Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆ

Հունիս 26,2015 10:07

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ հիսունչորսերորդ

ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆ

Եվ հիմա արդեն մտածում եմ, որ ինչպես Չուգունի իսկական անունը հանկարծակի մտքիցս թռավ, էդպես հանկարծակի էլ հետ կգա, ու ես Հովհաննեսի խոսքի մեջ իր իսկական անունը կտեղադրեմ, չնայած, հիմա նաեւ մտածում եմ, որ դրա կարիքը չկա էլ, որովհետեւ Չուգունի մասին ինչ որ ասելու էի՝ ասացի պրծա, ու համարյա ավելացնելու բան չունեմ, եւ եթե Խչեյանի հեռախոսի համարը ճարեմ, ավելի շուտ Պարկետչիկ  Հրաչի մասին հարցուփորձ կանեմ, քան՝ Չուգունի, չնայած, ինչ մեղքս թաքցնեմ, էս ընթացքում մի անգամ Խչեյանին փողոցում տեսել ու ոչ մի հարցուփորձ էլ չեմ արել, եւ հիմա արդեն մտածում եմ, որ Պարկետչիկի առումով հենց Չուգունի առաջին տարբերակն է ցանկալի. այսինքն, հիմա արդեն մտածում եմ, որ ավելի լավ է պատերազմի տարիներին Հրաչը Ռուսաստան  գնացած լինի, քան՝ Ղարաբաղ, բայց Չուգունն ինքն էր իր երկրորդ տարբերակով իր առաջին տարբերակի  հնարավորությունը ժխտում, ասելով, որ եթե Հրաչը Ռուսաստանում լիներ, իր մասին որեւէ կերպ իմաց կաներ, եւ էս ու այլ տարբերակների շուրջ մտմտալով՝ ենթադրում եմ, որ եթե Հրաչը Ռուսաստան գնացած լինի, ոչ թե Հայաստանից գնացած կլինի, այլ Ղարաբաղից՝ պատերազմից հետո, ու էս տարբերակը ոչ միայն ամենացանկալի տարբերակն է, այլեւ Հրաչի առումով ամենասազականը, որովհետեւ հենց Հրաչի պես տղերքն էին, որ պատերազմի առաջին իսկ օրը խրոխտ վեր կացան ու գնացին ռազմաճակատ, եւ նրանցից շատերը չվերադարձան, եւ վերադարձածների մեջ էր նաեւ Բերդաձորի Անդոն, որ վերադարձավ ու զոհվեց բավական խորհրդավոր հանգամանքներում, իսկ ինչ վերաբերում է անձամբ Պարկետչիկ Հրաչին, ինքը եթե զենք վերցրած լիներ, հաստատ Բերդաձոր՝ Անդոյի մոտ գնացած կլիներ, եւ Բերդաձորի Անդոյին եւս մեկ  անգամ անդրադառնալով՝ պիտի ձեզ տեղեկացնեմ, որ ինքն էլ էր բանաստեղծություններ գրում եւ ժամանակին ինքն էլ էր Հովհաննես Մելքոնյանի դրվատանքներին արժանացել, եւ Անդոն ու Պարկետչիկը, կարող եմ ասել, բավական մտերիմ  ընկերներ էին, եւ երբ հանկարծակի տեղեկացանք, որ Անդոն ռազմաճակատում է, առանձնապես անակնկալի չեկանք, որովհետեւ իրեն նախքան էդ արդեն կամուֆլյաժով տեսնողներ եղել էին, եւ Անդոյի առումով անակնկալի եկողը հատկապես Պարկետչիկ Հրաչն էր, որ իրեն Անդոյի մտերիմ ընկերը համարելով՝ զարմացել եւ նույնիսկ վիրվավորվել էր, որ Անդոն իրենից թաքուն ու առանց իրեն վեր կացել ու գնացել էր Ղարաբաղ, ավելի ճիշտ՝ Բերդաձոր, եւ պատերազմի առաջին օրերին, երբ պատերազմին մոտիկից առնչվող մարդկանցից լսում էինք Բերդաձորի Անդո, մտքներովս չէր էլ անցնում, որ մշտապես ակնածանքով արտաբերվող էդ Բերդաձորի  Անդոն մեր բանաստեղծ ընկեր Անդոն է, ավելի ճիշտ՝ էդ բանն անձամբ իմ մտքով չէր անցնում, որովհետեւ էդ շրջանում արդեն Հովհաննեսի ու իր սեղանակիցների հետ հազվադեպ էի նստում, եւ եթե նստում էլ էի, Անդոյի մասին որեւէ բան չէի հարցնում, որովհետեւ մտքովս անգամ չէր անցնում, որ Բերդաձորի Անդոն մեր իմացած բանաստեղծ Անդոն է, եւ եթե Հովհաննեսի շրջապատում հայտնվում էի, ավելի շատ Ղարաբաղի ու հայոց հարցերից էինք խոսում, եւ եթե ազգային հարցերի բարձունքներից երբեմն-երբեմն իջնում էինք, իրենցից Հրաչի մասի էի փորձում որեւէ տեղեկություն ստանալ, բայց չէի ստանում, որովհետեւ իրենք էլ Հրաչից որեւէ տեղեկություն չունեին, եւ չնայած գիտեի, որ Անդոն վաղուց ռազմաճակատում է, Անդոյի մասին հարցուփորձ չէի անում, որովհետեւ մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ Բերդաձորի Անդոն մեր բանաստեղծ Անդոն է, եւ երբ իմացա, Հրաչն արդեն հեռացել էր՝ մեր կարծիքով Ղարաբաղ ու առաջին գիծ, եւ Չուգունի կարծիքով՝ Ռուսաստան ու խոպան, եւ դրանից էլ ահագին հետո էլ, երբ պատերազմն արդեն ավարտվել էր, եւ Անդոն պատերազմից ողջառողջ վերադառնալով՝ խաղաղ ու խորհրդավոր  պայմաններում ավտովթարից էր զոհվել, էլի չեմ հիշում, որ Անդոյին հիշած ու Անդոյից խոսած լինենք, եւ հիմա էս ամենի շուրջ մտածելով՝ Անդոյին չհիշելու ու Անդոյին մոռանալու պատճառը ոչ մի կերպ չեմ կարողանում ըմբռնել ու հասկանալ. եթե մտածեմ, որ հռչակավոր Բերդաձորի Անդոն արդեն ազգինն ու բոլորինն էր, դրա համար իրեն նեղ շրջապատում չէինք հիշում, չարաչար սխալված կլինեմ, որովհետեւ Բերդաձորի Անդոյին բոլորը միահամուռ էին մոռացել, եւ հիմա էլ իրեն միահամուռ չեն հիշում, եւ եթե էս կյանքում ինձ համար դեռեւս անհասկանալի ու անբացատրելի բաներ կան, դրանցից մեկը բոլորիս կողմից Բերդաձորի Անդոյի մոռացության մատնվելն է. նույն Բերդաձորի Անդոյի, ում մասին իր կենդանության օրոք արդեն բազմաթիվ  լեգենդներ կային հյուսված, ու նաեւ անհասկանալի ու անբացատրելի է այն, որ Անդոյի մահից հետո էդ բոլոր լեգենդները մեկը մյուսի հետեւից հօդս ցնդեցին, ու հիմա դրանցից մեկն անգամ չեմ հիշում, որ ձեզ համար շարադրեմ, եւ չնայած «գնա մեռի՝ արի սիրեմ»-ը մեզնից է դուրս եկել, եւ չնայած մենք նույնիսկ մահացած վատերին ենք լավ կողմերով հիշում, Բերդաձորի քաջարի հրամանատար Անդոյին ընդհանրապես ենք մոռացության մատնել, եւ սա մեզնից չի, որովհետեւ մենք ֆիդայապաշտ ժողովուրդ ենք, իսկ Բերդաձորի Անդոն իր ժամանակի լավագույն ֆիդայիներից էր, եւ սա ոչ թե իմ կարծիքն է, այլ՝ Անդոյի ջոկատի տղերքից Գեւորինը, ով եւս հնարավորինս մոռացության է մատնված եւ մայրաքաղաքի խանութներից մեկում ամսական հիսուն հազար դրամով պահակություն է անում՝ հուսալով, որ նոր տարուց հետո աշխատավարձը վաթսուն հազար կդարձնեն, եւ չնայած մի քանի անգամ էլ են խոստացել ու խաբել, Գեւորը հույսը չի կորցնում եւ իր բախտից առանձնապես դժգոհ էլ չի, եւ Աստծո կողմից իրեն վարձատրված է զգում, եւ նույնիսկ իրեն  մեղավոր էլ է զգում, որ իր զինակիցներից շատերը զոհվեցին, իսկ ինքը ողջառողջ պահակություն է անում՝ հուսալով, որ նոր տարուց հետո  աշխատավարձը վաթսուն հազար կդարձնեն:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել