Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կամ ծայրահեղ ինքնավստահություն, կամ ծայրահեղ հուսահատություն. «Ժամանակ»

Օգոստոս 09,2014 10:45

Այսօր Սոչիում Պուտին-Սերժ Սարգսյան և Պուտին-Ալիև հանդիպումներ են լինելու, որոնք կարևոր են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և Հայաստանի սահմանների մոտ լարվածության աճի ֆոնին: Երեկ Ադրբեջանը կատարել է մի քայլ, որը հանդիպումից առաջ անկասկած է՛լ ավելի է սրում լարվածությունը: Բավական չէ, որ հայ խաղաղ բնակչին, որ մոլորվելու հետևանքով գերի էր ընկել, Ադրբեջանը ջանադրաբար և ցուցադրաբար փորձում էր դիվերսանտ ներկայացնել, նրան նաև սպանել են՝ գերի ընկնելուց մեկ-երկու օր հետո: Պաշտոնապես հայտարարել են հանկարծամահ լինելու մասին, բայց պարզապես սպանել են, և դրանում որևէ կասկած չկա:

Սոչիի հանդիպումից առաջ սպանել են հայ գերուն, այն էլ` խաղաղ բնակչին: Սա ցինիզմի անսահման դրսևորում է, որը սակայն անկասկած կարիք ունի ոչ թե էմոցիոնալ գնահատականների, այլ սառը դատողության և վերլուծության: Բանն այն է, որ Ադրբեջանը առանց ինքնավստահ լինելու չէր գնա նման ցինիզմի: Ավելի շուտ մենք հավանաբար գործ ունենք երկու իրավիճակներից մեկի հետ՝ կա՛մ Ադրբեջանը անսահման ցինիզմ է դրսևորում ինքնավստահության մեծ պաշար ունենալու արդյունքում` վստահ լինելով, որ Մինսկի խմբի համանախագահները իրեն թույլ կտան նման քայլերը մարսել, ինչպես թույլ տվեցին մարսել Ռամիլ Սաֆարովի ազատագրումն ու հերոսացումը, կա՛մ էլ Ադրբեջանը հայտնվել է ծանր կացության մեջ, նրա մոտ ամեն ինչ ձախողվել է, Հայաստանին շանտաժի ենթարկելու փորձերն անհաջող են անցել, Ադրբեջանը փորձել է կոնֆլիկտը բորբոքել՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով, սակայն չի ստացվել, ստացել է ահռելի հակահարված և գամվել տեղում, ու այսօր արդեն դիմում է հուսահատ քայլերի:

Եվ այսպես` կա՛մ ծայրահեղ ինքնավստահություն, կա՛մ ծայրահեղ հուսահատություն: Որ մեկի հետ գործ ունենք` չենք կարող ասել, քանի որ հիմքերը կամ հիմքերի բացակայությունը հավասարաչափ է: Մի բան ակնհայտ է, որ մենք Ադրբեջանի գործողությունների մոտիվները հասկանալուց առաջ պետք է ձեռնամուխ լինենք արդեն այդ գործողությունները կանխատեսելուն: Սա միգուցե փոքր-ինչ բարդ իրավիճակ է ենթադրում, բարդ գործողություններ, սակայն մենք պետք է արդեն անցնենք այդ ռեժիմին և աշխատենք այդ կարողությունները զարգացնելու ուղղությամբ: Մենք պետք է կարողանանք կանխատեսել Ադրբեջանի հնարավոր քայլերը բոլոր մակարդակներում՝ և՛ մեծ քաղաքական, և՛ նման մարդկային-մարդասիրական, թե մինչև ուր կհասնի նրանց ցինիզմը և դաժանությունը: Ակնհայտ է, որ պոստֆակտում արձագանքները Հայաստանին հնարավորություն չեն տալիս բավարար չափով ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը և նաև դիվանագիտական բավարար ազդեցիկ հարվածներ հասցնել Ադրբեջանին: Եթե Ադրբեջանի իրավիճակը ծայրահեղ վատ է անգամ, ապա դա Հայաստանի գործողությունների արդյունքը չէ, այլ աշխարհաքաղաքական իրավիճակի և շահերի բախման` որոշակիորեն գերտերություններից որոշների և Հայաստանի շահերի համընկնումով:

Ահա այս տեսանկյունից, Ադրբեջանում հայի սպանությունից հետո հարց է առաջանում՝ արդյո՞ք պետք է այսօր Սերժ Սարգսյանը Սոչիում հանդիպի Իլհամ Ալիևի հետ, որի հնարավորությունը կամ հավանականությունը ռուսական կողմը չի բացառել դեռևս մի քանի օր առաջ: Սակայն այս հարցն ինքնին լոկալ բնույթ ունի, մինչդեռ հարցադրման էությունը պետք է ընդլայնել:
Ընդհանրապես, Հայաստանն արդյո՞ք կարիք ունի վերանայել հակամարտության կարգավորման գործընթացում իր գործողությունների հայեցակարգը, փիլիսոփայությունը: Ավելի շուտ, պետք է խոսել այդ ամենը նոր ձևավորելու կամ որդեգրելու մասին, որովհետև Հայաստանը մինչև այսօր առաջնորդվել է մեկ փիլիսոփայությամբ, մեկ հայեցակարգով՝ հայեցակարգի և փիլիսոփայության բացակայություն:

Այդ իրավիճակը բերել է նրան, որ կարգավորման գործընթացում Հայաստանը լիովին զրկվել է նախաձեռնողականության հնարավորություններից և ըստ էության մնացել է երկու բանի հույսին՝ մեկ Արևմուտքի հետ շահերի համընկնելու արդյունքում ինչ-որ բանով կողքից շահելու, և մեկ էլ Ադրբեջանի իշխանությունների սխալների: Բարեբախտաբար, երկու դեպքում էլ Հայաստանի հույսերն արդարանում են արդեն մի քանի տարի, սակայն այստեղ էլ երկու հարց է առաջ գալիս՝ ի՞նչ գին է վճարում Հայաստանն այդ` այսպես ասած ծառայություններից կամա, թե ակամա օգտվելու համար, և ինչքա՞ն է շարունակվելու այդ «բախտավոր կյանքը»:

Այս հարցերը հստակ պատասխան չունեն, սակայն մի բան ակնհայտ է, որ Հայաստանը ժամանակ առ ժամանակ վճարում է մեծագույն ռիսկերով և մարդկային կորուստներով, և որ այդ իրավիճակում էլ Հայաստանի համար, խոշոր հաշվով, ժամանակը կորստաբեր է ինքնին, պարզապես կա խոշոր կորուստի և մանր՝ ժամանակի մեջ նվազ նկատվող և ռազմավարական, ճակատագրական տեսք չունեցող կորուստների խնդիրը: Հայաստանը երկրորդի հունի մեջ է, առերևույթ ոչինչ ճակատագրական չի թվում, սակայն բնույթով այդ ամենը ոչնչով չի տարբերվում խոշոր կորուստների բնույթից:

ՄուսաՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրապարակումնամբողջությամբ՝սկզբնաղբյուրկայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանի՛ ազգային շահը ներկայացնող կա՞: Օր ու գիշեր հարձակողակ՛ան զենք է տալիս ու ուժեղացնում Ադրբեջանին ու երբ Պուտինը մի հատ շվցնում է, իրեն կոտորելով գցում է Ռուսաստան: Մարդուն միայն իր (ու իր կլանի) ԱԹՈՌՆ է հետաքրքրում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031