«Երկու երես» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանն, անդրադառնալով Հայաստանում զարգացող ներքին քաղաքական իրադարձություններին, գնահատեց «Եռյակի» հայտարարած համաժողովրդական շարժումը:
«Ինչ հիմա անում է եռյակը, ես դա այնքան էլ համաժողովրդական շարժում չէի համարի: Իմ տպավորությամբ, դա ժամկետից շուտ սկսված նախընտրական արշավ է ու նրանք գուցե դրա պատճառն ունեն: Խնդիրը, գուցե, քաղաքական սպասվող փոփոխություններն են, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր իրականացնել սահմանադրական փոփոխությամբ` նախագահի պոստի թուլացում, անցում վարչապետական համակարգին: Դա գուցե եռյակի առանցքային խաղացողների համար մրցակցային ավելի վատ պայմաններ կստեղծեր: Նրանք, հավանաբար, փորձում են դա կանխել ու ժամկետից շուտ սկսել են նախընտրական արշավը: Ես այսօր հեղափոխական զարգացումների որեւէ պոտենցիալ չեմ տեսնում: Առավել եւս, որ ընդդիմադիր կառույցների ծրագրերում որեւէ հեղափոխական բովանդակություն չկա: Միայն ձեւով հեղափոխություններ չեն լինում: Հեղափոխությունն առաջին հերթին բովանդակություն է: Բովանդակությունը կարող է ապստամբական չլինել, այն կարող է լինել թավշյա: Կարեւորը, թե ինչ ես առաջարկում եղածի փոխարեն: Կարծում եմ, մի օլիգարխի պայքար է մյուսի դեմ, նույն քաղաքական վեկտորում գտնվող մի միավորի պայքար` մյուսի դեմ, երբ երկուսն էլ դեմ չեղան ԵՏՄ-ին եւ երկուսն էլ միասին ԵՄ բուռն ջատագով են: Մեկը մյուսի կլոնի պայքարում Հայաստանի համար հետաքրքիր բան չեմ տեսնում: Սա Հայաստանի կյանքի համար աննշան մի իրադարձություն է, որը մի քանի տարի հետո չենք էլ հիշի», – ասաց բանախոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































