Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը բոլոր իրավունքներն ունի առաջադրվելու եւ ընտրվելու ՀՀ նախագահ». «Իրատես de facto»

Սեպտեմբեր 12,2014 12:21

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը

– Ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը Հայաստանում։

– Արտաքուստ ներքաղաքական իրավիճակը թվում է բավականին հանգիստ, բայց վստահաբար՝ խորքային առումով կան բավականին լուրջ խնդիրներ, որոնց նկատմամբ խիստ տարբերվում են իշխանությունների և ազդեցիկ այլ քաղաքական ուժերի մոտեցումները, որը կարող է ցանկացած պահի հանգեցնել ներքաղաքական իրավիճակի բացահայտ լարման՝ հնարավոր բոլոր հետևանքներով։

– Հնարավոր համարո՞ւմ եք հանրահավաքային բուռն աշուն, ինչպես ամռանը խոստանում էին ոչիշխանական ուժերից մի քանիսը։

– Այդ մասին նախնական հայտարարություն արել է քառյակը։ Վստահ եմ՝ նրանց կմիանան նաև ուրիշ քաղաքական և հասարակական կազմակերպություններ, ու կախված իշխանությունների պահվածքից՝ աշունը կարող է լինել ինչպես բուռն, այնպես էլ նոր բուրմունք բերող։

– Ձեր կարծիքով՝ Հայաստանում կա՞ իրական ընդդիմություն, որ պատրաստ է համակարգային փոփոխություններ իրականացնելու։

– Ես չգիտեմ, թե ինչ եք հասկանում իրական ընդդիմություն ասելով։ Եթե նկատի ունեք իշխանություններին ընդդիմադիր լինելու հանգամանքը, առանց վարանելու կարելի է ասել, որ, բացի ՀՀԿ վերնախավից ու մի շարք անձանցից, ովքեր օգտվում են ՀՀԿ վերնախավի «բաժնեմասից», մնացած ողջ քաղաքական, հասարակական շերտը, ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը հանդիսանում են իրական ընդդիմություն և պատրաստ են համակարգային լուրջ փոփոխության։ Այս պարագայում ավելի տեղին է հարցը ձևակերպել այսպես. «ՀՀ ներկա իշխանություններին իրական իմաստով կարելի՞ է համարել իշխանություն, թե՞ նրանք մարդկանց խումբ են, որ բռնազավթել են իշխանությունը»։

– Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի քաղաքական օրակարգում անհրաժեշտություն համարո՞ւմ եք։ Ի՞նչ կտա կառավարման մոդելի փոփոխությունը։

– Ըստ էության, հիմա, երբ գնում ենք սահմանադրական փոփոխությունների, հիմնական շեշտադրումն այն է, որ գնում ենք խորհրդարանական կառավարման համակարգի, որ այդ համակարգն ավելի լավն է Հայաստանի Հանրապետության համար, քան նախագահական համակարգը կամ կիսանախագահականը, որը հիմա է։ Մինչդեռ, կիսանախագահական ներկա համակարգը հնարավորություն է տալիս, որ քաղաքական ուժերը շատ ակտիվ լինեն թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրություններին, որովհետև կախված այն բանից, թե խորհրդարանում մեծամասնությունն է ընդդիմությունը, թե նախագահի կողմնակիցները, երկիրը կարող է դառնալ կամ խորհրդարանական կառավարման, կամ նախագահական կառավարման երկիր։ Երկու մոդելն էլ առկա է, և կյանքը պետք է թելադրի, թե որ համակարգը որ պահին պետք է ավելի ուժեղ լինի։ Երբ գործող նախագահը ասում է, որ որևէ հակափաստարկ չկա, թե ինչու չպետք է փոխել Սահմանադրությունը, նույնն է թե՝ մեղադրյալին ասել, որ ինքը պետք է ապացուցի իր անմեղությունը։ Լավ, թող իշխող քաղաքական ուժը, հանրապետության նախագահը բերեն այն փաստարկները, որոնց հիման վրա անհրաժեշտություն էր առաջացել սահմանադրական փոփոխությունների։ Այսինքն՝ ինչո՞ւ պետք է ընդդիմախոսները փաստարկ ներկայացնեն, որ չկա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, այդ նախաձեռնության հեղինակները պետք է փաստարկեն, թե գործող Սահմանադրությունն ինչո՞վ է խոչընդոտում բոլոր այն խնդիրների լուծմանը, որ իրենց առջև դնում են կառավարող ուժը, կառավարությունը և նախագահը։ Ի վերջո, մեր Սահմանադրության մեջ շատ հստակ գրված է և՛ իշխանությունների տարանջատման սկզբունքի, և՛ մարդու իրավունքների, և՛ դատարանների անկախության մասին։ Էլ ի՞նչ խնդիր կար, որո՞նք էին Սահմանադրությունից բխող այն խոչընդոտները (թող իրենք բերեն այդ փաստարկները), որոնք թույլ չէին տալիս երկրի տնտեսության, քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության կամ այլ խնդիրների լուծումը, որի պատճառով պետք է Սահմանադրությունը փոփոխել։ Այլապես վաղը կարող է մեկ ուրիշը՝ ցանկացած նոր նախագահ, գալ և նույն կերպ վարվել։ Այս առումով, կարծում եմ, ամենևին քննության չեն դիմանում նախագահի բերած փաստարկները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։

Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930