգամ կհնչի երեք հատված կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Երկրորդ լուսինը» բալետից: Նվագախումբը կղեկավարի գերմանացի ճանաչված դիրիժոր, Թյուրինգիայի սիմֆոնիկ նվագախմբի եւ Ռուդոլշտատի երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Օլիվեր Վեդերը:

Վաչե Շարաֆյանը տարեկան ունենում է 10-ից ավելի պրեմիերա, մեծ մասը՝ արտերկրում: Նրա հասցեին մասնագետներն ասում են, որ համաշխարհային եւ հայաստանյան պրեմիերաների առումով Շարաֆյանը «ամենկատարվող» հեղինակն է: Օրինակ, վերջերս նրա Երրորդ դաշնամուրային տրիոյի պրեմիերան կայացել է Ֆրանսիայում, Անգլիայում՝ «Իմ ներքին պարը» երկի առաջին կատարումը եւ այլն: Շուրջ մեկ ամիս առաջ էլ Միչիգանում կայացել է ճանաչված հայ կոմպոզիտորի հեղինակային երեկոն (ընդ որում՝ Հայաստանում դեռեւս արվեստագետը նման բախտի չի արժանացել): Ժամանակին կոմպոզիտորն «Առավոտին» ասել էր, թե իր համար նշանակություն չունի, թե սեփական երկն առաջին անգամ հնչում է հայրենիքո՞ւմ, թե՞ արտերկրում, կարեւոր է, թե ով է հնչեցնում:

Վերջին շրջանում էլ մասնագիտական շրջանակներում խոսվում էր, թե կոմպոզիտորը ձեռնամուխ է եղել Երեւանի օպերային թատրոնում կայանալիք իր «Երկրորդ լուսինը» բալետի նախապատրաստական աշխատանքներին, ստեղծագործական խմբում ներգրավելով որոշ մասնագետներ արտերկրից: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորը չհերքելով ասվածը, նախ նշեց, որ բալետն ամբողջությամբ ավարտին է հասցրել 2013թ. Իտալիայի Bogliasco Arts Center-ում բնակվելու օրերին, որտեղ Սկրյաբինը ժամանակին գրել է իր գլուխգործոցը՝ «Պոեմ-էքստազը»: «Ստեղծագործական խմբում մեծ ոգեւորություն էր տիրում, այնքան մեծ, որ նույնիսկ ի պատիվ օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի եւ իր ղեկավարած նվագախմբի, մեկ օրում ձայնագրվեց բալետի առաջին մասը: Մեծ ոգեւորությամբ էին ստեղծագործական աշխատանքին լծվել բեմի ու կոստյումների դիզայներ ու անիմատոր, ամերիկաբնակ Գեւորգ Մուրադը, Արեւմուտքում հայտնի բալետի արտիստ Արսեն Մեհրաբյանը, որը հանդես էր գալիս իբրեւ խորեոգրաֆ եւ այլն: Սակայն, ինչպես մեզանում հաճախ է պատահում, երբ բանը հասնում կամ խոսքը գնում է գումարի մասին, ամեն ինչ ավարտվում է…»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե իր կապերն այնքան լայն են, գուցե այլ ստեղծագործությունների թվում բալետը բեմ բարձրանա որեւէ երկրում, կոմպոզիտորը պատասխանեց. «Մեծ ծրագրերը, որպես կանոն, իրականացվում են այն երկրում, որի քաղաքացին ես դու: Ոչ մի երկիր իր բյուջեից գումար չի տրամադրի այլ ազգի արվեստագետի մասշտաբային գործն իրականացնելու համար: Վստահ եմ, որ մեծ գումարներ, փառք Աստծո, Հայաստանում էլ կան, սակայն երբեմն դրանք անիմաստ են ծախսվում: Պարզապես պետք է ճիշտ տնօրինել գումարները՝ ի շահ արվեստի: Այսօր արտերկրում ունեմ մեծանուն հիանալի բարեկամ երաժիշտներ, սակայն այդ անձնական հարաբերությունները դրված են ազնիվ ուղու վրա: Ամպագոռգոռ թող չհնչի, բայց ընտրածս ուղին ազնիվ է, որտեղ ոչ մի շինծու ճանապարհ լինել չի կարող ինչ-որ նպատակի հասնելու համար: Ընդ որում, շատ եմ լսել, որ ասում են, թե մենեջեր ունեմ, բայց դա այդպես չէ. իմ մենեջերը իմ երաժշտությունն է: Ասածիս վկայությունն այն պատվերներն են, որ ստանում եմ հեռախոսզանգերով ավելի քան 20 տարի՝ տարբեր երկրներից»: Դիրիժոր Օլիվեր Վեդերից, որը ժամանակին հանդիսացել է Պերմի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը, այնուհետեւ՝ Մարիինյան թատրոնում Վալերի Գերգիեւի՝ գերմանական խաղացանկի մասով ասիստենտ, կարծիք խնդրեցինք Շարաֆյանի բալետի մասին: «Հայ կոմպոզիտորի երաժշտությունը մեղեդային է եւ զգացմունքային: Մոտ ժամանակներս իմ նվագախմբով ես այն անպայման կկատարեմ Գերմանիայում: Այս բալետը ժամանակակից այն եզակի երկերից է, որը մինչ կատարումը անհրաժեշտություն չունի ներկայացնել հանդիսատեսին, ինչն ընդունված է Եվրոպայում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Վաչե Շարաֆյանն ու Օլիվեր Վեդերը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031