Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության նախարարի դեմ քաղաքացու պահանջը դատարանը համարում է «վիճարկման հայցատեսակ»

Հուլիս 15,2015 14:00

Հայցվոր Իրինա Սողոմոնյանը ՀՀ քաղաքաշինության
նախարարության դեմ դատական վեճ ունի

Վարչական դատարանում Իրինան արդեն պարտվել է եւ վարչական վերաքննիչ դատարանում այս գործի քննությունը շարունակվում է:

Նա վիճարկում է ՀՀ քաղաքաշինության նախարարի 2010թ. սեպտեմբերի 3-ի թիվ 103 հրամանի թիվ 3 հավելվածը:

Սեպտեմբերի 3-ին քաղաքաշինության նախարարը նշյալ հրամանի համաձայն փոխել էր իր նախորդ՝ նույն տարվա փետրվարի 23-ի թիվ 29 հրամանը եւ «Լոռու մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի» շրջանակներում հաստատվել էին բնակելի տուն ստացողների անունները:

ասնավորապես, ընդգրկված էր նաեւ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի բնակելի տուն ստացող Վարդգես Ներսիսյանի 9 անձից բաղկացած ընտանիքը:

Քաղաքաշինության նախարարը, սակայն, մեկ այլ հրաման էլ է արձակել:

Նա իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով, պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակելի տուն ստացողների ցուցակում համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկություններն է հիմք դարձրել:

Այսինքն, քաղաքացիներին հաշվառողը եւ հաշվառման ցուցակների պատասխանատուն համայնքի ղեկավարն է, որին վերապահված է նաեւ նույնիսկ ցուցակում փոփոխություն կատարելը:

Հայցվորի տեղեկացմամբ, սակայն, Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի ղեկավարի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 15-ին հաստատված՝ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակից քաղվածքի վավերացված պատճենում եւ Կաթնաջուր համայնքի բնակարանային հարցերի հանձնաժողովի կազմած «Բնակարանային պայմանների ստուգման ակտի» համաձայն՝ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում Վարդգես Ներսիսյանի ընտանիքը հաշվառվել է առանց Նունե Գեորգյանի, Նվարդ եւ Սեդա Ներսիսյանների։ Նրանք այս վեճի շրջանակներում պատասխանողներ են:

Հետեւաբար, ըստ դատարան դիմած Իրինա Սողոմոնյանի, պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակելի տուն ստացողների ցուցակում Վարդգես Ներսիսյանի ընտանիքը պետք է ընդգրկվեր 6 անձով, ոչ թե՝ 9։

ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի 13-ի թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության» կարգի համաձայն էլ, բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների հաշվառման ժամանակ ընտանիքի կազմը որոշվում է երկրաշարժի պահին տվյալ բնակավայրի տնտեսությունների հաշվառման գրքում գրանցված, ինչպես նաեւ հաշվառման պահին ընտանիքի փաստացի անդամների թվով, որպես մեկ ընտանիք։

Հայցվորի դիրքորոշմամբ, եւ դատարան ներկայացրած Կաթնաջուր համայնքի 2006-2010 թվականների տնտեսությունների գրքի Վ. Ներսիսյանի ընտանիքի վերաբերյալ քաղվածքի համաձայն, նշված 3 անձերի անունների դիմաց առկա է գրառում այն մասին, որ նրանք 26.04.2003թ.-ից ժամանակավոր բացակայում են բնակավայրից։
«Նշված նշումից հետեւում է, որ Նունե Գեորգյանը, Սեդա եւ Նվարդ Ներսիսյանները հաշվառման պահին Կաթնաջուր համայնքում ընդհանրապես չեն բնակվել, Վարդգես Ներսիսյանի ընտանիքի անդամներ չեն հանդիսացել եւ բնակարանային պայմանների բարելավման ծրագրից օգտվելու իրավունք չունեն»,- պնդել է հայցվորը։

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը դատարան ուղարկած իր պատասխանում նշել էր, որ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի ղեկավարի կողմից քաղաքացիների ցուցակում հաշվառված է Իրինա Սողոմոնյանի ամուսնու հայրը՝ Վարդգես Ներսիսյանը, ընտանիքի 5 անձով` 3-սենյականոց բնակարան ստանալու համար։ Փաստացի անդամների թվով, որպես մեկ ընտանիք Վարդգես Ներսիսյանի ընտանիքն ընդգրկվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 103 հրամանով հաստատված՝ ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակելի տուն ստացողների ցուցակում՝ 9 անձով՝ 5-սենյականոց բնակելի տուն ստանալու համար։

Ընտանիքում անձնական հարաբերությունները փոխվել են, ծնվել են երեխաներ, սակայն ամուսնալուծված լինելու հանգամանքը չէր կարող պատճառ դառնալ՝ երեխաներին բնակարանից զրկելու համար:

Քաղաքաշինության նախարարության դիրքորոշումը նաեւ սա էր. պատասխանող Ն.Գեւորգյանին եւ իր 2 երեխաներին չդիտարկելու դեպքում ՀՀ կառավարության 2008 թ.նոյեմբերի 13-ի թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն «Վ.Ներսիսյանի ընտանիքի համար կկառուցվեր 4-սենյականոց բնակելի տուն, մինչդեռ՝ Վ.Գրիգորյանի 9 անձից բաղկացած ընտանիքին հասանելիք՝ 5-սենյականոց բնակելի տան շինարարական աշխատանքները ներկայումս գտնվում են ավարտական փուլում»։

Դատարանի գնահատմամբ էլ, ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանում փոփոխություն կատարելու եւ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի բնակիչ Վ. Ներսիսյանի 9 անձի փոխարեն 6 անձով դիտարկելու համար, առկա չէ իրավական սահմանված որեւէ հիմք։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031