Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքական. «Մենք էլ պիտի հաղթենք»

Հուլիս 07,2014 14:00

Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը
երկու օր անցկացրեց Հայաստանի հարավային շրջաններում եւ Արցախում

Ճանաչողական այցի նախաձեռնողը բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանն էր, որը շրջայցի ընթացքում «Առավոտին» ասաց. «Այսօրվա մեր հավաքականի տղաների մեծ մասը կամ Անկախ Հայաստանի տարեկիցն է, կամ Արցախյան ազատամարտի ժամանակ տակավին մանուկ էր: Նրանք Արցախյան հերոսամարտին տեղյակ են գլխավորապես բանավոր պատմություններից: Նպատակս այն էր, որպեսզի տղաները սեփական աչքերով տեսնեն Արցախ աշխարհը եւ հասկանան, թե ինչի համար եւ ինչ պայմաններում է կռվել ու հաղթել հայ զինվորը, որն այն ժամանակ իրենց հասակակիցն է եղել: Ուզում եմ, որպեսզի մեր բռնցքամարտիկների մեջ նույնպես գերիշխի հաղթողի հոգեբանությունը, որպեսզի նրանք էլ իրենց «պատերազմի դաշտում»՝ ռինգում ավելի վստահ զգան: Ճիշտ է, վերջին ամիսներին հայկական բռնցքամարտը որոշակի ծանրակշիռ հաջողություններ է արձանագրել, բայց ամենակարեւոր մեկնարկները դեռ առջեւում են»:

7-2
Բռնցքամարտիկները եղան Շուշիում, այցելեցին Արցախյան պատերազմում «Սասունցի Դավիթ» ջոկատի զոհված հրամանատար Սամվել Գեւորգյանի եւ նրա մարտական ընկերների հուշաքարին, որտեղից էլ բարձրացան Գանձասար:
Արդեն տունդարձի ճանապարհին հավաքականի անդամ, 69 կգ քաշային Վլադ Մարգարյանը կիսվեց իր եւ թիմակիցների տպավորություններով: «Մենք առաջին անգամ եղանք Արցախում: Հավաքականի բոլոր տղաներն էլ անչափ տպավորված են: Արցախը դրախտային երկիր է ու հիմա ենք հասկանում, որ հայկական այս տարածքի համար արժեր կռվել ու հաղթել: Մտովի պատկերացնում եմ այն տարիների հայ ազատամարտիկին, որն այն տարիներին իմ ու թիմակիցներիս հասակակիցն է եղել ու հաղթել է: Այն էլ՝ իրական պատերազմում: Այսօր մենք նրանց շնորհիվ ապրում ենք խաղաղ պայմաններում: Հարաբերական խաղաղ պայմաններում: Բայց մենք էլ մեր «պատերազմի դաշտն» ունենք՝ ռինգը: Ու մենք էլ պետք է մեր հաղթանակները տանենք: Շնորհակալ ենք մեր ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանին՝ այս ուսուցողական ուղեւորությունը կազմակերպելու համար»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031