Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանության դասերը և Հայկական բանակը՝ որպես ցեղասպանության կանխարգելման երաշխավոր»

Ապրիլ 20,2015 17:50

Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցում կազմակերպված բաց դաս-միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների քննարկմանը և ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանը:

Ողջունելով հյուրերին և Մեծ եղեռնի համընդհանուր ճանաչման, դատապարտման ու արդարության վերականգման պահանջատիրության համատեքստում կարևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կրթօջախներում անցկացվող ճանաչողական դասերն ու ոգեկոչման միջոցառումները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դպրոցի ուսուցչական կազմին և աշակերտներին ներկայացրեց ընդհանուր տեղեկություններ, պատմաիրավական մի շարք փաստեր 1915թ. թուրքական իշխանությունների իրականացրած գազանությունների ու խոշտանգումների մասին:

«Հայոց ցեղասպանության դասերը և Հայկական բանակը՝ որպես ցեղասպանության կանխարգելման երաշխավոր» խորագիրը կրող բաց դասի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստեց, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը ստիպված է եղել անցնել դժվարություններով, հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, սակայն այդ ամենից դուրս է եկել պատվով ու գլուխը բարձր: Եվ պատահական չէ, որ այսօր Հայաստան աշխարհն ունի անկախ պետականություն, տարածաշրջանում փոխգործունակ, մարտունուկ և մրցունակ բանակ, որն իրավամբ կարող է կանխարգելել այնպիսի դաժանություններն ու  չարագործությունները, ինչպիսին Հայոց մեծ եղեռն էր:

Խոսելով ՀՀ զինված ուժերի կազմավորման փուլերի ու առանձնահատկությունների մասին՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրեց նաև, որ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր, հայ զինվորը ամուր կանգնած է սահմանին` պատրաստ կատարելու յուրաքանչյուր մարտական առաջադրանք և արժանի հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության:

Միջոցառումն ուղեկցվեց աշակերտների բեմանականացումներով, հայ և օտարազգի մտավորականների՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող մտքերի ու ստեղծագործությունների ներկայացմամբ, ինչպես նաև Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների քննարկմամբ:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին բանակաշինության ոլորտում ընթացող բարեփոխումներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930