Լրահոս
Օրվա լրահոսը

Հումորիստ-նմանակողը ֆիլմ է նկարում

Մարտ 21,2015 14:00

Արագ փոփոխվող մեր ժամանակներում որոշ արվեստագետներ հանգամանքների բերումով զիջում են իրենց տեղը դիլետանտներին: Ասվածը վերաբերում է նաեւ հումորին: «Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն՝ շուրջ 15 տարիների գործունեություն ծավալած ճանաչված հումորիստ-նմանակող Արմեն Ավետյանն (լուսանկարում) այսօր մշակույթի այլ ոլորտում է. իրեն փորձում է կինոարվեստում՝ իբրեւ ռեժիսոր:

Արմեն Ավետյանը իր արվեստով հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ի, Հոլանդիայի, ՌԴ-ի հայաշատ քաղաքներում: Հանդիսատեսը նրան կմտաբերի 2000-ականների վերջերին նրա ներկայացրած «No comment», հետագայում էլ «Կրիզիս չի» երգիծա-երաժշտական բեմադրություններից եւ այլն:

Մեզ հետ հանդիպման ժամանակ արտիստն ասաց, որ իրեն իսկապես տեւական ժամանակահատված չենք հանդիպում, որովհետեւ, նրա ձեւակերպմամբ՝ դաշտը, հատկապես եթերը, լցվել է փորձարարական հումորով: Առանց անուններ հայտնելու՝ նա նշեց նաեւ, թե կան բարձրարվեստ հումոր ներկայացնող 2-3 հոգի: «Ես ու գործընկերներս հումորի նման առատությունից չենք նեղվում, քանի որ, ամպագոռգոռ թող չհնչի, պրոֆեսիոնալներս գիտենք, որ մեր խոսքն արժեք ունի, այն էլ՝ ծանրակշիռ եւ, ի վերջո, հասնում է հասցեատիրոջը: Մյուս կողմից՝ ես ձգտում եմ առաջին հերթին բավարարել պրոֆեսիոնալներին: Եթե դա ստացվում է, ապա վստահ եմ, որ լայն հանդիսատեսն էլ կգոհանա դրանից: Երկար ընդմիջումից հետո գարնան վերջին պատրաստվում եմ ներկայանալ «Այցելություն Հայաստան մայրիկին» տրագիկոմեդիայով»,- հայտնեց մեր զրուցակիցը:

IMG_0990

Արմեն Ավետյանն ու Գոռ Մարտիրոսյանը՝ «Ճանապարհ» ֆիլմում:

Արտիստը նմանակել է նախագահներից սկսած (Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան)՝ մինչեւ այլ քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ Հրաչյա Ներսիսյանին, Սոս Սարգսյանին, Մհեր Մկրտչյանին, Արմեն Ջիգարխանյանին, Արմեն Խոստիկյանին, Ռաֆայել Քոթանջյանին եւ մյուսներին: Իսկ թե ինչու կին արվեստագետներին չի նմանակում, Արմեն Ավետյանն ասաց, որ երկու կնոջ է նմանակել՝ Լուսիկ Քոշյան եւ Տաթեւիկ Հովհաննիսյան, փորձել է նաեւ Շուշան Պետրոսյանին, բայց հանդիսատեսին չի ներկայացրել, քանի որ նախ իրեն դուր չի եկել:
Դիտարկմանը՝ գումար վաստակելու նպատակով, գործընկերների օրինակով, հավանաբար մասնակցում է «վերեւների» ընտանեկան, կորպորատիվ միջոցառումների, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր. «Իհարկե, եկամտի աղբյուրն այդ միջոցառումներն են, որոնց սիրով մասնակցում եմ»:

Հաստատելով մեր տեղեկությունը, թե իբրեւ ռեժիսոր ձեռնամուխ է եղել ֆիլմի նկարահանումներին, Արմեն Ավետյանը հայտնեց. «Ֆիլմը իմ սցենարով է եւ իմ ռեժիսուրայով, նաեւ խաղում եմ, ու վերնագրել եմ «Ճանապարհ»: Հերոսներս Արարատյան դաշտավայրի գյուղերից մեկի ավանդապահ ընտանիքների աղջիկ ու տղա են, որոնք սիրում են իրար: Բայց աղջկա հայրը 4 տարի գտնվում է Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի եւ Հայաստան գալու ճանապարհին տարբեր արկածների է հանդիպում: Ժամանակը ձգվում է, գյուղում էլ բամբասանքներ են տարածվում, թե հայրը «վատ» շրջապատում է ու «ռազբորկաների» մեջ է ընկել: Տղան ու աղջիկը չեն համբերում ու փախչում են միասին… Իհարկե, վերջում ամեն ինչ հարթվում է, զույգը հասնում է իր մուրազին, բայց մինչ այդ, թույլ տվեք ասել, որ գործողությունները շատ հետաքրքիր են ընթանում»:

Ռեպլիկին՝ ելնելով նրանից, որ գործողությունները գյուղում են կատարվում, «բաց» տեսարաններ չկան, արտիստը պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ՝ «բաց» տեսարաններով ֆիլմերի հեղինակները իրենց սցենարի չասելիքը փակում են հենց դրանցով… Ֆիլմի նկարահանումները սկսված են, առայժմ նկարահանվում են իմ եւ Գոռ Մարտիրոսյանի մասնակցությամբ կտորները, որտեղ մարմնավորում ենք խնամիների»: Ինչ վերաբերում է հովանավորներին եւ ֆիլմի բյուջեին, Արմեն Ավետյանն ասաց. «Մեր դեպքում բյուջեն է մեզ գտնում: Ունենք հիանալի բարի կամեցողներ, ընկերներ, համախոհներ: Աշխատում ենք պետական բյուջե կոչվածին շատ նեղություն չտալ, քանի որ տեսնում ենք, թե որքա՜ն խեղճուկրակ պաշտոնյաներ են սնվում դրանից: Մի խոսքով՝ նրանց հացին վայիս չենք ուզում լինել»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

20.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031