Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դատական դեպարտամենտի նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Արթուր Գրիգորյանի հայտարարությունը

Նոյեմբեր 10,2014 20:35

Կենտրոն եւ Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ դատական դեպարտամենտի նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Գրիգորյանը:

Հայտարարության տեքստը կցվեց քրեական գործին:

Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

-Սույն քրեական գործի ուսումնասիրությունից պարզվում է, որ Ռուզաննա Դարբինյանն 2013 թվականի սեպտեմբերի 24-ին իր կողմից կաշառք տալու վերաբերյալ հայտարարությունն է տվել (հատոր 15, գ.թ. 259) և նույն օրն այս առթիվ ցուցմունք է տվել (հատոր 15, գ.թ. 261-262):

Քննիչի կողմից 2014 թվականի ապրիլի 25-ին գործով որոշում է կայացրել մի շարք անձանց, այդ թվում՝ Ռուզաննա Հրանտի Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով մասի վարույթը կարճելու մասին, պատճառաբանելով, որ թեև վերջինիս արարքում առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված հանցագործության[1] հանցակազմը, այնուամենայնիվ պետք է նկատի ունենալ, որ նա իր ցանկությամբ, կամովին, մինչ իրավապահ մարմինների կողմից հանցագործության մասին իմանալն իր կատարած արարքի մասին հայտնել է իրավապահ մարմիններին (հա-տոր 31, գ.թ. 80-84):

Քննիչի վերը նշված որոշումը դատախազի կողմից չի վերացվել:

Մինչդեռ, գործի նյութերն առերևույթ վկայում են հակառակի մա-սին, այն է՝ որ քննիչը դատախազի անմիջական ղեկավարությամբ ակնհայտ մեղավոր անձին ապօրինաբար ազատել են քրեական պատասխանատվությունից:

Այսպես, դրանից մեկ օր առաջ՝ 2013 թվականի սեպտեմբերի 23-ին ներկայումս ամբաստանյալ Անգին Ղուկասյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում տվել էր բացատրություն, որում արդեն իսկ նշել էր, ի թիվս այլնի, որ ինքը մի անգամ էլ կաշառքի միջնորդություն է կատարել իր բարեկամուհու՝ Ռուզաննա Դարբինյանի համար (հատոր 15, գ.թ. 222-223):

Բացի այդ, Ռուզաննա Դարբինյանից հանցագործության մասին հաղորդում ընդունելուց հետո՝ նույն օրը[2] Հայաստանի Հանրապետության ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետը հաղորդագրություն է տարածել կաշառք տալու և «ստանալու» վերաբերյալ, որում նշել է, որ Ռուզաննա Դարբինյանն իր վերը նշված հայտարարությունը տվել է իրենց մոտ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս (հատոր 15, գ.թ. 260):

Այն, որ վերը նշված հաղորդագրության տվյալ մասը պատահականության, թյուրիմացության կամ վրիպակի արդյունք չէ, ի թիվս այլնի հաստատվում է «Նյութերն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին» 2013 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ, որում նշված է, որ գործով ներկայումս վկա Լիալյա Վաչագանի Պետրոսյանը կաշառք տալու վերաբերյալ իր նույնանման հայտարարությունը դարձյալ տվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս (հատոր 15, գ.թ. 225-226):

Ի վերջո, Ռուզաննա Դարբինյանը 2013 թվականի սեպտեմբերի 24-ին տված իր ցուցմունքում ինքն է նշել, որ իրեն բացատրվել է, որ հարցաքննության է հրավիրված Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով: Նշված ցուցմունքի վերջում նա հայտնել է, որ այսօր հրավիրվելով ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն, աշխատակիցների զրուցելու ընթացքում հայտնեցի, որ 2010 թվականի ամռանը Անգինի Միջոցով 1.000 ԱՄՆ դոլար գումար եմ տվել Մ.Մարտիրոսյանին և Միքայելին տեղավորել աշխատանքի (հատոր 15, գ.թ. 261-262):

Վերը նշված փաստերն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ իմ պաշտպանյալ Միսակ Մարտիրոսյանին ամբաստանյալի աթոռին նստեցնելու՝ իրենց նպատակն իրականացնելու համար քննիչը, իսկ նրա համապատասխան որոշումը չվերացնելով՝ նաև դատախազը նույնիսկ գնացել են հանցավոր արարքների՝ անձին ապօրինի ազատելով քրեական պատասխանատվությունից[3]:

Սույն հայտարարությամբ մենք չենք անդրադառնում Լիլյա Պետրոսյանին և Վիկտորիա Կարապետյանին ապօրինի անազատության մեջ պահելու միջոցով նրանցից ցուցմունքներ կորզելու հարցերին, որոնք արդեն իսկ բացահայտվել են դատական քննության ընթացքում, ինչպես նաև հետագայում ներկայացվելիք հանցագործության դեպքերին, որոնց վերաբերյալ, հավաստիացնում ենք, որ ունենք ավելի քան բավարար ապացույցներ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930