Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողին սպառնում են

Հուլիս 07,2014 14:20

Էլֆիք Զոհրաբյանի «Հոգեվիճակ 13» գրքում ոմանք իրենց են տեսել

Գրող, դրամատուրգ, թարգմանիչ, դերասան Էլֆիք Զոհրաբյանի (լուսանկարում) հետ «Առավոտի» հանդիպման առիթը վերջերս հրատարակված նրա «Հոգեվիճակ 13» պատմվածքների եւ սատիրաների ժողովածուն էր։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, գրքում տեղ գտած որոշ գործերի պատճառով հեղինակը վաստակել է բազմաթիվ թշնամիներ։

girq

«Առավոտի» հետ զրույցում Էլֆիք Զոհրաբյանը նշեց, թե մեր օրերում հումորի խիստ պակաս կա, մանավանդ՝ ինքնահեգնանքի, ինչը հումորի բարձրագույն դրսեւորումներից է։ Շեշտեց նաեւ, թե բարձրարվեստ հումորը հատուկ է քաղաքակիրթ երկրներին։ Ինչ վերաբերում է «վաստակած թշնամիներին», դրա մասին էլ ասաց. «Ի տարբերություն Հակոբ Պարոնյանի, որը բարձրաձայնում է իր հերոսների անունները, ես ստեղծում եմ հավաքական կերպարներ, անուններն էլ պայմանական են։ Որոշ մարդիկ, այդ թվում՝ ճանաչված արվեստագետներ, իրենց են տեսել իմ հերոսների մեջ՝ հատկապես հետեւյալ վերնագրերով սատիրաներում՝ «Կրկին հարստացավ գրականության աղբարկղը եւ հայտնաբերվել են ընթերցողներ», «Գրողը ձեզ տանի, հարգելիներս», «Ինչ է ուզում կինը, Շոպենհաուեր»։ Մեր զրուցակիցը հավելեց, որ «իրենց տեսնողները» զանգում են՝ ասելով. «Էդ կերպարի տակ ինձ նկատի ունես, չէ՞…», եւ ինքն էլ պատասխանում է. «Ով իր վրա է վերցնում՝ նրա մասին է»։

Էլֆիք Զոհրաբյանը անդրադառնալով «Հոգեվիճակ 13»-ին, նշեց, թե այդ ժողովածուի խորագիրը պատմվածքներից մեկի վերնագիրն է, մանրամասնելով էլ հայտնեց, որ այդ պատմվածքը հոգեբանական գործ է, որը ներկայացնում է բարդույթավոր մարդու ներաշխարհում տեղի ունեցող բախումները, հասարակության հետ հակասությունները, հերոսի անձնական-սիրային ծանր հոգեվիճակները։ «Այդ ապրումների արդյունքում հերոսս, ի վերջո, «հալչում է», իրենից հետո թողնելով միայն ցիլինդրն ու վերարկուն»,- ներկայացրեց գրողը։

Վանաձորում ստեղծագործող արվեստագետից հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ է վաճառվում գիրքը, մանավանդ Վանաձորում նմուշի համար գոնե մեկ գրախանութ չկա։ Արվեստագետը նշեց, որ չնայած «Հոգեվիճակ 13»-ը այս տարի Վանաձորի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Գրականություն» անվանակարգում ճանաչվել է լավագույնը, գիրքը վաճառվում է այլ բնույթի խանութներում ու երեւանյան գրքի սրահներում։
Խոսելով իր թարգմանչական գործունեության շուրջ, Էլֆիք Զոհրաբյանն ասաց. «Ժամանակին Վիլյամ Սարոյանի որդու՝ Արամի հետ հաստատած նամակագրական կապի ու համագործակցության շնորհիվ թարգմանել եմ կրտսեր Սարոյանի որոշ գործեր։ 2012-ին էլ իմ թարգմանությամբ հրատարակվեց Վիլյամ Սարոյանի՝ ծանոթագրություններով եւ գիտական հոդվածներով «Բան ունեմ ասելու» ժողովածուն։ Թարգմանել ու հրատարակել եմ նաեւ Օսկար Ուայլդի, հույն ժամանակակից դրամատուրգ Լիա Կարավիայի, վրացի գրող Իրակլի Շամատավայի եւ այլ հեղինակների գործեր»։ Մեր զրուցակիցը փաստեց, որ իր գործերից բեմադրվել են Վանաձորի, Գորիսի, Շուշիի թատրոններում, իսկ առաջիկայում՝ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կանդրադառնա իր թարգմանությամբ Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ստեղծագործությանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Էլֆիք Զոհրաբյանի շուրջ 20 տարի ձգվող դերասանական կարիերային։ Նա հայտնեց, որ Վանաձորի թատրոնում զբաղված է խաղացանկային ներկայացումների զգալի մասում, հետո էլ հավելեց. «Վերջին շրջանում, իհարկե, փոքր դերերով նկարահանվել եմ «Գարեգին Նժդեհ» ¥ռեժիսոր՝ Հ. Քեշիշյան), ինչպես նաեւ կինոռեժիսորներ Ռոման Մուշեղյանի «Մոլագարը» եւ Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմերում»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լ.Բագարյան says:

    Շնորհավորում ենք գրքի հեղինակին նախ մրցանակի համար, ապա այն ստեղծած գրականության համար, որը չի թողնում անարձագանք: Երջանիկ եմ, որ ունեմ Հոգեվիճակ 13 գիրքը: Իսկ եթե սատիրաներում մարդիկ իրենց տեսնում են, նշանակում է, մտախու բան ունեն ու չպետք է կորցնեն հումորի զգացումը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031