Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկի ռեկտոր կընտրվի հունիսի 20-ին (Տեսանյութ) 

Մայիս 05,2015 12:38

Այսօր՝ մայիսի 5-ին գումարվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, ներկա էին խորհրդի 32 անդամներից 31-ը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առաջարկեց օրակարգից հանել որոշ հարցեր, մասնավորապես համալսարանի 2014-2015 թթ գործունեության ցուցանիշների եւ բյուջեի մասին հարցը, նաեւ առաջարկեց խորհրդի քարտուղարի եւ հանձնախմբերի ստեղծման հարցը մտցնել: Հոգաբարձուների խորհրդի ամենատարեց անդամը՝ Ֆելիքս Փարիկյանը պնդեց, որ հարցը մնա օրակարգում, նեղսրտեց, որ պոլիտեխնիկը հանգիստ աշխատում է, սակայն բուհում անընդհատ ստուգումներ են լինում, հրահրումներ, որոնք խանգարում են բուհի բնականոն աշխատանքին:

«Եթե ուզում ենք սատար կանգնենք Պոլիտեխնիկին, ուրեմն պետք է աշխատանքը մինչեւ վերջ հասցնենք, վերջ դնենք փնովումներին: Իմ պատկերացմամբ, մեր նպատակն է ապահովել ուսանողների արժանավայել կրթությունը»,-նշեց պարոն Փարիկյանը:

Xorhrdi_nist_3 Xorhrdi_nist_2 Xorhrdi_nist_4

Նա ներկայացնելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկա վիճակը, շնորհակալություն հայտնեց նախարարին, որ Հովհաննես Թոքմաջյանի հետ աշխատելու շնորհիվ ստացել են այն իմպուլսը, որը պակասում էր:

Պոլիտեխնիկի երեք ռեկտորների հետ աշխատած խորհրդի նախագահ, ԱԺ ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը նշեց, որ խորհրդի նիստերը պետք է լինեն ինֆորմատիվ, բանավիճային եւ հագեցած, այդպիսով խնդիրները ավելի հեշտ լուծում կգտնեն: Նրա խոսքով, երեք ռեկտորներն էլ իր ընկերներն են, բայց աշխատանքի ընթացքում ընկերությունը դնում է մի կողմ, քանի որ առաջնայինը կարգն ու օրենքն է

Իմիջիայլոց, Սամվել Նիկոյանը կրկին միաձայն ընտրվեց բուհի խորհրդի նախագահ: Նա որպես հոգաբարձուների խորհրդի քարտուղար առաջարկեց բուհի ասպիրանտ Կարապետ Կոգարովի թեկնածությունը, որը բանակում չի ծառայել եւ չնայած հեռակա ուսուցմանը՝ չի աշխատում ոչ մի տեղ: Խորհրդի անդամները դժգոհեցին, որ ասպիրանտը նախ պետք է զբաղվի գիտությամբ, ու ցանկալի է ընտրվի փաստաթղթերի հետ աշխատանքի փորձ ունեցող մեկը: Մյուս թեկնածուն Պոլիտեխնիկի երկարամյա գիտնականներից Միհրան Ստակյանն էր:

Արմեն Աշոտյանը առաջարկեց հարգել Սամվել Նիկոյանի կարծիքը, որն առաջարկել էր Կոգարովին, ասաց, որ իրենցից որեւէ մեկը մշտական չէ, կամ սպառվում են իրենց պաշտոնավարման ժամկետները, կամ էլ ով գիտի, գուցե վաղը եւեթ ինչ-որ մեկը հրաժարական տա:

Ավագ սերնդի ներկայացուցիչները գնահատելով պարոն Ստակյանի ավանդը գիտության եւ Պոլիտեխնիկի գործունեության մեջ՝ նրան էին ցանկանում տեսնել որպես հոգաբարձուների խորհրդի քարտուղար, սակայն ընտրվեց Կոգարովը: 9 հոգի վերջինիս  «դեմ» քվեարկեց:

Առաջարկվեց նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության օր նշանակել հունիսի 20-ին, ժամը 11-ին:

Հովհաննես Թոքմաջյանը խոսեց բուհի երեք մասնաշենքերի վերանորոգման, մի շարք ձեռքբերումների մասին: Նշեց, որ վերանորոգման աշխատանքները հնարավոր չէ մեկ տարում անել ու հավելեց, որ ցանկացած փոքր երկրաշարժի դեպքում մարդկային զոհեր կլինեն: Նրա խոսքով, մասնավորապես սպորտային համալիրի նախագծերը արվել են «Երեւաննախագիծ» ինստիտուտի կողմից, կա շինթույլտվություն, առնվազը լողավազանը կարելի է այս տարի ավարտել: Պարոն Թոքմաջյանը հավաստիացրեց, որ քանի որ աշխատանքները կատարվում են Պոլիտեխնիկի կողմից, նախահաշվից ավելի էժան կկառուցեն: Սամվել Նիկոյանը հավաստեց, որ իրոք վթարային վիճակ է, եւ այդ աշխատանքները պետք է անպայման կատարել, ուստի առաջարկեց տալ հավանություն ռեկտորի առաջարկին:

Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ շուրջ 9 ստուգում են անցել, այդ թվում Համաշխարհային բանկի խոշոր ստուգումը, ու դիտողություններ չկան: Ըստ անկախ աուդիտի եզրակացության եւս ամեն ինչ նորմալ է: Նրա խոսքով, երբ ազնիվ ես աշխատում, որեւէ ստուգումից վախենալու հարկ չկա, դրանք ընդամենը ամրացնում են:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031