Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականներին Ծառուկյանի մականունը չօգտագործելու եւ նրան պաշտպանելու հրահա՞նգ է իջեցվել

Հունիս 12,2015 16:30

Սարգսյան-Ծառուկյան պայմանավորվածությունները փոխվել են

Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հայտնությունը, որի ականատեսը հանրությունն առաջին անգամ եղավ Արտաշատում Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հովանավորությամբ կառուցված եկեղեցու բացման արարողությանը, այնուհետեւ «Հայաստան» կինոթատրոնի վերաբացմանը, շատ բան փոխեց: Նաեւ փոխեց այն, որ այժմ ՀՀԿ-ականները ոչ միայն այլեւս չեն օգտագործում Գագիկ Ծառուկյանի մականունը, այլեւ լծվել են նրան գովելու գործին: Օրինակ՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի մակարդակով հայտարարվում է, թե՝ «Ի՞նչ եք ուզում Ծառուկյանից, թողեք հանգիստ աշխատի»:
Քաղաքագիտական վերլուծությունները վկայում են այն մասին, որ ԲՀԿ-ՀՀԿ քաղաքական խաղում պայմանավորվածություններ են փոխվել: «Առավոտի» հետ զրույցում Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ չենք կարող հիշել ՀՀ իշխանությունների կողմից պատժված մի պաշտոնյայի, որի դիրքերը պատժվելուց ավելի են ամրացել. «Նրանք, ովքեր անցել են ռուբիկոնը, գիտեն վճարը՝ կլինեն Խաչատուր Սուքիասյան, Հակոբ Հակոբյան, Փայլակ Հայրապետյան, նրանք բոլորը կորցրել են»:

Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածը նա բեմականացում է համարում ու նշում. «Գագիկ Ծառուկյանը ոչ միայն պաշտպանության է արժանանում, այլեւ նրան տալիս են Կոտայքում հարցեր որոշելու իրավունք: Մի մոռացեք, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ իր թույլտվությամբ են ասում մականունը, կամ ոչ, կամ պաշտպանում: Եթե ժամանակին թույլ էր տվել դիմել մականունով, հիմա՝ ոչ»: Մեր այն հստակեցմանը՝ ի՞նչ տեղեկություններ ունի, մականունը չօգտագործելու հրամա՞ն է իջեցվել, պարոն Սաֆարյանն ասաց. «Այո, իհարկե, ավելին, որ պաշտպանեն էլ»: Արդյունքում ըստ Ստեփան Սաֆարյանի՝ Սերժ Սարգսյանը լուծեց ԲՀԿ-ի խնդիրը, քանի որ ԲՀԿ-ն ձեւավորվել էր որպես մի ուժ, որը գործիք էր օգտագործվում, որ ձայներն ընտրությունների ժամանակ խլում ու տալիս էր ՀՀԿ-ին, սակայն մի պահ եկավ, երբ Սերժ Սարգսյանը ստիպված էր ԲՀԿ-ի հետ հաշվի նստել, ինչը նրան ամենեւին դուր չէր գալիս: ԲՀԿ-ի որոշումներից կախվածության մեջ լինելը Սերժ Սարգսյանի սրտով չէր. «Ավելին, Գագիկ Ծառուկյանը տեսնում էր, որ ինչքան ավելի է շանտաժի ենթարկում Սերժ Սարգսյանին, այնքան ավելին էր ստանում: Խնամուն վարչապետ դարձրեց, նույնիսկ մտածում էր, որ կարող է նախագահ դառնալ: Բայց հասկացավ, որ չի լուծվում այդ հարցը եւ կարող է ամեն ինչ կորցնել, ու լուծեց ընտանիքի դիրքերի ամրապնդման հարցը»: Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ սկզբում այլ պայմանավորվածություն կար: Նա նկատում է. «Ծառուկյանը տեսնում էր, որ ինչքան շանտաժի է ենթարկում Սերժ Սարգսյանին, այնքան նա բավարարում է իրեն, ի վերջո՝ տարիների ընթացքում ատամները կրճտացնելով բավարարում էր, բայց հասկանում էր, որ ավելի լուրջ կախվածության մեջ է ընկնում: Ի վերջո՝ որոշեց հարցը լուծել, ինչն օգտակար էր ընդդիմադիր դաշտին»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հիմա ով ասի ԴՈԴԻ ԳԱԳՈ, Արմեն Աշոտյանն է…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930