Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյան. «Մենք պատերազմում չենք օգտագործել մեր ամենակարեւոր զենքը»

Հունվար 27,2015 13:21

Այսօր «Հայացք» ակումբում 1991-1992թթ ՀՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Վահան Շիրխանյանը շնորհավորեց ՀՀ ԶՈՒ 23-ամյակի կապակցությամբ:

Նրա խոսքերով՝ «Անկախացած ՀՀ-ում ամենակայացած համակարգը բանակն է, ապահովում է երկրի ռազմական անվտանգությունը, կատարում է իր պարտականությունները եւ ապագայի համար ես հանգիստ եմ»:

Հարցին՝ քանի որ թշնամին ե՛ւ զենքով, ե՛ւ քանակով ավելի էին, ի՞նչը հիմք հանդիսացավ, որ մենք հաղթանակ տանենք՝ Վահան Շիրխանյանը պատասխանեց. «Ադրբեջանն իհարկե, ավելի մարդաշատ է, մի քանի անգամ ավելի զենք է ունեցել, բայց հաղթեց հայ մարդու հոգին, հայրենասիրությունը, այն, որ հայ մադը պատերազմում էր իր հողի համար, իսկ ադրբեջանցին պատերազմում էր հայերի դեմ՝ իրեն չպատկանող հողերը վերցնելու համար: Կարեւորը հոգին էր եւ համաժողովրդական թիկունքը»:

Վերջին օրերի սահմանային լարվածությանն անդրադառնալով՝ Վահան Շիրխանյանն ասաց. «Պատմությունը կրկնվում է, մենք պետք է պատրաստ լինեք: Պատերազմն անավարտ է, ադրբեջանցիները չեն կարող չանել այն, ինչ անում են: Իրենց նաեւ պարտադրում են արտաքին ուժերը, առաջին հերթին՝ Թուրքիան: Հիմա մեծ վտանգներ են գալիս Թուրքիային՝ Ցեղասպանության 100 տարին նշելու հետ կապված: Եթե աշխարհն ընդունի Ցեղասպանությունը, Թուրքիան շատ ծանր խնդիրներ կունենա: Այդ երկիրը գիտի, որ մեզանից հողեր է գողացել, հարստություն է գողացել, ստեղծել է պետություն՝ այդ գողացածի վրա: Իզուր չէ, որ Թուրքիան Դարդանելի ճակատամարտը կապեց այդ օրվա հետ, ուզում է ամեն կերպ շեղել միջազգային հանրությանը: Թուրքիային առաջին օգնողը Ադրբեջանն է»

Հարցին՝ մեզ օգնող կա՞ Վահան Շիրխանյանը պատասխանեց, որ աշխարհն այնպիսին է դարձել, որ միայնակ ոչ ոք չի կարող իր անվտանգությունը պահել. «Մենք ունենք ռազմավարական դաշնակից ՌԴ-ն, որը, ի դեմս ռազմական բազայի, մեր անվտանգության երաշխավորն է: ՌԴ-ն իրականացնում է իր սահմանապահներով հայ-թուրքական սահմանի պաշտպանությունը»:

Հարցին, որ ազատամարտիկները պատմում են, որ ռուսական զորքերը Արցախյան պատերազմի ժամանակ դուրս են եկել հայերի եմ եւ ՌԴ-ն չի կարող մեր անվտանգության երաշխավորը լինել՝ Վահան Շիրխանյանը պատասխանեց. «Ռուսաստան ասելով՝ մենք պետք է հասկանանք Խորհրդային Միության կազմալուծումից հետո ստեղծված ՌԴ-ն: Խորհրդային Միությունը նաեւ հայերի դեմ էր իրականացնում օպերացիա, բայց ԽՍՀՄ կազմալուծումից հետո ՌԴ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ կտրուկ փոխվեց: Մինչեւ 1992-ը մենք ստիպված ենք եղել կռվել Խորհրդային բանակի կազմավորումների դեմ: Մեկ ուղարկում էին Շահումյան, մեկ ուղարկում էին հարավային մաս: Բայց 92-ից հետո մենք եղել ենք ՌԴ դաշնակիցները»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունք՝ Ադրբեջանի դեմ: Վահան Շիրխանյանի մեկնաբանությամբ, մեր խնդիրը չի քննարկել՝ ինչքանով է դա ճիշտ, ինչքանով սխալ, նշանակում է ինֆորմացիա ունեն եւ այդպես է ճիշտ. «Մենք պատերազմում չենք օգտագործել մեր ամենակարեւոր զենքը, դա կոչվում է միասնական հայություն: Եթե կարողանանք այդ զենքն օգտագործել՝ հանգիստ կարող ենք լինել բոլոր տիպի մարտավարություններից»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանը, հատկապես վերջին շրջանում ակտիվացել, պատճառը, բացի Ցեղասպանության 100-րդ տարելիցից, ՀՀ-ում ներքին խնդիրնե՞րն են գուցե՝ Վահան Շիրխանյանը պատասխանեց. «Իհարկե, հաշվի են առնում Հայաստանի ներքին խնդիրները: Բայց առաջին պատճառը Ցեղասպանության 100 տարին է, երկրորդ պատճառն այն է, որ մենք անդամակցում ենք ՄՄ-ին: Ինչու Ալիեւը հասավ Բեռլին եւ հանդիպեց Մերկելի հետ, ինչու է Գերմանիային առաջարկում լինի համանախագահ: Գերմանացի շատ սպաներ ցեղասպանության միջով անցել են, դարձել են համակենտրոնացման ճամբարների դահիճներ՝ այստեղ փորձ ձեռք բերելով: Դրա համար էլ նա վազեց գնաց Անգելա Մերկելի մոտ»:

Վահան Շիրխանյանը չի բացառում պատերազմ սկսվելու հավանականությունն այսօր. «Չեմ բացառում, որ պատերազմ լինի, դրա կանխման ճանապարհներ կան, պետք է կանխենք՝ թշնամուն ապացուցելով, որ նա ոչ մի շանս չունի հաղթելու: Դրա համար պետք է միասնական հայություն, ամբողջ աշխարհի հայությունը պետք է միավորվի»:

Մեր հարցին՝ դա ֆանտաստիկայի ժանրի՞ց չէ, մարաթոն է լինում, արդեն Սփյուռքը չի ուզում մասնակցել՝ Վահան Շիրխանյանը պատասխանեց, որ դա ամոթալի է, քանի որ ինչքան էլ օտար երկրում միլիարդատեր լինեն, եթե Հայաստանը չլինի, չեն լինի հայ, չեն ունենա հայրենիք. «Իսրայելը կայացրեցին երկու մարդ: Մենք ամբողջ աշխարհում ունենք հայ ֆինանսիստներ, հայ երիտասարդներ: Նրանք կարող են միանալ»:

Նա մի դեպք պատմեց, թե ինչպես է հայ մայրը վերաբերվել, երբ իր տղան զոհվել է պատերազմում. «Մի տղա զոհվել է, ես եւ Վազգեն Սարգսյանը գնացինք նրանց տուն՝ Լենինգրադյան փողոցում: Լույս չկար: Մտանք ներս: Վազգենը բռնեց մոր ձեռքը, սկսեց սփոփիչ բաներ ասել, սա կանգնեց ու ասեց՝ Վազգեն, ինչի՞ եք եկել այստեղ, ձեր գործը շփման գոտում է, իմ տղան արդեն զոհվել է: Ես հասկանում եմ կորստի ցավը, բայց մենք ազգովի պետք է հաղթանակի գինը հասկանանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031