Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում Ալիեւի` Հայաստանի մասին զրպարտանքներին, հայկական պատվիրակությունը չի հակադարձել

Հունիս 24,2014 22:45

Ազգային ժողովում հանրապետական պատգամավորները «առյուծ են կտրում», իսկ ԵԽԽՎ-ում, երբ հակահայկական ելույթներ են հնչում, հանրապետական պատվիրակները դառնում են անզոր: Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հակահայկական ելույթ է ունեցել, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին, իբր ԼՂՀ-ն Հայաստանի կողմից օկուպացված տարածք է, մինչդեռ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում Ալիեւի հայտարարությանը չի հակադարձել:

Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի նիստին հետեւում է նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը, որը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Ալիեւի ելույթի եւ մերոնց կեցվածքի մասին. «Ալիեւը կոպիտ արտահայտվեց, խոսելով կրակոցների եւ հայ զոհերի մասին, ասաց` ի՞նչ եք ուզում, դա նույնիսկ Հայաստանի տարածքում չէ, դա Ադրբեջանի տարածքում ինչ-որ անօրինական զինված մարդիկ են կրակում, ի՞նչ գործ ունեն այնտեղ այդ զինված մարդիկ: Ինքն անընդհատ նշում էր ու ներկայացնելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք` Հայաստանի կողմից օկուպացված, որը հակասում է թե’ ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսակետներին, ե’ւ թե Եվրախորհրդում տարբեր բանաձեւերում նշված կոնֆլիկտի պատմությանը: Այս դեպքում հայկական պատվիրակությունն առնվազն հարցի տեսքով մի բան պիտի ասեին, բայց չասացին, կամ նույնիսկ Ալիեւի կողմից հնչեցրած զրպարտությունների ժամանակ, եթե մերոնք այլընտրանք չունեին, գոնե վարման կարգի վերաբերյալ չէին կարողանում պատասխանել, նրանք գոնե պետք է ինչ-որ բողոքի ձեւով դուրս գային դահլիճից, կամ թեկուզ տեղից ռեպլիկ անեին»:

Հայկական պատվիրակները գոնե այնպես պետք է իրենց պահեին, ըստ պարոն Իգիթյանի, ինչպես Հայաստանի ԱԺ-ում են անում, երբ փորձում են ընդդիմությանը խանգարել, լռեցնել ընդդիմադիր գործիչների ելույթները. «Ինչո՞ւ հանրապետական կուսակցությունը կարողանում է հայկական պառլամենտում օրենք խախտել կամ արձագանքել` խախտելով վարման կարգը, հիմա ԵԽԽՎ-ում դառնում են անօգնական»:

Ալիեւը, ինչպես պատմեց Հովհաննես Իգիթյանը, ծիծաղելի ձեւով ներկայացրել է, իբր հայերը Լեռնային Ղարաբաղում են ընդամենը 200 տարի, եւ ԼՂ-ում եղել ու կան ադրբեջանական շատ հին հուշարձաններ, որոնք ապացուցում են, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է միշտ եղել. «Ու, ըստ Ալիեւի, հայերը ոչնչացրել են ադրբեջանական այդ հուշարձանները եւ իրենցն են կառուցել դրանց տեղում: Զավեշտալի կլինի, եթե մենք փորձենք հակաճառել, որովհետեւ, նախ պարզ է, թե ինչպիսին է Ղարաբաղի պատմությունը, բայց ես համոզված եմ, որ հայկական պատվիրակությունը, երբ վերադառնա Հայաստան, մեծ-մեծ խոսելով, ջղայնացած ձեւով պետք է հերքի Ալիեւի ասածները հայկական լսարանի առջեւ: Միշտ այդպես է եղել, իսկ դա ուշացում է, նորից եմ կրկնում, այն մարդկանց, այն հայ պատգամավորներին, որոնց ես տեսնում եմ այստեղ ուղիղ եթերով, չի կարելի ուղարկել Ստրասբուրգ, որովհետեւ նրանք գոնե իրենց իմացած ռուսերենի չափով պիտի անգլերեն իմանան»:

ԵԽԽՎ-ում անզոր դարձած հայկական պատվիրակներն են Հերմինե Նաղդալյան (ՀՀԿ), Նաիրա Կարապետյան (ՀՀԿ), Արփինե Հովհաննիսյան (ՀՀԿ),Լեւոն Զուրաբյան (ՀԱԿ), Արմեն Ռուստամյան (ՀՅԴ), Վահե Հովհաննիսյան (ԲՀԿ),Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ), Մհեր Շահգելդյան (ՕԵԿ):

Պարոն Իգիթյանին փոխանցեցինք, ՀՀԿ պատգամավոր եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան էջի գրառումը, որտեղ նշել է` մինչ Ալիեւը ելույթ էր ունենում, Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այդ երկրում քաղբանտարկյալների եւ մարդու իրավունքների խախտումների խնդրի վերաբերյալ Ստրասբուրգում բերանները կապած ակցիա էին կազմակերպել: Փաստորեն մեր պատվիրակները բավարարվում են ֆեյսբուքյան գրառումներով, մեր այս դիտարկմանը, պարոն Իգիթյանն ասաց.

«ԵԽԽՎ-ն մի ընտանիք է, իմ կոլեգաների հետ ես անձնական կապեր եմ պահպանում, եւ ես համոզված եմ, եթե հարցնեմ, արդյոք ճանաչո՞ւմ են Նաիրա Կարապետյանին, դժվար թե հայտնի պատվիրակներն ասեն` այո, գիտենք իրեն, եւ նրա տեսակետը: Ես չեմ նկատել լուրջ քաղաքական ելույթներ այստեղ, բացառությամբ այն ելույթներից, երբ հայ իշխանական պատվիրակները փորձում են արդարանալ, կամ համոզել, որ Հայաստանում ամեն ինչ լավ է` մարդու իրավունքների տեսակետից, եւ մեզ քաղբանտարկյալ չկա եւ այլն: Սա այն դեպքն է, որ Հայաստանում, երբ ԼՂՀ-ի հետ կապված նժդեհական ելույթներ են ունենում, այստեղ գոնե Ալիեւի ելույթից հետո պետք է խոսեին մերոնք: Սովորաբար ԼՂՀ հարցի քննարկումը տեղին չէ անել Եվրախորհրդում, բայց հաշվի առնելով Ալիեւի ելույթը, ինչպես նաեւ այ, որ Ադրբեջանը պետք է երկար ժամանակ ստանձնի Եվրախորհրդի նախագահությունը, եւ երբ ինքը բացեց այդ հարցը, այստեղ պետք է հայ պատվիրակները կոշտ հակադարձեին: Ընդ որում, մեծ լոբբինգի ձեւով պետք է համոզեին, որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ ժողովրդավարությունից եւ մարդու իրավունքներից խոսի, երբ այսպիսի մեծ պրոբլեմներ ունի խոսքի ազատության եւ քաղբանտարկյալների հետ: Պետք է հարցն այնպես բարձրացվեր, որ Ադրբեջանը զրկվի նախագահությունից, թեկուզ այդ հարցը չանցներ»:

Պարոն Իգիթյանը նույնիսկ նշեց այն տարբերակները, որոնք հայկական պատվիրակությունը պարտավոր էր կատարել ու չի արել. օրինակ պիտի անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով թարգմաներ Ադրբեջանի իրավիճակի հարցը, ԼՂՀ-ի հետ կապված հայկական եւ ԼՂՀ տեսակետներն, ու դրանք բաժանեին տարբեր պատվիրակներին. «Վերջին շրջանում ադրբեջանցիների ռազմատենչ հայտարարությունները պետք է թարգմանվեին ու բաժանվեին, Ռուսաստանից ահռելի քանակությամբ գնած զենքի մասին տեղեկանքը պետք է թարգմանվեր ու բաժանվեր, մոր զոհվածների, խաղաղ քաղաքացիների զոհերի մասին պետք է տեղեկացվեր, Խոջոյանին գողանալու հարցը նույնկերպ պետք է տեղեկացնեին: Ինչո՞ւ երբ 4-5 տարի առաջ Հայաստանում, երբ 200 քաղբանտարկյալ կար, հայ պատվիրակները էլ դուռ չմնաց, որ չծեծեին, մինչեւ վերջին փոքր չինովնիկը տեղեկանքներ էին բաժանում ԵԽԽՎ-ում, որ մեզ մոտ դատախազությունը ներկայացնում է թե ամեն ինչ լավ է: Ո՞ւր է հիմա այդ աշխատանքը, ի՞նչ է անում Հայաստանի պատվիրակությունը: Սա այն դեպքն է, երբ կարելի է մեղադրել ոչ միայն իշխանական պատվիրակներին, այլ` ընդդիմադիր պատգամավորներին, որոնք մեղադրում են իշխանություններին, բայց Եվրախորհուրդն այն տեղն է, որտեղ կարելի է միավորվել եւ թեկուզ ԼՂՀ հարցի վերաբերյալ Ադրբեջանի դեմ դուրս գալ միասնական ճակատով»:

Նշենք, որ պարոն Իգիթյանի հետ զրույցից հետո ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանը ելույթ ունեցավ, բայց այն Ալիեւի` ԼՂՀ-ի եւ Հայաստանի վերաբերյալ զրպարտանքների հակադարձում չէր, այլ ընդամենը Ադրբեջանում կոռուպցիոն եւ մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտին առնչվող  ելույթ էր:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն Պարսամյան says:

    Իսկ ինչո՞ւ են այդ ձկնավտառը եվրոպա ուղարկել,հարկատուների գումարները փոշիացնելու ուրիշ տեղ չկա՞…Կարելի էր Խրիմյանի նկարը ուղարկել եվ վերջ,ավելի էժան կնստեր եվ արդյունքն էլ նույնը կլիներ:

Պատասխանել Ռուբեն Պարսամյան

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30