Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնություն կրակի հետ

Ապրիլ 11,2015 13:00

Այն, ինչ հիմա ասելու եմ, վկայում են հռոմեական հնագույն աղբյուրները, ափսո՜ս, ոչ հայկական, որովհետեւ ժամանակների ընթացքում այդ մանրամասնությունները մեր աշխարհում համարելով անկարեւոր` գրիչները ջնջել էին պատմիչների ձեռագրերից:
Հայոց թագավոր Տիգրան Մեծի աղջիկ Գիսանեն, երբ իմացավ Լուկուլլոսի դեմ ճակատամարտի ժամանակ իր նշանածի` Վահրամ իշխանի զոհվելու մասին, ինքնասպանություն գործեց:

Աստծո ստեղծած աշխարհում ի սկզբանե մարդու ինքնասպանությունը նորություն չէր:
Բազմաթիվ ձեւեր գոյություն ունեին ինքնասպանության եւ ունեն մինչ օրս: Բայց Գիսանեն ընտրեց ամենադաժան ձեւը, որպեսզի մինչեւ մեռնելը երկար տառապի: Անշուշտ, նա կարող էր կախվել կամ թունավորել իրեն մանրագոր բույսի թուրմով ու քներ խաղաղ՝ այդպես էլ չիմանալով, որ մահացել է, կամ նետվեր ժայռից, խեղդվեր ջրում…
Բայց Մեծ արքայի այդ տարաշխարհիկ աղջիկը ընտրեց ինքնասպանության թերեւս ամենադաժան ձեւը, որպեսզի իր ցավն ու տառապանքը երկար տեւի: Նա վառեց բուխարին, հագավ իր ամենագեղեցիկ զգեստը, զարդարվեց իր ակնազարդ ոսկեղենով՝ ասես պատրաստվում էր իր հարսանիքին, նստեց շքեղ բազկաթոռում` կրակի դեմ, երկար նստեց` աչքերը կրակի բոցերին:

Եվ երբ կրակն արդեն սկսեց նստել ու մլմլալ, նա ձեռքով վերցրեց ածուխ-կրակը ու կերավ: Եվ այդպես անվերջ: Քանի դեռ կարողանում էր եւ ուժ կար մեջը` նա վերցնում էր շիկացած ածուխները ու ծամելով կուլ էր տալիս` այրելով իր մարմինը ներսից, մինչեւ որ հանգավ բազկաթոռի մեջ փլված: Եվ նա այդպես հրաժեշտ տվեց իր սիրելի զոհված տղամարդուն` ամուսնանալով կրակի հետ:

Տարօրինակ է, չէ՞, բայց այդպես էլ է լինում…

Հիմա վերադառնամ ու ասեմ, թե ինչու հիշեցի հրաշալի արքայադուստր Գիսանեի ողբերգական պատմությունը: Հիշեցի, որովհետեւ տեսնում եմ, թե ինչպես աշխարհի հին ու բարի, բայց այսօր խուլ անկյուններում ապրող ժողովուրդները ազատություն են ուզում: Բոլորն իրարից ազատություն են պահանջում:

Նմանակերպ պահանջ մեզ մոտ էլ է հնչեցվում: Ումի՞ց ազատ, ինչի՞ց ազատ, ներսի՞ց, թե՞ դրսից ազատ, անկեղծ ասած՝ չգիտեմ, քանի որ ես վախենում եմ անսանձ, անհեռանկար ազատությունից:

Այդպես ազատ կարող է լինել անձը, բայց ոչ` ազգը: Քանզի ազգի ազատությունը առաջին հերթին իր ներսում է, իր գրված ու չգրված օրենքների, սակայն կանոնիկ կյանքի մեջ եւ ոչ թե հրաշալի Գիսանեի ողբերգական ընտրության մեջ, որ ամուսնացավ կրակի հետ եւ հեռացավ անզավակ…

Մտածում եմ, սակայն, որ Գիսանեն թերեւս ճիշտ կաներ, որ զենք վերցներ, ձի հեծներ եւ հայ զինվորների հետ կռվեր հռոմեացի հաջորդ նվաճողի՝ Պոմպեոսի դեմ:
Իհարկե, նա կարող էր զոհվել եւ այդ կերպ անմահանալ: Կարող էր նաեւ կենդանի մնալ եւ այդպես առնել իր զոհված փեսացուի վրեժը, ինչպես որ բոլորովին վերջերս՝ Գիսանեից երկու հազար տարի հետո, հայ աղջիկներն էին կռվում Ղարաբաղում հայ ազատամարտիկների կողքին:

Այո՛, կարող էր նաեւ այդպես լինել:

Սակայն երկու հազար տարվա հեռավորությունից հեշտ է նստել գրասեղանի առաջ եւ որոշել, թե ցավից ազատվելու ի՞նչ ձեւ կարող էր ընտրել արքայադուստրը:
Այո՛, հեշտ է: Դժվարը, թերեւս, ներկան ձեւակերպելն է եւ ճիշտ կողմնորոշվելը, ազատվել մեզ տանջող հարյուրամյա ցավից՝ ազատագրելով մեր ցավ-կորուստները, եւ ոչ թե ազգովի ամուսնանալ կրակի հետ:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930