Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվությունը հիմնականում սուտ էր պարունակում»

Օգոստոս 04,2014 13:41

«Ադրբեջանական մամուլը կիսահիստերիկ վիճակի մեջ էր»,- այսօր` օգոստոսի 4-ին, «Պոստ Սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով վերջին օրերին սահմանում լարված իրավիճակի հետ կապված ադրբեջանական մամուլի արձագանքներին, հայտարարեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ սահմանային իրավիճակին ադրբեջանական մամուլը եւ պաշտոնական գերատեսչությունները հետաքրքիր արձագանքեցին` երկար ժամանակ ձայն չհանելով, որը մեծ վրդովմունք է առաջացրել ադրբեջանցիների մոտ: Պարոն Մարտիրոսյանի խոսքերով` ստեղծված իրավիճակում զոհերի քանակի մասին հայկական տվյալները ներթափանցեցին ադրբեջանական մամուլ: Իսկ պաշտոնական տեղեկատվությունը, ըստ նրա` սուտ էր.

«Ակնհայտ էր, որ այս անգամ ադրբեջանական պաշտոնական տեղեկատվությունը հիմնականում սուտ էր պարունակում, եթե հիմնականում նրանք սուտն ու ճիշտը խառնում են, այս անգամ այնքան խառն էին, որ ուղղակի սկսեցին միանշանակ ապատեղեկատվություն տարածել»:

Անդրադառնալով հաքերային հարձակումներին՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ հայկական կողմից այդպիսի գործողություններ չեն եղել, իսկ ադրբեջանցիները մի քանի կայք Ddos հարձակման են ենթարկել.

«Հայկական կողմից 1 լրատվական կայք է կոտրվել, բայց, ընդհանուր առմամբ, հայկական կողմից գործողություններ չեն եղել, դրանք եղել են ավելի շատ ցուցադրական, քան իրական: Ադրբեջանցիները մի քանի կայքի Ddos հարձակման ենթարկեցին, հիմնական թիրախը «Ոսկանապատն» էր այս անգամ, որովհետեւ այդ կայքն էր ադրբեջանցի զոհերի մասին շատ զգացմունքային նյութեր տարածում, ադրբեջանցիները շատ էին ազդվել»:

Պարոն Մարտիրոսյանը նկատեց, որ այս ամենից հետո ադրբեջանական մամուլը փորձեց դաշտը կառավարելի դարձնել եւ սկսեց համոզել իր հասարակությանը, որ հայկական կողմը շատ ծանր կորուստներ է կրել: Նրա խոսքերով` Ադրբեջանը ռազմավարություն է մշակել` խոսել հայկական կողմից շատ մեծ զոհերի թվի մասին` 70-150 հոգի.

«Սա արվում է նրա համար, որ այս դեպքում նրանք կարող են ասել, որ նրանք հաղթեցին այս փոքրիկ պատերազմը եւ հանգստացնել ներքին լսարանը: Նրանք կարողանում են թաքցնել իրենց զոհերը, այս տեսանկյունից` մեր եւ իրենց իրավիճակը շատ տարբեր է. մեզ մոտ ՊՆ-ի, քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, ընդհանուր հասարակության հարաբերություններն այնպիսին են, որ վերջին տարիներին փաստացի այստեղ զոհերի մասին տեղեկատվությունը թաքցնել չի լինի, այնտեղ դա ընդունված պրակտիկա է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031