Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտքի համար «Բենտոնիտին» դատի են տվել

Հուլիս 07,2014 12:01

2014 թ. մարտին Հրազդան քաղաքում գործող «Արջերմեկ» ՍՊԸ-ն դատի է տվել «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին: Հայցով ընկերությունը պահանջում է «Բենտոնիտից» գումար բռնագանձել: Այս դատավարությունն այժմ ընթացքի մեջ է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

«Արջերմեկ» ՍՊԸ տնօրեն Հայկ Արաբյանից տեղեկացանք, որ իրենց ընկերությունն Իջեւանի բենտոնիտ կոմբինատում ջերմամեկուսացման աշխատանքներ է կատարել, որոնք ավարտվել են 2013թ. սեպտեմբերին: Նրա վկայությամբ՝ իրենք այդ աշխատանքների կանխավճարը ստացել են, սակայն հիմնական գումարը չեն ստացել: «Արջերմեկը» քաղաքացիական հայցով պահանջում է Բենտոնիտ» ԲԲԸ-ից բռնագանձել 3.3 միլիոն դրամ:

Թեեւ «Դատալեքս» կայքում նշված է, որ « Արջերմեկի» պահանջով «Բենտոնիտի» գույքի եւ դրամական միջոցների վրա արգելք է դրվել, սակայն Հայկ Արաբյանի վկայությամբ արգելք է դրվել միայն ընկերության գույքի վրա:

«Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանը մեզ հետ հեռախոսազրույցում չհայտնեց «Արջերմեկ» ՍՊԸ-ին իրենց ունեցած պարտքի չափը՝ համարելով դա առեւտրային գաղտնիք: Նա ասաց, որ կոմբինատի արտադրանքի իրացումը կատարվում է Մոսկվայում գտնվող գրասենյակի միջոցով: Անցյալ տարվա նոյեմբերից պարապուրդի մեջ գտնվող կոմբինատն օրերս վերսկսել է աշխատանքը: Թոփալյանն ասաց, որ կոմբինատը ձեռք է բերել հանքանյութի արդյունահանման լիզենցիա:
Մեր այն հարցին,թե ի՞նչն է պատճառը, որ լիցենզիայի պատճառով գործարանը 2013թ. նոյեմբերից պարապուրդի էր մատնված, ի՞նչն էր խանգարում այդ հարցը շուտ լուծելուն, Մ. Թոփալյանը պատասխանեց` «թյուրիմացություն էր եղել»:

Բենտոնիտի կոմբինատը մեծ նշանակություն է ունեցել Իջեւանի տարածաշրջանի սահմանագոտու զարգացման գործում: Այն հիմնադրվել է 1967 թ. : Ձեռնարկության հենքի վրա ստեղծվել է Ազատամուտ բանվորական ավանը, որն այժմ գյուղի կարգավիճակ ունի: Նախկինում բենտոնիտի կոմբինատում աշխատում էին Ազատամուտի, Աչաջրի, Դիտավանի, Սարիգյուղի, Սեւքարի հարյուրավոր բնակիչներ: Հայաստանի անկախացումից հետո, Ադրբեջանի կողմից իրականացվող տրանսպորտային շրջափակման հետեւանքով գործարանն անգործության էր մատնվել , աշխատել կարճ ժամկետներով` բենտոնիտի փոշու հերթական խմբաքանակի պատվերի դեպքում: Գործարանի սեփականատերերի մի քանի փոփոխությունները նախկինում դրական արդյունք չեն տվել: Հերթական սեփականատերն այդ ընթացքում գործարանում առկա գույքի մի մասը վաճառել է: Կոմբինատի ներկայիս սեփականատերերը Ջավախքից բանաստեղծ Օքրո Օքրոյանի որդիներն են: Նրանց կողմից կոմբինատում վերակառուցման որոշ աշխատանքներ են կատարվել, նոր սարքավորումներով հոսքագիծ է գործարկվել:

Մեր տեղեկություններով՝ մի քանի տարի առաջ վրացիները կոմբինատից գնել են չգործող, սակայն արտադրանք թողարկելու ունակ հոսքագիծ: Վրացիները հոսքագիծը ձեռք են բերել ոչ թե իրենց, այլ ադրբեջանցիների համար: Այդ հոսքագիծը տեղադրվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ-Սալահլի գյուղում գործարկված բենտոնիտի գործարանում:
Իջեւանի բենտոնիտի կոմբինատի համար արտադրական հումք հանդիսացող բենտոնիտային կավի հանքերը գտնվում են սահմանում, Իջեւանի Սարիգյուղ համայնքի տարածքում: Այդ հանքավայրի շարունակությունը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Բենտոնիտի գործարան շահագործման հանձնելով՝ ադրբեջանցիները ռուսական շուկայում Իջեւանի «Բենտոնիտի» համար մրցակից են դարձել, մանավանդ եթե նկատի ունենանք, որ ադրբեջանցիների արտադրանքի Ռուսաստան առաքումն անհամեմատ հեշտ ու էժան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031