Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Օրագիր իմ եւ բոլորի համար». Պետությունը գլխատվում է ամեն օր

Նոյեմբեր 12,2014 15:00

Մեր հոգու մեջ բույն դրած քստմնելի կասկածի անվերջ առկայծող մոմը կմարեր, եթե կարողանայինք երեսներս ազատել դիմակներից, բացել մեր հոգու անկեղծության վարագույրները։ Ես գիտեմ, որ մարդը մեծ աղետի կամ անհանգիստ վտանգի ժամանակ արմատապես փոխում է իր վարքն ու համոզմունքը։ Մեր աչքերի առաջ բռունցքներ ըմբոստացան, ու ամբոխից վերածվեցին կապանքներ փշրող անկախության զինվորների։ Դյութական անուններ անմահացան պատմության մեր բաժին ակնթարթի մեջ։ Փայտե կուռքերի առաջ չորեքթաթ անող մուրացկանը իր սովոր ճամփին է նաեւ այսօր՝ գողերի կենսագրությամբ շնչող մեր երկրում։ Տրտում, հոգեվար աշուն է, օրագրիս թերթիկները մեկ-մեկ պոկվում, սրտիցս ընկնում են ցած, ու պատմում են յոթգլխանի Չարքի մերօրյա տխուր հեքիաթը։

«Այսօր ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը, ով որպես Սերժ Սարգսյանի եղբայր իրեն անպատժելի է համարում, հարձակվել է մեր թղթակցի` Մարինե Խառատյանի վրա: Սաշիկ Սարգսյանի հայհոյանքներին ականատես ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անգամ չի փորձել սաստել»։ Սա հին պատմություն է, այս մարդն այլեւս պատգամավոր չէ, բայց նրա գողական նիստն ու կացը պատկերն են մեր այսօրվա Ազգային ժողովի։ Թայֆայական ներողամտությունն ու հանցանքներ ծածկող թայֆաբաշիների լպիրշ պահվածքը նոր չէ, որ ներվում, գնում է։ Եվ ամեն անգամ նույն միտքն է գալիս. «Տեղն է, քեզ, Վազգեն…

Սա՞ էր ուզածդ։ Էդ չքավոր, հյուծված լեշերին իրենց խրճիթներից խնդրես, բերես դնես մեր գլխին, ու նրանք էսպես պղծեն հիշատակդ։ Ուր պետություն է գլխատվել ու քո արյունն է հեղվել մառ գորգին»։ Լրագրողների կամ միմյանց վրա հարձակվելու, հայհոյելու դեպքերը հաճախ կրկնվող միջադեպեր են՝ մեր օրենքով գողերի օրենսդիր կենսագրությունից։ Բայց Չարքը մեր տանը երեւացել է ավելի վաղ, քան այս պիղծ բոսյակը, հացին կակա ասող գեղջուկ մուրացկանը, որ պիտի մեր հացով կշտանար ու հայհոյեր մեր օրենքի տունը։

Առաջին անգամ դա պատահեց 1990-ի ՀԽՍՀ ԳԽ ընտրությունների նախօրեին, երբ ՀՀՇ-ական քաղցած ու ցնոտ խուժանը Խաչիկ Ստամբոլցյանի գլխավորությամբ հարձակվեց Գերագույն խորհրդի շենքի վրա ու պղծեց մեր իշխանության գերագույն աթոռը։ Գետնին տապալեցին ու արյունլվա արեցին ԳԽ նախագահ Հրանտ Ոսկանյանին։ Իսկ լրբերից ամենալրբենին, անառակ շեքը բացած, «Էս էլ քո թղթերը» ասել ու….մեղա, մեղա… շռել էր նախագահի սեղանին։ Ոչ ոք չպատժվեց, խնդացինք, անցավ։ Հետո պատերազմն էր, Չարքի տեղը տաք, հողը բարեբեր։ Սարերում հնձվում էին հերոսները, թիկունքում ՝«մեր դեմ խաղ չկա». երեք մատի կոմբինացիայով պարն էր տարածվում մեր խավար ու սոված գիշերների վրա։ Գեներալ Մանվելի տանն այդ հայտնի խրախճանքի խայտառակ տեսագրությունը աշխարհով մեկ հայ տարագիրներին փախստականի կարգավիճակ էր պարգեւում։

Պատերազմ էր, սով, աղքատություն ու մահ։ Իսկ բոսյակները հարստանում էին, պալատներ կառուցում, խրախճանքներ անում ու թալանի գեներալներ աճեցնում, որ կնոջ ու հանրության աչքի առաջ մահու չափ ծեծեն պատմագիտությանը բազում ծառայություններ մատուցած դիվանագետի դիվանագետ որդուն։ Ու ընդամենը արժանանան երկրի գլխավորի՝ թայֆաբաշու չարաճճի հանդիմանանքին։ Կռվի ահազանգը բոլորի համար չէր, ոչ մի բոսյակ իշխանավորից մի մազ չպակասեց, տանից մարդ չզոհվեց, գոնե մի վիրավոր չեղավ, որ ետ գար ճակատից։ Թալանի վրա էին, ու մինչեւ հիմա չեն կշտանում։ Միշտ ուզեցել եմ հարցնել Վազգենից՝ դու, որ երդվում էիր մեր մշակույթի մեծերի անունով, երգում էիր մեր հերոսական երգերը, ինչ հոգեւոր կապ էիր տեսել մանվելների, ….ու մարդակեր մուղդուսիների անվերջ շարունակվող այս ցուցակի հետ: Չեմ հասկացել ու չեմ հասկանա:

Սարսափելի բան է աղքատությունը։ Կշտության գայթակղիչ բնազդն անկախ Հայաստանի իշխանություններին զարհուրելի գործարքի տարավ Չարքի հետ, որ հետո իրենք էլ Չարքի բաժին դառնան։ Նայեք առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավորների ցանկը, ովքեր ժողովրդի ծանր անեծքների տակ մինչեւ այսօր շարունակում են վերարտադրվել գելուկի մոլեգին բնազդով։ Խորհրդային ու ներկա գողեր, հանրապետականի ու ՀՀՇ-ի թեւերի տակ ծվարած նախկին ու ներկա ավազակներ, կուսակցություն ու դավանանք մի գիշերում ուրացած գավառական ջորեպաններ… Մեր պետության խորհրդանիշներն ու Ազգային ժողովի մառ գորգին թափված պետական այրերի արյունը օրը հազար անգամ պղծող լֆիկներ ու թոխմախիմհերներ…

Սրանք բոլորը քո ընկերներն են, Վազգեն, քեզնով մարդամեջ մտած, քո անունով երդվող ու հիշատակիդ խաչը նենգորեն պղծող, օրը հազար անգամ քեզ գնդակահարող ու մեր սիրտը սեւ դաշույն մտցնող անարգ պատրիկներ։ Անմնացորդ նվիրյալ էիր, ոգեղեն, արտիստիկ։ Կամքդ չհերիքեց կոպիտ ու անվերադարձ մերժելու քո շուրջը սնվող փուչ դավաճաններին, բթադեմ չարչիներին, կարիճի սեւ թույն շնչող գավառական առաջնորդներին, ովքեր այսօր էլ շարունակում են ուրանալ քեզ ու կործանել մեր կյանքը։ Ու քանի դեռ հեռացող օրերի մեջ կշարունակենք սուտ ու կեղծիքի աղմուկներով հյուսել մեր օրվա պատմությունը, անխնա մսխել դրախտ ու գեհենի միջով անցած մեր ոգին, փակ պահել մեր հոգու ծանր վարագույրը, Չարքը չի հեռանա մեր երկրից։։ Խաղաղություն չի իջնի մեր երկրի վրա ու մեր խաչված ու սուրբ մեռելների հոգիները կխռովեն մեզնից։ Ազգային ժողովը մեր պետության եկեղեցին է, ու պատգամավորները ժողովրդի իդեալների համար կռիվ տվող Սրբեր։ Իսկ Սրբերը երբեք, ոչ մեկին ու ոչինչ չեն ուրանում։ Ընտրյալ են։

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

ՊՐԱՀԱ

Հ.Գ. Ես չգիտեմ, թե ինչպիսին է հիմա Վազգենի հայրական տունը, ես կարոտում եմ կանաչ դրախտի մեջ թաղված տանտերերի բաց սրտի պես հյուրընկալ հին տան պատկերը ու Վազգենի փոքրիկ սենյակի բաց պատուհանից հորդացող հունիսյան առավոտի պայծառ լույսը, որ մի առիթով հասցրի վայելել։ Ուզում եմ պահել այդ պատկերը ու նրան տեսնել միայն այդ տան ու այդ լույսերի լռիկ պատկերների մեջ։

«Առավոտ» օրաթերթ

11.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930