Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը՝ 27 դպրոցի մասին. «Երբ նայում եմ այս գործընթացին, մտածում եմ՝ Աստված իմ, այս ինչքան փչացած է մեր իրականությունը»

Ապրիլ 04,2015 18:33

Երեւանի թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը դիմել էր Վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 27.08.2014թ. հ. 3303-Ա որոշումը: Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 3 դատ է եղել, բայց  դատավարությունը առաջ չի գնում:

«Չափազանց անհասկանալի պատճառներով, պարզունակ առիթներով հետաձգվում են դատական նիստերը: Վերջին անգամ, երբ հետաձգվեց, պատճառը մի փաստաթղթի չներկայացնելն էր, որը ոչ մի կապ չուներ ո՛չ այդ հայցի հետ, ո՛չ հայցի հիմքում ընկած փաստաթղթի հետ: Ինձ վստահեցնում են, որ միտում չկա, բայց քանի որ ես լավ ճանաչում եմ այս իրականությունը, ապա ձգձգելու միտում եմ տեսնում: Ի վերջո` դատարանը միանշանակ մերժելու է Սուսաննա Սարգսյանի հայցը, որովհետեւ սա այն բացառիկ դեպքերից է, երբ քաղաքապետը ճիշտ որոշում է կայացրել: Բայց դա լինելու է այն ժամանակ, երբ մարման ժամկետը լրանա՝ հունիսի վերջին, քանի դեռ այս դատավարությունը կա դպրոցում մրցույթ չի հայտարարվում, մինչեւ դատական գործընթացը վերջանա, մրցույթ կհայտարարեն, իր դատվածության ժամկետը կլրանա, եւ ինքը նորից այդ դպրոցում կդնի իր թեկնածությունը, իր ամբողջ նպատակը սա է: Ինձ թվում է՝ ոչ միայն իր նպատակն է, այլ նաեւ դատարանի նպատակն է սա, քաղաքապետարանի նպատակն է սա»,- ասաց տիկին Բախշյանը:

Նա անհնար է համարում այն, որ տարբեր մարդկանց կատարած քայլերի հետեւանքները բոլորին այդպես ձեռնտու կարող է լինել. «Երբ նայում եմ այս գործընթացին, մտածում եմ՝ Աստված իմ, այս ինչքան փչացած է մեր իրականությունը, ինչ աստիճան, եւ ինչպես պետք է կարողանա եկող սերունդը այս կեղտը մաքրել: Այս մտքերը ինձ հուսահատության գիրկն են տանում: Ես հորդորում եմ քաղաքապետարանի իրավաբանական վարչությանը, որ պահանջեն արագացված ընթացք»:

Անահիտ Բախշյանի կարծիքով՝ գուցե, դպրոցի վիճակը ավելի լավ է առանց այդպիսի տնօրենի, որը կամայականության գագաթնակետին էր հասել. «Նա դպրոցից ազատեց երեխաների համար կարեւոր մանկավարժներին, երեխաներին սիրող մանկավարժներին: Չեմ պատկերացնում, որ ինքը նորից նստի տնօրենի աթոռին եւ իր կենսագրությունում ունենա քրեական դատվածություն, թեկուզ 1.5 տարի հետո մարվել է, ի՞նչ կապ ունի: Եվ ինքը նորից գնալու է տնօրինի դպրոց, կրթություն: Երեխաներից մեկն հաստատ կասի՝ դու ի՞նչ իրավունքով ես ինձ կրթում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930