Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը գնումներ է կատարել լիցենզիան կասեցված ընկերությունից

Հունիս 27,2014 17:50

Պետությունը գնումները կատարում է մեկ անձից գնման կարգով, իսկ այդ ընկերությունները բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք են

Պետական գնումների մեծ մասը կատարվում է մեկ անձից գնման եղանակով, ընդ որում, գնման այս եղանակը մեծ ռիսկեր է պարունակում:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը պետական գնումների ոլորտում մոնիթորինգ է կատարել եւ բազմաթիվ թերացումներ հայտնաբերել:
Կենտրոնի պետական գնումների փորձագետ Արտակ Մանուկյանի ներկայացմամբ` պետական գնումների 96%-ը կատարվել է հրատապ եւ անհետաձգելիության պատճառաբանությամբ եւ մեկ անձից, իսկ երբ ուսումնասիրվել են փաստաթղթերը, պարզվել են, որ այդ անհետաձգելի գնումների ընթացակարգերը 40 օրից ավելի են տեւել, ինչը չի կարող հրատապ լինել, քանի որ օրինակ`մրցույթով գնումների ժամկետը 40 օր է: Արտակ Մանուկյանի խոսքերով` ուսումնասիրելով պետգնումների պատվիրատու-մասնակիցների տվյալները, «Թրանսփարենսի ինթերնեշնլը» այն ռիսկային է համարել: Օրինակ 1 տարվա ընթացքում 1 անձից գնումը կատարվել է նույն ընկերության հետ, այն էլ 4-5 անգամից ավելի: Ընդ որում, այս ընկերությունների հիմնադիրները մարզպետերի, կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք են եղել: Հետո կենտրոնը փորձել է պարզել, թե այս ընկերությունները, եթե այդքան լավն են ու մրցակցային, որ մշտապես իրենց է պետությունը պատվեր տալիս, որքանով են թափանցիկ: «Վիճակն աղետալի է, այդ ընկերությունները, որոնց պետությունը պատվերներ է տալիս ու մեծ գումարներ վճարում, էլեկտրոնային կայքեր չունեին, պարզ չէ, թե ինչ գործունեություն են ծավալում: Դեպք է եղել, երբ պետությունը մեկ անձից հրատապ շինարարական գնում է կատարել, իսկ այդ ընկերության լիցենզիան կասեցված է եղել»,-ասաց Արտակ Մանուկյանը: Ըստ կենտրոնի հաշվետվության, այս ընկերությունը «Խապարտշին» ՍՊԸ-ն է:

Պարոն Մանուկյանը մեկ այլ արտառոց դեպք էլ ներկայացրեց` «Մի ընկերություն կա, որը համ կծողների դեմ է կարողանում պայքարել, համ էլ` շինարարական պատվերներ է ընդունել, այս երկու դեպքում էլ մեկ անձից գնում է եղել: Սա կասկածելի է, որ մի ընկերություն երկու տարբեր աշխատանքներ կատարի»:
Այս ընկերությունը, ինչպես պարզեցինք հակակոռուպցիոն կենտրոնի հաշվետվությունից, «Ցող Աստղ» ընկերությունն է:

Հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետի դիտարկմամբ` պետական գնումներով նախապատվությունը տրվում է մեկ անձից գնումին, եւ երբ մշտապես հարց է բարձրացվում, թե պետգնումների ոլորտում որքան է ստվերը, ապա կենտրոնը նշում է` մեկ անձից գնման ոլորտում կա մեծ կենտրոնացվածություն, եւ 15% կոռուպցիոն ռիսկ:
Կենտրոնը նաեւ նշում է, որ պետությունը կոնյակներ է ձեռք բերել շուկայականից բարձր գներով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30