Դեռևս մեկ ամիս առաջ ՀՀ բուհերի ռեկտորները, մտահոգված բուհերից երիտասարդ դասախոսների հեռացմամբ, դիմել էին կառավարությանը, վարչապետն էլ հանձնարարել էր Ֆինանսների նախարարությանը վերանայել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը:
Ըստ Ազատություն ռ/կ-ի միայն մայր բուհից այս ուսումնական տարում 33 երիտասարդ դասախոս արդեն հեռացել է, մի քանի տասնյակն էլ կհեռանան, եթե կառավարությունը հապշտապ քայլեր չձեռնարկի կենսաթոշակային կուտակային համակարգը բարեփոխելու համար:
Aravot.am-ը Երեւանի պետհամալսարանից մեկնաբանություն խնդրեց՝ հեռացած դասախոսների վերաբերյալ: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մասնավորապես տեղեկացրին. «Ըստ կադրերի բաժնից ստացված տեղեկատվության, համալսարանից հեռացած դասախոսներից միայն երեքն են որպես պատճառ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը նշել իրենց դիմումում: Իսկ ընդհանրապես միշտ էլ հոսք կա՝ ինչպես համալսարանից հեռացողների, այնպես էլ նոր կադրեր ընդունելու առումով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































