Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է Համահայկական բնագիտական 2-րդ օլիմպիադան

Հուլիս 15,2014 15:29

Աղվերանում մեկնարկել է Համահայկական բնագիտական 2-րդ օլիմպիադան, որին մասնակցում են Սփյուռքի 7 երկրների, Հայաստանի և ԼՂՀ-ի 14-18 տարեկան 72 դպրոցականներ: Օլիմպիադայի մասնակիցներին այսօր այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով զրուցել է օլիմպիադայի մասնակիցների և թիմերի ղեկավարների հետ, պատասխանել նրանց հարցերին:Նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակիցների ծնողներին և մանկավարժներին` օլիմպիադային նրանց նախապատրաստելու համար: “Ձեզանից յուրաքանչյուրի աչքերի մեջ առկա է հետաքրքրություն ոչ միայն արդեն ավանդական դարձած բնագիտական օլիմպիադայի, այլև մեր երկրի հանդեպ: Ձեզանից շատերն առաջին անգամ են հայրենիքում, բայց վստահ եմ` ոչ վերջին: Իրականում հայագիտական օլիմպիադաների նպատակը ոչ միայն շնորհալի և տաղանդավոր երեխաներին բացահայտելն է, այլև ցանկությունը` նրանց կապել մայր հայրենիքի հետ: Երբ երիտասարդ տարիքում գալիս եք հայրենիք, ծանոթանում ձեր տարեկիցների հետ, ապա հավանականությունը, որ կկապվեք ոչ միայն Հայաստան կոչված հողի, այլև ձեր սերնդակիցների հետ, մեծ է”,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ նախարարությունը կանի հնարավորը, որ աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչներն ավելի շատ առիթներ ունենան` այցելել հայրենիք: “Հայերս ավանդաբար ուժեղ ենք տարբեր առարկաներից, որոնցից մեր աշակերտները ցուցաբերում են փայլուն գիտելիքներ: Եվ ահա մեր օլիմպիական թիմն արդեն հասցրել է 6 մեդալ շահել դպրոցականների միջազգային օլիմպիադայում: Մաղթում եմ, որ մեր դպրոցականների մեդալները ոգևորեն և ստիպեն ձեզ` ավելի լավ սովորել, և դուք էլ, անկախ նրանից` որ երկիրն եք ներկայացնելու, դառնաք ոչ միայն համահայկական, այլև միջազգային ստուգատեսների հաղթողներ, և մենք ձեզանով հպարտանալու առիթներ ունենանք”,-նշել է նախարարը` հավելելով, որ այցելելով բազմաթիվ երկրներ` իր աշխատանքային օրակարգի ամենապարտավորեցնող հանդիպումները հայ համայնքի հետ, հատկապես, երբ այդ համայնքներն ունեն հայկական դպրոցներ և կրթամշակութային օջախներ: “Հավաստիացնում եմ ձեզ, որ ամենամեծ լիցքերը ստանում եմ` մեր հայրենակիցների հետ շփվելով: Մաղթում եմ ձեզ անմոռանալի հիշողություններ, ազնիվ և արդար մրցակցության մեջ ձեր լավագույն ունակությունների դրսևորում: Հաղթանակ չեմ ասում, որովհետև արժանանալով օլիմպիադայի մասնակցի կոչմանը` դուք արդեն հաղթող եք, քանի որ հնարավորություն ունեք հայրենիքի այս գողտրիկ անկյունում զգալ ձեզ հայ, հասկանալ, որ պետության ուշադրության կենտրոնում եք, և ունեք ձեզ նման մտածող, կենսուրախ ընկերներ աշխարհի տարբեր երկրներում, որոնց միավորում է հայ լինելու պարտավորեցնող, միաժամանակ դժվար առաքելությունը”,-նշել է նախարարը: Արմեն Աշոտյանը ներկաներին տեղեկացրել է նաև, թե ինչպես է ծնվել բնագիտական օլիմպիադա անցկացնելու միտքը: “Մի քանի տարի առաջ, երբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել հայագիտական օլիմպիադայի մասնակիցների հետ, երիտասարդները Նախագահին խնդրել էին օլիմպիադաներն անցկացնել ամեն տարի, քանի որ մինչ այդ` դրանք անցկացվում էին երկու տարին մեկ անգամ: Այդ ժամանակ Նախագահը հանձնարարեց հետայսու դրանք անցկացնել յուրաքանչյուր տարի. մեկ տարի` հայագիտական, մեկ տարի` բնագիտական ուղղվածությամբ: Այնպես որ, այս օլիմպիադայի նախադրյալները ձեզ համար ստեղծել են ձեր նախորդ սերունդների առաջարկությունները: Հուսով եմ, որ դուք ևս կդառնաք նոր ավանդույթի հիմնադիրներ”,-նշել է Ա. Աշոտյանը:

Հանդիպման մասնակիցները նաև հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Սփյուռքում հայապահպանության խնդրին և հայկական դպրոցների հիմնմանը: Ի պատասխան` նախարարը նշել է, որ սփյուռքահայության խնդիրները միշտ գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում` կոչ անելով անպայման հաճախել հայկական դպրոցներ:

Հանդիպման ավարտին մասնակիցներն առաջարկել են հաջորդ օլիմպիադան անցկացնել ԼՂՀ-ում, ինչպես նաև ընդլայնել օլիմպիադայի առարկաների ցանկը` այնտեղ ներգրավելով “Քիմիա” և “Կենսաբանություն” առարկաները:

Նշենք, որ Համահայկական 2-րդ օլիմպիադան անցկացվում է մաթեմատիկա, ֆիզիկա և Հայաստանի աշխարհագրություն առարկաներից: Մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է մասնակցել միայն մեկ կամ երեք առարկաներից մրցույթներին: Բնագիտական օլիմպիադայի հիմնական հաղթողները հայտարարվում են երկրորդ փուլի արդյունքների հիման վրա: Հիմնական հաղթողների համար նախատեսված են. I կարգ` 6 հատ, II կարգ` 6 հատ, III կարգ` 6 հատ դիպլոմներ և մրցանակներ:

Բացի հիմնական մրցույթներից` օլիմպիադայի ծրագրում նախատեսված են բազմաթիվ խաղեր, պարի ուսուցում, ուսուցողական միջոցառումներ, քայլարշավ և այցելություն Բյուրականի աստղադիտարան:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031