Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց բանաստեղծ Ալեքսանդր Պորյադոչնիին

Հունիս 08,2014 16:04

Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց բանաստեղծ Ալեքսանդր Պորյադոչնիին` ուղեկցությամբ Հայաստանի հրեական համայնքի նախագահ տիկին Ռիմա Վարժապետյանի:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորեց տիար Ալեքսանդր Պորյադոչնիին՝ հայ ժողովրդի անցյալին, նրա անկոտրում հավատքին և Արցախյան հերոսամարտին նվիրված «Արծաթե թել» պոեմի հայերեն թարգմանության լույս ընծայման ու օրերս Հայաստանում տեղի ունեցած շնորհանդեսի առիթով: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց բանաստեղծին հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար՝ ընդգծելով, որ նրա հեղինակած պոեմը մեծ ծառայություն է` մատուցված հայ ժողովրդին:
Անդրադառնալով պատմության ընթացքում հայ ժողովրդի կրած ցավի ու տառապանքի, հավատի ու լավատեսության հաղթական ոգու բանաստեղծի կողմից գեղարվեստական արծարծմանը՝ Ամենայն Հայոց Հայրապետը խոսեց նաև հայ և հրեա ժողովուրդների ընդհանրությունների և առկա ներկայիս սերտ կապերի մասին: «Մեր երկու ճակատագրակից ժողովուրդները մշտապես հալածվել են ու հայրենազրկվել` կորցնելով իրենց երկիրը, բայց շնորհիվ իրենց հավատքի խոր ապրումի և Աստծու անսահման ողորմածության, նրանք մշտապես դիմագրավել են բոլոր տեսակի փորձություններն ու վերստին հարություն առել», – ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Իր հերթին բանաստեղծ Ալեքսանդր Պորյադոչնին իր սերն ու հարգանքն արտահայտեց հայ ժողովրդի, նրա պատմական անցյալի ու հարուստ մշակույթի հանդեպ, ապա Վեհափառ Հայրապետին ներկայացրեց «Արծաթե թել» պոեմի գրության դժվարին ընթացքը՝ ընդգծելով, որ այդ զգացումները մեծ ներշնչանք և խանդավառություն են պարգևել իրեն ստեղծագործական կյանքում:
Զրույցի ավարտին Նորին Սրբությունն իր աղոթքը վերառաքեց առ Բարձրյալն Աստված, որպեսզի Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի համայն մարդկությանը:
Հանդիպմանը ներկա էր ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վաշինգտոն քաղաքում, թեմի Միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը:
###

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30