Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք տուն ենք պահում, ոչ թե հայրենիք

Հոկտեմբեր 01,2014 14:00

Հայաստանի նախագահի հանդիպումը Չեխիայի հայ համայնքի հետ տեղի է ունեցել այս տարվա սկզբին, եւ այդ մասին տպագրվել է լրատվական կայքերում, թերթերում, «Հ1»-ն իր ընդարձակ հաղորդման մեջ անդրադարձ կատարեց նաեւ այդ հանդիպմանը, թեեւ հեղինակը դահլիճում չէր։ Եղել-անցել էր, ու անսպասելի էր լրատվամիջոցների ու հանրության այսօրինակ բուռն արձագանքը՝ «Առավոտի» նախորդ համարում տողերիս հեղինակի տպագրած այդ հանդիպման սղագրության առիթով։ Նույնիսկ «դավադրություն» նկատվեց հանդիպման մանրամասներն այսքան ուշ հրապարակելու մեջ։

Շտապեմ ասել՝ ոչինչ մի փնտրեք, ես ազատ լրագրող եմ ու որեւէ լրատվամիջոցի հետ իրադարձային նյութեր տրամադրելու պայմանագիր չունեմ, «Առավոտին» թղթակցում եմ իմ ընտրությամբ ու ճաշակով, նյութը գրում եմ, երբ գրվում է։ Վերադառնալով նախորդ հրապարակմանը, ասեմ, որ ընթերցողին ամենից շատ ալեկոծել էր «մի գիշերում չէի կարող բոլորիդ կարծիքը հարցնել» նախագահի արած արտահայտությունը: Եզրակացությունը մեկն էր՝ նախագահին պարտադրել, պատին են դեմ տվել ու որոշումը մի գիշերում է կայացվել։ Թերեւս կարեւոր չէ, որոշումը մի գիշերում է կայացվել, թե մի քանի։ Փաստն այն է, որ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրով ազատ առեւտրի գոտուն միանալու Հայաստանի աշխատանքային խմբի պատրաստած փաստաթղթերի թանաքը դեռ չէր չորացել, երբ գուժեց Մաքսայինին միանալու Հայաստանի համաձայնության լուրը։ Չեմ էլ կասկածել, որ այդ որոշումը կայացվել է եթե ոչ միանձնյա ու մի գիշերում, ապա գոնե Կրեմլի հզոր ճնշմամբ, պահի թելադրանքով։ Հայաստանի նախագահը գոնե իրեն ծանրացնելու համար առերես դիմադրություն ցույց տար, ասենք՝ հրավիրեր փորձագետների, վերլուծաբանների, լայնորեն քննարկվեր հանրության շրջանում։ Բայց տգիտության, թալանի, անմեղի արյան խայտաճամուկ թելերի մեջ խճճված մեր երկրում դիմադրություն մնացե՞լ է։ Երկրի նախագահը ենիչերի Լիսկային դիմադրելու ուժ չունեցավ, Պուտինին ո՞նց պիտի դիմադրեր։ Բարոյապես ընկած մի երկիր, որի ղեկավարը թքել է ժողովրդի սրտի մեջ ու արդեն որերորդ անգամ, անտեսել է ստորագրության պատիվն ու հեղինակությունը, երկիրը տարել, դրել է պուտինների ու լիսկաների ոտքերի տակ։ Ու համընդհանուր ստորացման այս փակ շղթայում, փաստերի ու մեկնաբանության հանդեպ տառակերի իմ խստությունը։ Ահա քանի օր է՝ տանջվում եմ, թե լրատվական կայքերն ու թերթերը նախագահի՝ Չեխիայում արած «մի գիշերում չէի կարող բոլորիդ կարծիքը հարցնել» արտահայտությունը երեւի իմ մեղքով են բառի ուղիղ ձեւով ընկալել։ Նախագահն, իսկապես, այդ արտահայտությունն արեց ընդամենը թեւավոր խոսքի իմաստով, եւ ոչ ավելին: Ես այնտեղ էի ու հաստատում եմ, որ խղճիս պարտք չմնամ։ Բայց դա չէ բնավ իմ դառնության ու վիրավորանքի առիթն այդ հանդիպումից։

Հայաստանի երեք նախագահներն էլ արհամարհել, քամահրել են Սփյուռքը։ Նրանց քաղաքական արկածախնդրության արդյունքում ընդամենը քսան տարում Սփյուռքը Հայաստանի հաշվին բազմացել է ավելի, քան 1915-ին մեր զոհերի քանակն էր։ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սփյուռքն անվանեց նարինջ ուտողներ, Ռոբերտ Քոչարյանը կապված էր միայն միլիոնատեր հայերի հետ՝ փայ մտնելու անկուշտ մարմաջով։ Սերժ Սարգսյանին այլեւս չեն վստահում Քոչարյանից խաբված հարուստները։ Արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիներից խլվեց նաեւ իրենց ժամանակավոր բնակության վայրերում ընտրելու սահմանադրական իրավունքը։ Ու, թվում էր՝ խաղ չկա։ Ոնց ուզեն, կխոսեն Սփյուռքի հետ։ Երեւի այդ վստահությամբ Սերժ Սարգսյանը մտավ դահլիճ։ Եվ քանի որ իր երկու նախորդների բնածին չարությունից զերծ է ու բնույթով խաղաղ, իր գեղջկական պարզությամբ փորձեց մտերմիկ մթնոլորտ ստեղծել, ասաց՝ ինչքան դժվար հարց ունեք, տվեք։ Մենք էլ տվեցինք։ Ու ինչպես կասեր երջանկահիշատակ Վիկտոր Չերնոմիրդինը՝ ուզում էինք որքան հնարավոր է լավ, ստացվեց ինչպես միշտ։ Չեխիայի հայ համայնքը ընդամենը քսան տարեկան է, Հայրենիքի հետ ամուր թելերով կապված։ Համայնքի աչքի առաջ Չեխիան այս քսան տարում վերածվել է գրեթե դրախտի։ Համայնքի տեսած ղեկավարի խորհրդանիշը մեծ հումանիստ Վացլավ Հավելն է, ում ազատախոհ գաղափարները խորհրդային բանտից մինչեւ նախագահական պալատ չփոխվեցին, ի տարբերություն մեր «անկախական» Ռազմիկ Զոհրաբյանի, մնացին նույնը ու ծառայեցին չեխ ժողովրդին։ Նախագահ, ում մահը խոնարհեց աշխարհի առաջադեմ երկրների պետական դրոշները, բացի Ռուսաստանից: Այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը դագաղում պառկած Հավելի հետ էլ էր քեն քշում, թաղմանը չեկավ, մեկնեց Փհենյան՝ նույն օրը Հյուսիսային Կորեայի ղեկավարին էին հողին հանձնում։ Եզրակացրեք, թե դեպի ուր են մեզ տանում։ Իսկ Հայաստանն անդունդի եզրին է, ու կուսակցությունները խորքի մեջ նույնպես սպառել են իրենց, վերքի բժիշկ չեն մեզնից դատարկված մեր Հայրենիքի համար։ Ահա հիմա է, որ հայկական Սփյուռքը դեր պիտի ստանձնի, դառնա իրական գործոն Հայաստանի քաղաքական կյանքում։ Իսկ իրական գործոն դառնալու համար, Սփյուռքը պետք է հրաժարվի Հայաստանի հանդեպ անհատույց բարեգործի իր դերից։ Չկա առանց պայմանների բարեգործություն աշխարհում։ Այն փողը, որ տալիս են ամենամյա մարաթոնին, պիտի ճնշման գործիք հանդիսանա՝ առողջացնելու երկրի դեմոկրատական ինստիտուտները։ Այլապես՝ ոչ մի սենթ։ Հետխորհրդային Սփյուռքը պետք է ստանձնի Հայաստանի հետ տնտեսական ու քաղաքական հարաբերությունների լիդերությունը, քանի որ լավ գիտե երկրի արմատն ու ոգին։

Ավանդական Սփյուռքին պիտի վերապահվի ցեղասպանության ճանաչման ու ազգային ինքնության պահպանման խնդիրները։ Միացյալ Սփյուռքը պետք է անհապաղ սկսի համահայկական խորհրդարանի ձեւավորման գործընթացը, ստեղծի իր ընդհանուր բյուջեն, մշակի օրենքներ ու հսկողության տակ պահի Հայաստան ուղարկվող միջոցների օգտագործումը։ Ռուսական սփյուռքը պետք է հրաժարվի Հայաստանը Ռուսաստանի գաղութ դարձնելու իր ակտիվ լոբբիստական աշխատանքից, եվրոպական Սփյուռքը պիտի հարթի «ըսի ըսավի» ճղճիմ կռիվները իրար մեջ, դառնա համահայկական հզոր թիկունքի միավորողը՝ Հայաստանի պարզ քաղաքացու մեջքին ու թույլ չտա թալանը բաժանող պալատների պատերազմը մեր երկրում։ Խիղճը երբ չկա, ուրիշ դատավորներ պիտի հայտնվեն։ Գուցե այս ձեւով կանխենք մեր ընթացքի ճակատագիրը՝ «մի գիշերում» դիվահար անելու հայկական ավանդական, բնազդական նենգ ու չարարվեստ մոլությունը։

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Պրահա
«Առավոտ» օրաթերթ
30.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Տիկին Ղազարյան
    Տուն եք պահում` պահեք… Հայաստանը ձեզ համար խաղալիք չի…
    Եթե Հայասստանը դառնա ՄՄ անդամ կամ ԵՄ հետ ազատ առեւտուր սկսի` ես` ՀՀ քաղաքացիներն են տանջվելու կամ շահելու` գրեթե դրախտ Չեխիայում ապրողին` ինչ???
    Սերժ Սարգսյանը աչքիս լույսը չի, չեմ կարծում, որ նա ընտրված նախագահ է, ՀՀ քաղաքացիներն են նրա Լիսկաների, Շմայսների, Սաշիկների ու նմանների ձեռքը կրակն ընկել… գրեթե դրախտ Չեխիայում ապրողին` ինչ???
    Թող ՀՀ քաղաքացիները արտերկրում չապրեն, թող Սփյուռք չդառնան…Մի ծաղկով գարուն չի գալիս… Ծաղիկները հեռացրել եք Հայաստանից ու դժգոհում եք, որ գարուն չի գալիս…Մի հեռացրեք ծաղիկները…
    Հայաստան հիմնադրամին փող մի տվեք, որ հետո էլ ՀՀ Վերահսկիչ պալատը խախտումներ ու յուրացումներ չբացահայտի…
    Լիդերացավ մի կպեք…Ընդդիմադիրներից մեկը` կարծեմ Նիկոլ Փաշինյանը, ասում էր Առաջինը լինելու մոլուցքը փոխարինեք Վերջինը լինելու պատրաստակամությամբ: Արեք…
    Անվտանգ Պրահաներում, Բարսելոնաներում կամ Սիդնեյներում ապրողը չի կարող, ՉՊԵՏՔ Է որոշի թե ինչ նախագահ կամ պատգամավոր ունենամ: Հայաստանը աղբ է ես էլ այդ աղբի մեջ եմ ու աղբ: Չհեռանայիք` ԱՆԿԱԽ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ…
    Օգնեինք ՀՀ քաղաքացիներին ու գրեթե աղբ Հայաստանը դարձեինք գրեթե դրախտ: Չեք արել` ձեր իրավունքն է, որտեղ ուզում եք ապրեք` ձեր կյանքն է, դե թողեք ՀՀ քաղաքացիներն էլ 1 շաբաթվա գործը 10 տարում առանց օգնության անեն` սսկվեք…
    Համահայկական խորհրդարան եք ուզում, որ ինչ?? Հայաստանը ներկայկացված չի լինելու, թե ամեն տեսակ Լիսկաները, Շմայսները, Սաշիկները ասպատակելու են նաեւ Հայաստանից դուրսը:
    Որտեղ ուզում եք ապրեք` ձեր կյանքն է, դե թողեք ՀՀ քաղաքացիներն էլ 1 շաբաթվա գործը 10 տարում առանց օգնության անեն` սսկվեք…

    • Հարգելի ՀՀ քաղաքացի, ես իմ անունից եմ խոսում, դուք՝ չգիտեմ ում։ Ի տարբերություն ձեզ, Հայաստանից հեռացածները ոչ միայն իրենց ընտանիքն ու տունն են պահում, այլ մի քանի ընտանիքներ Հայաստանում։ Այսինքն՝ ասել կուզեք, արտերկրում ապրող հայերը, ունեն պարտականություն, չունեն իրավու՞նք։ Ոչ ընտրելու, ոչ Հայաստանի այսօրվա խնդիրներին արձագանքելու՞։ Այդպես էր ասում նաեւ այստեղ ժամանած քո ընտրյալ նախագահը, որին, իսկապես, 5000-ով ընտրել ես։ Ես դրանում չեմ էլ կասկածում։ Եթե մեր երկրի հպարտ քաղաքացին լինեիր, այսպիսի ստորացումների չէիր դիմանա։ Կընդվզեիր, ինչը մենք արեցինք ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ, ու Արցախ ետ բերեցինք։ Իսկ դուք չոքել եք երկու երեք նախագահների ռեժիմների տակ ու հարմարվել։ Ու մեղադրում եք, թե Սփյուռքը չի գալիս ձեզ ազատի։ Եվ մի բան էլ. աշխարհը օրինակ է բերում հրեաներին, ամեն իմաստով։ Գիտես ինչու։ Հրեաները իրենց Սփյուռքի քաղաքական ու տնտեսական հզորության հաշվին են ապրում, իսկ Հայաստանը Սփյուռքը դիտում է իբրեւ կթան կովի՝ ստամոքսը պահելու համար։ Հայաստանի քազաքացի լինելը միայն ապրել չի նշանակում երկրում, լիսկան ու Ռոբերտ Քոչարյանն էլ են ապրում Հայաստանում, իրենց գողական համայնքով, քեզ թալանելով, ավելի լավ հայ են, քան դրսում տաքսի քշող հա՞յը, որ մի քանի ընտանիք է պահում Հայաստանում։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031